Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին՝ ուշ երեկոյան Ուկրաինայից մեկնել է Լեհաստան:
Ուկրաինա կատարած անակնկալ այցի ընթացքում Բայդենը հանդիպել է իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ և ռազմական ու ֆինանսական նոր օգնություն է խոստացել ռուսների ագրեսիան դիմագրավող երկրին:
Ջո Բայդենը վարշավյան այցի ընթացքում հանդիպում է նախագահ Անջեյ Դուդայի հետ: Երկու ղեկավարները քննարկելու են Ուկրաինային սատարելու և, մասնավորապես, նոր սպառազեն ու մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը:
ԱՄՆ նախագահը Վարշավայում պետք է հանդես գա ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով:
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հանդիպում է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Մելոնին մտադիր է նաև այցելել այս պատերազմում ռուսական բանակի վայրագությունների թիրախ դարձած Բուչա և Իրպեն բնակավայրեր: Դա Մելոնիի առաջին այցն է Ուկրաինա:
Իտալիայի վարչապետը մի քանի առիթներով ընդգծել է, որ Հռոմը միանշանակ սատարում է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության դիրքորոշումը և կշարունակի աջակցություն տրամադրել Կիևին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց: Այդ մասին համապատասխան նախազգուշացումը տեղադրվել է արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջում:
Նախարարությունը հորդորում է առավելապես զգոն լինել փետրվարի 20-26-ի ընթացքում, երբ Ռուսաստանում նախատեսվում են մի շարք պաշտոնական միջոցառումներ, որոնց կապակցությամբ տեղական իշխանությունները կձեռնարկեն անվտանգության լրացուցիչ միջոցներ:
Նախարարության էջում ուղիղ չի նշվում, մինչդեռ, վերլուծաբանների համոզմամբ, խոսքը Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման առաջին տարվա, նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաամյա ուղերձի, խորհրդարանի երկու պալատների արտահերթ նիստերի և ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվա միջոցառումների մասին է:
Արդեն Ռուսաստանի տարածքում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին նախարարությունը կոչ է անում զգոնություն դրսևորել և խուսափել մարդկանց մեծ կուտակումներից:
Նախարարությունը նշում է, որ կոնֆլիկտային իրավիճակների ծագման դեպքում, օրինակ, եթե երկքաղաքացիներին ռուսները զորակոչի ենթարկեն, Գերմանիան հյուպատոսական օգնություն չի կարող ապահովել այդ մարդկանց համար:
Նախարարությունը նաև կոչ է անում չմեկնել Ուկրաինայի սահմաններին մոտ գտնվող ռուսաստանյան շրջաններ:
Եվրամիությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի Ուկրաինան ունենա բավականաչափ զինամթերք ռուսական ներխուժմանը դիմակայելու համար, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։
«Սա ամենահրատապ խնդիրն է։ Եթե մենք դրանով չզբաղվենք, պատերազմի արդյունքը վտանգված կլինի»,- ասել է Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ:
«Ռուսական հրետանին օրական արձակում է մոտ 50 հազար կրակոց, և Ուկրաինան պետք է ունենա նույն մակարդակի կարողություններ»,- հավելել է նա:
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, հաղորդում է Եվրամիության պաշտոնական պարբերականը։
Ընդգծվում է, որ «Եվրամիությունը հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում»։
ԵՄ խորհուրդը նախօրեին արտգործնախարարների մակարդակով քննարկել էր Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, հայտնել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ռուսաստանը նախապես տեղեկացված է եղել նախագահ Բայդենի՝ Ուկրաինա կատարելիք այցի մասին», - այսօր հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Միացյալ Նահանգները, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու նպատակով, Ռուսաստանին տեղեկացրել է Բայդենի՝ Կիև այցելելու մտադրության մասին»,- հայտարարել է Սալիվանը։
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` պաշտոնական Մոսկվան ԱՄՆ նախագահի այցի մասին տեղեկացվել է դրա մեկնարկից հաշված ժամեր առաջ։
«Միացյալ Նահանգները առաջիկայում Ուկրաինային ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և Himars համակարգեր», - այսօր Կիևի կատարած անակնկալ այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բյադենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բայդենը կրկին վերահաստատել է Ուկրաինային աջակցելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը։
«Միացյալ Նահանգները Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոսներ գտնվող պետությունների կոալիցիա է ձևավորել, որպեսզի պաշտպանի Ուկրաինան ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության միջոցով։ Եվ այդ աջակցության ցուցաբերումը շարունակվելու է», - հայտարարել է Բայդենը։
«Միացյալ Նահանգները առաջիկայում Ուկրաինային ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և Himars համակարգեր», - այսօր Կիևի կատարած անակնկալ այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բյադենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բայդենը կրկին վերահաստատել է Ուկրաինային աջակցելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը։
«Միացյալ Նահանգները Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոսներ գտնվող պետությունների կոալիցիա է ձևավորել, որպեսզի պաշտպանի Ուկրաինան ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության միջոցով։ Եվ այդ աջակցության ցուցաբերումը շարունակվելու է», - հայտարարել է Բայդենը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր անակնկալ այցով ժամանել է Կիև։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
BBC-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին կայանալու են ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների բանակցությունները։
«Մինչ մոտենում ենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցին, այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկուն և վերահաստատելու մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքինիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը:
Բայդենի այցի մասին նախապես չէր հայտարարվել։
«Թուրքիան քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու համար», - այսօր Անկարայում Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք խնդրել ենք ամերիկյան կողմին, որպեսզի տեղեկացնի մեզ՝ արդյոք նման դեպքեր կա՞ն։ Իմ կողմից, սակայն, կարող եմ վստահեցնել, որ Թուրքիան որևէ ապրանքատեսակ, որ կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությունում, Ռուսաստան չի արտահանում», - ասել է Չավուշօղլուն։