Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:43 20.2.2023

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին այսօր կայցելի Ուկրաինա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Իտալական լրատվամիջոցները, մինչդեռ, հայտնում են, որ այցը կկայանա վաղը։ Ըստ Corriere della Sera-ի՝ Մելոնին երկուշաբթի օրը մեկնելու է Վարշավա, իսկ այնտեղից՝ Կիև։

Reuters-ի փոխանցմամբ՝ Մելոնին ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է այցելել Ուկրաինայի մայրաքաղաք ռուսական ներխուժման նախօրեին։

Հունվարի վերջին Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել էր, որ Իտալիան Ֆրանսիայի հետ միասին ավարտում է Ուկրաինա SAMP-T զենիթահրթիռային համակարգեր ուղարկելու նախապատրաստական աշխատանքները։

14:41 20.2.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնն աջակցություն է հայտնել Ուկրաինային ռազմական օգնության ավելացմանը և Զելենսկու առաջարկած՝ 10 կետից բաղկացած խաղաղության բանաձևին։

14:40 20.2.2023

Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ պաշտպանության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում, ինչպես նաև արտահանման վերահսկման լրացուցիչ մեխանիզմներ սահմանել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

«Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է գործի դնել արտահանման նոր հսկողություն և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ՝ ուղղված նրա առանցքային ոլորտներին», - նշում է գործակալությունը։

«Միջոցներն ուղղված կլինեն Ռուսաստանի պաշտպանության և էներգետիկայի ոլորտներին, ֆինանսական հաստատություններին և մի քանի անհատների», - ասել են Bloomberg-ի աղբյուրները` անանուն մնալու պայմանով:

14:38 20.2.2023

Մյունխենում կիրակի օրն ավարտվեց անվտանգության հարցերով միջազգային համաժողովը։

Փակելով ֆորումը՝ դրա նախագահ Քրիստոֆ Հոյսգենը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ տարի անձամբ կկարողանա մասնակցել համաժողովին։ Նման քայլը «կնշանակի, որ այս սարսափելի պատերազմն ավարտված է», - ասել է Հոյսգենը։

Ամփոփելով եռօրյա համաժողովի արդյունքները՝ ֆորումի ղեկավարը կոչ է արել Եվրոպային ավելացնել պաշտպանական ծախսերը։

«Մենք պետք է կարողանանք աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդլայնել սեփական պաշտպանությունը», - ասել է նա։

Համաժողովի հիմնական թեման էր պատերազմը Ուկրաինայում:

Բոլոր արևմտյան առաջնորդները, ովքեր ելույթ ունեցան Մյունխենում, միակարծիք էին, որ քանի դեռ Ռուսաստանը և նախագահ Պուտինը պատրաստ չեն զորքերը դուրս բերել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից, Կիևին պետք է աջակցեն ռազմական, քաղաքական, հումանիտար և ֆինանսական միջոցներով։ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջատար քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններում ընդգծել են՝ Պուտինը չպետք է հաղթի պատերազմում։

Ռուսական պատվիրակությունը համաժողովին հրավիրված չէր:

16:21 19.2.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում ուշադրություն կդարձնի «հատուկ ռազմական գործողությանը» (Ուկրաինայի դեմ պատերազմին-խմբ.), ասել է նրա մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ այժմ բոլորը սպասում են դրա վերաբերյալ երկրի առաջնորդի գնահատականին։

«Իհարկե, մեր զարգացման, մեր կյանքի նման պատասխանատու և շատ դժվար փուլում բոլորը սպասում են ուղերձի՝ հույս ունենալով լսել տեղի ունեցողի, հատուկ ռազմական գործողության մասին գնահատականը, միջազգային իրավիճակի վերաբերյալ, նաև նախագահի տեսլականը, թե ինչպես ենք մենք հաղթահարում դա և ինչպես ենք պատրաստվում հետագայում զարգանալ», - ասել է Պեսկովը։

15:05 19.2.2023

Ֆրանսիան ցանկանում է տեսնել Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում, բայց ոչ Ռուսաստանի լիակատար ջախջախումը, փետրվարի 18-ին Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Le Figaro և Le Journal du Dimanche թերթերին ու France Inter հեռուստակայանին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Արևմուտքը մերժում է բուն Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու գաղափարը:

«Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, և ես ուզում եմ, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր դիրքերը, բայց ես համոզված եմ, որ ի վերջո այս [պատերազմը] ռազմական ճանապարհով չի ավարտվի»,- իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահը։

Չնայած նա հույս է հայտնել, որ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայի հաջողությունները ռազմի դաշտում Ռուսաստանին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, միաժամանակ խոստովանել է, որ այժմ «Մոսկվայի հետ երկխոսության ժամանակը չէ»։ Մակրոնը կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական հարձակում, որը կկործանի ռուսական ճակատը, ինչը կհրահրի վերադառնալ բանակցություններին։ Նրա համոզմամբ՝ «կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ հաղթել»՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան։

15:04 19.2.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինին նախազգուշացրել է հետևանքների մասին, որ կարող են լինել Չինաստանի համար Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա աջակցելու դեպքում։

Չինացի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է, որ Պեկինը դիտարկում է զենք մատակարարելու հարցը Մոսկվային։

«Մենք շատ անհանգիստ ենք, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայում մահաբեր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։ Ես հասկացրել եմ, որ դա լուրջ հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների վրա», - ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը շուտով կհրապարակի ավելի շատ մանրամասներ:

Երկու գերտերությունների բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են չբացահայտված վայրում՝ Մյունխենում գլոբալ անվտանգության համաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ, ելույթ ունենալով համաժողովի ժամանակ, Վան Ին կրկնել էր երկխոսության կոչը և առաջարկել եվրոպական երկրներին «հանգիստ մտածել» այն մասին, թե ինչպես վերջ տալ պատերազմին:

19:30 18.2.2023

Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ հիմա ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակն է։

Նա ասել է, թե քրտնաջան աշխատում է, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան կարողանան անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին մինչև գալիք հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Ստոլտենբերգն անդրադարձել է նաև ռուս - ուկրաինական պատերազմի հարցում Չինաստանի դիրքորոշմանը։

«Պեկինն ուշադիր հետևում է՝ տեսնելու, թե ինչ գին է վճարելու Ռուսաստանը կամ ինչ պարգև է ստանալու իր ագրեսիայի համար», - ասել է Ստոլտենբերգը և հավելել՝ այսօր ինչ կատարվում է Եվրոպայում, վաղը կարող է տեղի ունենալ Ասիայում։










17:12 18.2.2023

Ուկրաինայի ինը մարզերից այսօր հաղորդել են, որ ռուսական ուժերի կողմից ենթարկվել են հրթիռակոծման, հրետակոծման և ավիահարվածների։ Հրթիռներ են արձակվել նաև Սև ծովից։ Դոնեցկի, Խարկովի ու Խերսոնի մարզերում ընդհահուր առմամբ 5 մարդ է զոհվել, կան վիրավորներ, ավերածություններ։

Ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական նավատորմը Սև ծովից «Կալիբր» տեսակի հրթիռներ է արձակել Խմելնիցկի քաղաքի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Կիևից 247 կիլոմետր դեպի արևմուտք։ Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ արձակված չորս հրթիռներից երկուսը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են, մյուս երկուսը քաղաքում պայթել են, ինչի հետևանքով հարյուրավոր պատուհաններ են փշրվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնոշենկովն այսօր ասել է, որ Դոնեցկի մարզում ռուսական ուժերը շարունակում են հարձակումը։ Նրա հայտնած տվյալներով՝ տարբեր ուղղությունների մարտական գործողություններում ոչնչացվել է 200-ից ավելի ուկրաինացի զինվոր, մի քանի զինապահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկա։

16:51 18.2.2023

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստան կատարելիք այցի ընթաքում Ուկրաինա մտնելու պլաններ չունի։

Միացյալ Նահանգների նախագահի այցը Լեհաստան նախատեսված է գալիք շաբաթվա սկզբին։ Նա Վարշավայում ելույթ է ունենալու փետրվարի 21-ին։

Բայդենը նաև հանդիպելու է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ու տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ։

ԱՄՆ-ի նախագահի այցը կատարվում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG