Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

18:31 12.2.2023

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հեռախոսով քննարկել են Արևմուտքի կողմից Կիևին հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր, հայտնում են Պենտագոնից։

Այդ հարցերն, իրենց հերթին, կբարձրացվեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հետ քննարկման ժամանակ։

Նշվում է նաև, որ Ռեզնիկովը տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:

16:18 11.2.2023

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման առաջին տարելիցի շեմին Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը կժամանի Լեհաստան, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Բայդենը պաշտոնական այցով Լեհաստանում կգտնվի փետրվարի 20-ից 22-ը։ Այցի ընթացքում Բայդենը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, բանակցություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի «Արևելյան թևը» ներկայացնող պետությունների, այսպես կոչված, «Բուխարեստյան իննյակի» ղեկավարների հետ։ Վերջին անգամ Բայդենը Լեհաստան էր ժամանել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մարտին։

16:33 10.2.2023

Փետրվարի 10-ի առավոտյան Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության ռուսական ուժերի կողմից։ Երկրի գրեթե ողջ տարածքում տագնապի ազդանշաններ են հնչել։

Հրթիռակոծվել են մայրաքաղաք Կիևը և մյուս խոշոր քաղաքները։ Պայթյուններ են լսվել Խարկովում, Կրիվոյ Ռոգում, Խմելնիցկում, Վինիցայում, Իվանո-Ֆրանկովսկում, ինչպես նաև Լվովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի ու Պոլտավայի մարզերում։

Ուկրաինական կողմը պնդում է, որ թևավոր հրթիռները արձակվել են Ռուսաստանի խորքից, դրանց մի մասը հաջողվել է ոչնչացնել Ուկրաինայի օդային տարածքում։

16:32 10.2.2023

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շարունակի էական ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

«Ուկրաինան զենքի, ավելի շատ ծանր զրահատեխնիկայի կարիք ունի: Պետք է հաշվի առնել տանկերի, ինքնաթիռների և հեռահար պաշտպանության համակարգերի անհրաժեշտությունը», - ասել է նա` հինգշաբթի երեկոյան Բրյուսելում ելույթ ունենալով Եվրամիության գագաթնաժողովին: Մեցոլայի խոսքով՝ դա կօգնի «խաղաղության հասնել»։

Եվրախորհրդարանի նախագահը նաև գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարի վրա։

«Ուկրաինայի տեղը Եվրամիությունում է: Մենք պետք է պատրաստ լինենք տեր կանգնել մեր խոսքին: Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել իր բարեփոխումների տեմպերում: Հուսով եմ, որ անդամակցության բանակցությունները կարող են սկսվել որքան հնարավոր է շուտ, պայմանով, որ Ուկրաինան կատարի բոլոր անհրաժեշտ չափանիշները», - ասել է Մեցոլան:

Ավելի վաղ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դրական է գնահատել Ուկրաինայի ջանքերը ԵՄ-ին անդամակցության նախապատրաստման գործընթացում, սակայն ևս մեկ անգամ նշել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության ժամկետներ նշել հնարավոր չէ։

Իր հերթին, ասուլիսին մասնակցած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Ուկրաինան «արագ ցույց տվեց չափազանց կարևոր բարեփոխումներ իրականացնելու և դրանում հաջողությունների հասնելու իր ընդունակությունը»։ Միաժամանակ, նա ասել է, որ Եվրահանձնաժողովի զեկույցից հետո Եվրոպական խորհուրդը մինչև տարեվերջ կորոշի այդ աշխատանքի հետագա փուլերը։

16:44 9.2.2023

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի տնօրենը լքում է պաշտոնը։ Ռուսաստանյան հեղինակավոր արվեստի թանգարանի ղեկավար Զելֆիրա Տրոգուլովան հրաժարական է տվել պատերազմին աջակցող խմբերի կողմից իր հասցեին քննադատությունների ֆոնին։

2015 թվականից թանգարանը ղեկավարող Տրոգուլովան առայժմ չի մեկնաբանել իր հեռացումը։

Անցած նոյեմբերին պատկերասրահում չեղարկվել էր Մոսկվայի ժամանակակից արվեստի բիենալեն՝ պատճառների թվում նշվել էր «ցուցանմուշների անհամապատասխանությունը տարածքին»։ "Комсомолская правда" թերթը, մինչդեռ, գրել է, որ պատկերասրահի ղեկավարությունը դեմ է արտահայտվել Դոնեցկի և Լուգանսկի արվեստագետների հայրենասիրական բնույթի աշխատանքների ցուցադրությանը:

16:42 9.2.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Ուկրաինայի Դոնեցկի մարզում և ոչնչացրել են հրետանու չորս պահեստ:

Իր ամենօրյա ճեպազրույցում նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական բանակը նաև ոչնչացրել է ամերիկյան արտադրության ռադիոտեղորոշման համակարգ և M109 Paladin հրետանային համակարգ:

Պաշտոնական Կիևն առայժմ չի մեկնաբանել ռուսական կողմի այս պնդումները:

16:41 9.2.2023

Ճապոնական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է երկու տասնյակից ավելի ռուսաստանցի գեներալ։

«Նիկկեյ» ճապոնական թերթի համաձայն՝ այդ տվյալները Տոկիոն ստացել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում։ Հրապարակման մեջ կորուստների ցանկ, մահացածների անուններ չեն նշվում:

14:49 9.2.2023

Երեկ երեկոյան Վլադիմիր Զելենսկին Փարիզում Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ խնդրել է «որքան հնարավոր է արագ» մատակարարել ծանր սպառազինություն և ռազմական ինքնաթիռներ։ Փարիզից առաջ Զելենսկին Լոնդոնում էր, որտեղ ևս ռազմական աջակցություն է խնդրել։

«Որքան արագ Ուկրաինան ստանա ծանր սպառազինություն, ինքնաթիռներ, այնքան շուտ կավարտվի ռուսական ագրեսիան, և մենք կկարողանանք վերադարձնել խաղաղությունը Եվրոպային», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինային և մտադիր ենք հասցնել հաղթանակի», - ի պատասխան՝ հայտարարել է Մակրոնը և հավելել, որ Ուկրաինան այդ հարցում կարող է վստահել Ֆրանսիային և դաշնակիցներին, ու Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում:

Գերմանիայի կանցլերն իր հերթին է պատրաստակամություն հայտնել աջակցելու Ուկրաինային՝ «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։

14:43 9.2.2023

Միացյալ Նահանգների պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չորեքշաբթի օրը խոստացել են «առավելագույն հնարավոր» օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Էնթոնի Բլինքենը և Յենս Ստոլտենբերգը հայտարարությունն արել են Վաշինգտոնում բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։

Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները «ինչպես նախկինում երբեք» հանդես են գալիս միասին՝ կապված Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անօրինական ռազմական ագրեսիան սկսելուց ի վեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ երկրին տրամադրելով մոտ 120 միլիարդ դոլարի ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն:

Դաշինքը պետք է համոզվի, որ ուկրաինացիներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս ագրեսիան զսպելու համար, ասել է Ստոլտենբերգը:

14:26 9.2.2023

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է համաշխարհային տեղեկատվական տարածքում ապատեղեկատվության և փաստերի մանիպուլյացիայի 2022 թվականի զեկույցը, որտեղ Ռուսաստանը ճանաչված է «տարվա երկիր» ապատեղեկատվություն տարածելու ասպարեզում:

Ռուսական տեղեկատվական գրոհների գլխավոր թեման Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ: Ինֆորմացիայի մեծ մասը նպատակ ունի արդարացնել Ռուսաստանի ներխուժումը: Տեղեկատվական գրոհների երկրորդ նպատակը Եվրամիությանը և նրա անդամ երկրներին վարկաբեկելն է, նշված է զեկույցում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG