Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունի գործը վերաորակվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ահաբեկչական գործողություն», հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեն իր Telegram ալիքում։
«Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Դարյա Տրեպովան։ Նրա հետ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Հետաքննությունն ապացույցներ ունի, որ հանցագործության պլանավորումն ու կազմակերպումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից», - ասված է հաղորդագրությունում:
Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր սպանության հատկանիշներով:
Սանկտ Պետերբուրգի սրճարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունից զոհվել է Դոնբասի ռուս անջատական, նախկին զինյալ, բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին` Մաքսիմ Ֆոմինը:
Վերջին տվյալներով՝ տուժել է 40 մարդ, այդ թվում՝ 3 դեռահաս։ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 մարդ, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, հաղորդում է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:
Ռուսաստանը Եվրամիությունը համարում է ոչ-բարեկամական կառույց, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եվրամիությունը կորցրեց Ռուսաստանը: Բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին, ինչպես իրենք են ասում՝ ռազմավարական պարտություն հասցնելու անհրաժեշտության մասին։ Նրանք զենք-զինամթերքով են ապահովում Կիևի հանցավոր ռեժիմը, հրահանգիչներ և վարձկաններ են ուղարկում Ուկրաինա։ Այդ պատճառով մենք ԵՄ-ը համարում ենք ոչ-բարեկամական միություն»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով, «ի պատասխան թշնամական քայլերի՝ Մոսկվան կգործի անհրաժեշտության դեպքում կոշտ, առաջնորդվելով Ռուսաստանի ազգային շահերով և դիվանագիտական պրակտիկայում ընդունված փոխադարձության սկզբունքով»։
Լավրովն ասել է, որ փոխվել է իր արտասահմանյան ուղևորությունների աշխարհագրությունը, և այժմ այն արտացոլում է «ռուսական առաջնահերթությունները միջազգային ասպարեզում», որոնք ամրագրված են արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում։
«Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար», - Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարեց «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» տված բացառիկ հարցազրույցում։
Ուկրաինայում ավերիչ պատերազմի մեկնարկից 13 ամիս անց էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատում է՝ կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավատում է, որ Ուկրաինան կկարողանա ռազմական ճանապարհով ազատագրել Ղրիմը, և պատրա՞ստ են այդ հարցում ևս քաղաքական ու գործնական աջակցություն տրամադրել Կիևին, Ստոլտենբերգն արձագանքեց․ - «Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության կամ Ուկրաինայի տարածքը պաշտպանելու իրավունքին, և մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։
Թեև վերջին շաբաթներին ռուսական կողմն ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի արևելքում միանգամից մի քանի ուղղություններով, Ուկրաինայի զինվորական ղեկավարությունը հայտարարում է առաջիկա շաբաթներին նոր հակահարձակման պլանների մասին։ Թե ինչով կպսակվեն Կիևի ծրագրերը, Ստոլտենբերգը խուսափեց կանխատեսումներ անել. - «Պատերազմներն իրենց էությամբ անկանխատեսելի են։ Կարծում եմ՝ հիմա ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը և ինչպես այն կզարգանա ընթացիկ տարում»:
Արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ այդ հակահարձակումը սկսելու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային անհրաժեշտ օգնություն են տրամադրում։
Հարցին , թե որքանո՞վ է հավանական ներկայիս ճակատային գիծը սառեցնելու սցենարը, և ինչպե՞ս դա կազդի պատերազմի ընթացքի վրա, ՅԵնս Ստոլտենբերգը պատասխանեց՝ Կիևի դաշնակիցների պարտականությունն է թույլ չտալ նման սցենար։
«Քանի որ մենք կցանկանայինք, իհարկե, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի ազատագրել ավելի շատ տարածքներ և դուրս մղի նախագահ Պուտինի զինվորներին, և այդ ժամանակ դա կարող է ինչ-որ բանակցությունների համար պայմաններ ստեղծել։ Կրկին, Ուկրաինան է որոշողը, թե որոնք են ընդունելի պայմանները բանակցությունների համար, ինչն է ընդունելի արդյունքը: Բայց մենք գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, անմիջականորեն կապված է մարտադաշտի հզորության հետ: Այնպես որ, եթե մենք ցանկանում ենք բանակցային լուծում, որի դեպքում Ուկրաինան հաղթանակ կտոնի որպես անկախ ինքնիշխան պետություն, ուրեմն մենք այսօր պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն այսօր անցկացրած խորհրդակցությունում ասել է, որ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին՝ հակամարտությունը ընդլայնելու ռիսկեր է ստեղծում, բայց հատուկ գործողության արդյունքի վրա ազդեցություն չի ունենա։
Ուկրաինա ներխուժելը, առանց առիթի սանձազերծած պատերազմը ռուսները «հատուկ գործողություն» են կոչում։
Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռավար կապով այսօր անցկացրած խորհրդակցությունում մի շարք հայտարարություններ է արել.
Բելառուսի գրոհային օդանավերի մի մասը արդեն հնարավորություն ունի հակառակորդի օբյեկտներին հարվածել միջուկային պարունակություն ունեցող զենքով։
Բելառուսին նաև տրամադրվել է "Искандер-М" համակարգ, որը կարող է միջուկային հրթիռներ օգտագործել։
ՆԱՏՕ-ն ուժեղացնում է հակառուսական կուրսը, ինչը տանում է հակամարտության սրացման։
Բախմուտի, Ավդեևկայի, Լիմանի, Կուպյանսկի ուղղություններով մարտական գործողությունները պլանավորված զարգանում են։
Արևմուտքը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ավելի քան 200 տանկ, նաև դիտարկվում է մինչև 300 կիլոմետր հեռահարության ATACMS հրթիռներ և F-16 կործանիչներ տրամադրելու հնարավորությունը։
Ռուսական բանակը նպատակաուղղված ոչնչացնում է Ուկրաինա ուղարկված արևմտյան սպառազինությունները՝ ոչնչացվել է HIMARS-ի 14 համակարգ։
ՄԱԿ-ը հաստատել է առնվազն 501 երեխայի մահը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:
«Իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է, իսկ տուժած ընտանիքների կորուստներն աներևակայելի են», - գրել է նա Twitter-ում:
Բացի այդ, վիրավորվել է գրեթե 1000 ուկրաինացի երեխա, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «տեսանելի և անտեսանելի վերքերը, որոնք երեխաները ստանում են պատերազմի ժամանակ, կարող են նրանց հետ մնալ ողջ կյանքի ընթացքում»։
Մինչդեռ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության` 2023 թվականի ապրիլի 3-ի դրությամբ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 467 երեխա, ևս 944 երեխա տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։
Ուկրաինա է վերադարձել 12 գերեվարված անձ, այդ թվում՝ հինգ ծանր վիրավոր զինծառայող, հայտնում է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգման շտաբը։
Տուն վերադարձածներից տասը ուկրաինացի զինվորներ և Ուկրաինայի զինված ուժերի սերժանտներ են, որոնք գերի են ընկել Բախմուտի, Դոնեցկի մարզի, ինչպես նաև Լուգանսկի շրջանի գյուղերի մոտ։
Վերադարձված նախկին գերիների թվում կա նաև երկու խաղաղ բնակիչ, որոնք պատանդ են վերցվել Մարիուպոլում և Խարկովի մարզի Լիպցի գյուղում։
Մարտի 24-ին Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել ծանր վիրավոր գերիների։
Մարտի 7-ին Ուկրաինան և Ռուսաստանը կրկին ռազմագերիների փոխանակում էին իրականացրել, ինչի արդյունքում 130 ուկրաինացի և 90 ռուսաստանցիներ վերադարձել էին հայրենիք։
Արևմտյան մամուլի պնդմամբ՝ Լեհաստանն արդեն իսկ Ուկրաինային է փոխանցել խորհրդային արտադրության ՄԻԳ-29 մակնիշի մի քանի կործանիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Մարտին Փշիդաչը՝ չհստակեցնելով, սակայն, Կիևին փոխանցված օդանավերի հստակ քանակությունը։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Վարշավան Ուկրաինային կփոխանցի լեհական բանակի զինանոցում գտնվող ՄԻԳ-29-երից չորսը։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինի պնդմամբ՝ «Բախմուտ քաղաքը իրավաբանորեն ռուսական ուժերի վերահսկողության տակ է»։
«Վագների» ղեկավարի խոսքով, իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին հաջողվել է գրավել Բախմուտի քաղաքապետարանի շենքը՝ դրա կտուրին ռուսական դրոշ տեղադրելով։ Դոնեցկի ռուսական վարչակազմի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով, ռուսական զորքերը ընդհուպ մոտեցել են Բախմուտի երկաթուղային կայարանին։
«Ուկրաինական զորքերը այժմ դիրքավորվել են քաղաքի արևմտյան թաղամասերում», - հայտարարել է Պուշիլինը։
Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում սպանված ազգայնական բլոգեր Վլադլեն Տատարսկու դեմ մահափորձը կազմակերպել են Ուկրաինայի իշխանությունները՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակիցների օժանդակությամբ։
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն՝ պնդելով, որ Տատարսկու սպանությունը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները՝ «այն գործակալների ներգրավմամբ, որոնք համագործակցում են Նավալնու ստեղծած այսպես կոչված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետ»։
«Այս գործի շրջանակներում ձերբակալված Դարյա Տրեպովան այդ կառույցի ակտիվ աջակիցներից է», - հայտարարում է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։