Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:
Բարձրաստիճան հյուրին պետական պատիվներով դիմավորելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական համագումարների (խորհրդարանի) շենքի մոտ:
Նախքան Պեկին մեկնելը Մակրոնն ասել է, որ չինացի պաշտոնակցի հետ մտադիր է ի շարս այլ հարցերի քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր և վաղը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով:
Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում քննարկվել է պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը:
Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, թե մոտ ապագայում յուրաքանչյուր անդամ երկիր պետք է իր համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը տրամադրի զինված ուժերի հզորացմանը:
Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնելու որոշումը պետք է ընդունվի այս տարվա հուլիսին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Երեկվա հավաքում Ստոլտենբերգը վերստին խոսել է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ու, մասնավորապես, Բելառուսի տարածքում մարտավարական նշանակության միջուկային զենք տեղակայելու որոշման մասին, հիշեցնելով, որ այդ հայտարարությունից ընդամենն օրեր առաջ Ռուսաստանը և Չինաստանը հրապարակել են համատեղ հռչակագիր, որով պարտավորվել են միջուկային զենք չտեղակայել իրենց սահմաններից դուրս:
«Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու մասին հայտարարությունը հրապարակվել է ռուս-չինական համաձայնության ընդունումից հետո: Սա ընդամենն ապացուցում է, որ Ռուսաստանը դատարկ խոստումներ է տալիս, մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք Ռուսաստանի քայլերին», - ասել է Ստոլտենբերգը:
Միացյալ Թագավորությունն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի տեսահեռարձակումը, որի ընթացքում այսօր Ռուսաստանի հրավերով պետք է ելույթ ունենար երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Ռուսաստանցի պաշտոնյան, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետախուզվում են Միջազգային քրեական դատարանի կողմից:
«Մարիա Լվովա-Բելովան, ենթադրաբար, պատասխանատվություն է կրում ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման ռազմական հանցագործությունների համար: Նրան ՄԱԿ-ի հարթակ պետք չէ տրամադրվել ապատեղեկատվություն տարածելու համար: Եթե Մարիա Լվովա-Բելովան ցանկանում է պատմել իր գործողությունների մասին, նա կարող է դա անել Հաագայում», - հայտարարել է բրիտանական պատվիրակությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը այսօր պաշտոնական հանդիպում է կազմակերպել «հակամարտության գոտուց երեխաների տարհանման» թեմայով և Լվովա-Բելովային հրավիրել ելույթ ունենալու։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին «Թվիթեր»-ում գրել է, որ Մոսկվան Լվովա-Բելովայի ելույթը կկազմակերպի այլընտրանքային հեռարձակմամբ։
Առաջին պաշտոնական այցով Լեհաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սա Զելենսկու երրորդ արտասահմանյան ուղևորությունն է պատերազմի մեկնարկից ի վեր։
Լեհաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Վարշավայում Զելենսկին կհանդիպի լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկիի, մի շարք նախարարների հետ, ինչպես նաև ուղերձով կդիմի լեհերին և հարևան այդ երկրում ապաստանած ուկրաինացի փախստականներին։
Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցող ևս երկու վրացի է սպանվել։ Զոհվածների անուններն ու մահվան հանգամանքները դեռևս չեն հաղորդվում։
Անցած շաբաթ հայտնի դարձավ Բախմուտում 29-ամյա Միխայիլ Մազանաշվիլիի մահվան մասին, որը նույնպես որպես կամավոր միացել էր ուկրաինական զինված ուժերին։
Վրացական աղբյուրների համաձայն, Ուկրաինայում, պատերազմի մեկնարկից ի վեր, զոհվել է 41 վրացի։
The Wall Street Journal-ի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչը, ով Ռուսաստանում ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով, ապրիլի 4-ին առաջին անգամ հանդիպել է փաստաբանների հետ, հայտնել է թերթի գլխավոր խմբագիր Էմմա Թաքերը նամակում, որն ուղարկվել է հրատարակության աշխատակիցներին, փոխանցում է Reuters-ը։
«Էվանի առողջական վիճակը լավ է, և նա շնորհակալ է ամբողջ աշխարհից աջակցության համար», - գրել է Թաքերը։
Նամակի տեքստում նշվում է նաև, որ Էվանի ընտանիքը «շունչ է քաշել, երբ իմացել է, որ վերջապես կապ է հայտնվել նրա հետ»։
Թաքերը հավելել է, որ Գերշկովիչը կալանքը բողոքարկել է փաստաբանների միջոցով։
Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմը քրտնաջան աշխատում է նրան ազատ արձակելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր սկսում են եռօրյա այցը Չինաստան:
Ելիսեյան պալատն ավելի վաղ մամուլին տեղեկացրել էր, որ ուկրաինական իրադարձությունները լինելու են Չինաստանի իշխանությունների հետ քննարկումների կենտրոնում։
Իր հերթին, ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Կատրին Կոլոննան օրեր առաջ նշել էր, որ Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավարությանը զգուշացնել Ռուսաստանին «ռազմական աջակցությունից զերծ մնալու» կարևորության մասին։
Հաղորդվում է նաև, որ Մակրոնի հետ Չինաստան կմեկնի ֆրանսիացի գործարարների մեծ պատվիրակություն։
«Սա իսկապես պատմական օր է, որովհետև շատ շուտով, ինչպես ասաց գլխավոր քարտուղարը, մենք կողջունենք Ֆինլանդիայի մուտքը դաշինք։ Ինձ մոտ գայթակղություն առաջացավ ասելու, որ սա հավանաբար միակ բանն է, որի համար մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Պուտինին», - Բրյուսելում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
Բլինքենը Բրյուսելում հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ռազմական դաշինքներին միանալու հարցում ավանդաբար չեզոք դիրքորոշում որդեգրած Շվեդիան և Ֆինլանդիան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացրեցին։
Շվեդիայի հայտը Թուրքիայի և Հունգարիայի կողմից վավերացվելու կարիք ունի, իսկ Ֆինլանդիան դառնում է ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։
Այս գիշեր Օդեսայի վրա գրոհած 17 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 14-ը, որոնցից 13-ը՝ Օդեսայի շրջանի երկնքում, իսկ մեկը՝ Նիկոլաևի շրջանի, ասել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը:
Նրա խոսքով՝ անօդաչուներից մեկը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ձեռնարկությանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն մինչև առավոտ փրկարարներին հաջողվել է մարել այն։ «Նախնական՝ առանց մարդկային կորուստների»,- հավելել է Բրատչուկը։
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցչի փոխանցմամբ՝ խոսքը իրանական արտադրության «Շահեդ-136» և «Շահեդ-131» հարձակողական անօդաչուների մասին է։
Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը, իր հերթին, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումների մասին։
«Զոհեր չկան, պայթուցիկ սարքի արձակման հետևանքով վնասվել է շրջանային զինկոմիսարիատի շենքը», - երեկ իր Տելեգրամ ալիքում գրել է Բոգոմազը։