Մատչելիության հղումներ

Ռուսաստանը՝ «տարվա երկիր» ապատեղեկատվության ասպարեզում. ԵՄ զեկույց


Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է համաշխարհային տեղեկատվական տարածքում ապատեղեկատվության և փաստերի մանիպուլյացիայի 2022 թվականի զեկույցը, որտեղ Ռուսաստանը ճանաչված է «տարվա երկիր» ապատեղեկատվություն տարածելու ասպարեզում:

Ռուսական տեղեկատվական գրոհների գլխավոր թեման Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ: Ինֆորմացիայի մեծ մասը նպատակ ունի արդարացնել Ռուսաստանի ներխուժումը: Տեղեկատվական գրոհների երկրորդ նպատակը Եվրամիությանը և նրա անդամ երկրներին վարկաբեկելն է, նշված է զեկույցում:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ասել է, որ Եվրամիության մասին ապատեղեկատվության մեծ մասի աղբյուրը Ռուսաստանն է կամ նրա հետ կապված գործակալները:

Զեկույցում նշված է, որ ֆեյքերը տարածվում են պաշտոնական դիվանագիտական խողովակներով, պետական լրատվամիջոցներով, որոնք հեռարձակվում են ինչպես ռուսական, այնպես էլ արտերկրի լսարանի համար, ֆեյքերն ինտերնետում տարածվում են նաև ռուսամետ կանալներով, որոնց կապը Կրեմլի, Ռուսաստանի կառավարության հետ անմիջապես չի երևում, բայց կարող է ֆինանսավորվում են Մոսկվայից:

Ռուսական քարոզչությունը փորձում է Ուկրաինան ներկայացնել որպես նացիստական պետություն, մեղադրում է Կիևին գենոցիդի, սեփական քաղաքացիներին սպանելու մեջ, ֆեյքեր տարածում, թե իբր ԱՄՆ բիոալաբորատորիաներն այնտեղ կենսաբանական զենք են մշակում՝ ուղղված ռուսական ԴՆԹ-ի դեմ: Եվրամիության զեկույցը որպես ապատեղեկատվության առավել ցուցադրական օրինակներ նշել է Sputnik և Russia Today մեդիաընկերությունները:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գնահատմամբ՝ Ռուսաստանը մոբիլիզացրել է իր բոլոր գործիքները ապատեղեկատվական արշավի և իրականությունը սիստեմատիկ կերպով խեղաթյուրելու համար:

«Մենք տեսնում ենք մարդկանց շփոթության մեջ գցելու, մոլորեցնելու փորձեր՝ իրադարձությունն անընդհատ փոխելու նարատիվներով և վարկածներով: Նպատակն այն է, որ ոչ ոք այլևս ոչնչի չհավատա, մարդիկ ասեն՝ դե ընդհանրապես բոլորը խաբում են», - նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Բորելը հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր է պայքարել կեղծ տվյալների տարածման դեմ: Նա ասել է, որ Եվրոպան մտադիր է մոտ ապագայում տեղեկատվության վերլուծության և փոխանակման կենտրոն ստեղծել, որը կպայքարի քարոզչության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG