Մատչելիության հղումներ

Բլինքենը և Ստոլտենբերգը խոստանում են «առավելագույն հնարավոր» օգնություն ցուցաբերել Ուկրաինային


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չորեքշաբթի օրը խոստացել են «առավելագույն հնարավոր» օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Էնթոնի Բլինքենը և Յենս Ստոլտենբերգը հայտարարությունն արել են Վաշինգտոնում բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։

Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները «ինչպես նախկինում երբեք» հանդես են գալիս միասին՝ կապված Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անօրինական ռազմական ագրեսիան սկսելուց ի վեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ երկրին տրամադրելով մոտ 120 միլիարդ դոլարի ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն: Նա նաև նշել է ԱՄՆ դերի կարևորությունը այս հակամարտության կարգավորման գործում։

Ստոլտենբերգն ընդգծել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հարցում Եվրամիության գործընկերների «աննախադեպ միասնության» կարևորությունը և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև համատեղ խորհրդակցությունների ու հետախուզական տվյալների փոխանակման կարևորությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծելով մարտի դաշտում հաջողությունների ազդեցությունն այդ բանակցությունների արդյունքների վրա։ Դաշինքը պետք է համոզվի, որ ուկրաինացիներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս ագրեսիան զսպելու համար, ասել է Ստոլտենբերգը:

Մոսկվան պատրաստվում է նոր հարձակումների, և դաշնակիցներն ու գործընկերները պետք է շարունակեն Ուկրաինային տրամադրել այն զենքերը, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար, հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:

XS
SM
MD
LG