Ճապոնական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է երկու տասնյակից ավելի ռուսաստանցի գեներալ։
«Նիկկեյ» ճապոնական թերթի համաձայն՝ այդ տվյալները Տոկիոն ստացել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում։ Հրապարակման մեջ կորուստների ցանկ, մահացածների անուններ չեն նշվում:
Երեկ երեկոյան Վլադիմիր Զելենսկին Փարիզում Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ խնդրել է «որքան հնարավոր է արագ» մատակարարել ծանր սպառազինություն և ռազմական ինքնաթիռներ։ Փարիզից առաջ Զելենսկին Լոնդոնում էր, որտեղ ևս ռազմական աջակցություն է խնդրել։
«Որքան արագ Ուկրաինան ստանա ծանր սպառազինություն, ինքնաթիռներ, այնքան շուտ կավարտվի ռուսական ագրեսիան, և մենք կկարողանանք վերադարձնել խաղաղությունը Եվրոպային», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային և մտադիր ենք հասցնել հաղթանակի», - ի պատասխան՝ հայտարարել է Մակրոնը և հավելել, որ Ուկրաինան այդ հարցում կարող է վստահել Ֆրանսիային և դաշնակիցներին, ու Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում:
Գերմանիայի կանցլերն իր հերթին է պատրաստակամություն հայտնել աջակցելու Ուկրաինային՝ «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։
Միացյալ Նահանգների պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չորեքշաբթի օրը խոստացել են «առավելագույն հնարավոր» օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Էնթոնի Բլինքենը և Յենս Ստոլտենբերգը հայտարարությունն արել են Վաշինգտոնում բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները «ինչպես նախկինում երբեք» հանդես են գալիս միասին՝ կապված Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անօրինական ռազմական ագրեսիան սկսելուց ի վեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ երկրին տրամադրելով մոտ 120 միլիարդ դոլարի ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն:
Դաշինքը պետք է համոզվի, որ ուկրաինացիներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս ագրեսիան զսպելու համար, ասել է Ստոլտենբերգը:
Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է համաշխարհային տեղեկատվական տարածքում ապատեղեկատվության և փաստերի մանիպուլյացիայի 2022 թվականի զեկույցը, որտեղ Ռուսաստանը ճանաչված է «տարվա երկիր» ապատեղեկատվություն տարածելու ասպարեզում:
Ռուսական տեղեկատվական գրոհների գլխավոր թեման Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ: Ինֆորմացիայի մեծ մասը նպատակ ունի արդարացնել Ռուսաստանի ներխուժումը: Տեղեկատվական գրոհների երկրորդ նպատակը Եվրամիությանը և նրա անդամ երկրներին վարկաբեկելն է, նշված է զեկույցում:
Բրիտանական արտադրության Challenger 2 տեսակի հրասայլերն այս տարվա մարտին կհասնեն Ուկրաինա:
Այդ մասին Դորսեթի կոմսությունում տեղակայված ռազմակայանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Մենք և մեր դաշնակիցներն արագացնում ենք տեխնիկայի փոխադրումն Ուկրաինա: Այն առաջնագիծ կհասնի ոչ թե շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց, այլ արդեն մի քանի շաբաթից։ Բրիտանիայում պատրաստություն անցնելու համար նախորդ շաբաթ ժամանած ուկրաիինական անձնակազմերը հաջորդ ամսվանից Challenger 2 տանկերով կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխան տարածքը»,- հայտարարել է Սունակը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, թե «ի պատասխան Վաշինգտոնի կողմից ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդարձակման, Ռուսաստանը մշտական կարգով արգելում է 77 ամերիկացիների մուտքը Դաշնություն»:
Այդ ցանկում են ոչ միայն ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ, այլև նրանց ընտանիքների անդամները:
Պատժամիջոցների են ենթարկվել, մասնավորապես, Վաշինգտոնի, Նյու Մեքսիկոյի նահանգապետերը, Կենտուկի նահանգի նահանգապետի դուստրը, Կալիֆորնիայի նահանգապետի կինը և այլ անձինք:
«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սանկցիաները բումերանգի վերադարձի օրենքով կհարվածեն ԱՄՆ-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոոնաշենկովն այսօր զեկուցել է ուկրաինական թիրախներին հասցված հարվածների մասին:
Նրա հավաստիացմամբ՝ Դոնեցկի ուղղությամբ ռուսներն անցած մեկ օրում ոչնչացրել են 180 ուկրաինացի զինծառայողների, մեկ հրասայլ, մեկ մեքենա և «Մստա-Բ» տեսակի մեկ հաուբից:
Սլավյանսկի և Ավդեևկայի շրջաններում ոչնչացվել է Ուկրաինայի բանակի զինապահեստ:
«Ռուսական ուժերը Խարկովում ոչնչացրել են ԱԹՍ-ների և այդ թվում «կամիկաձե» տեսակի անօդաչուների արդիականացման և սպասարկման գործարանը»,- ասել է Կոնաշենկովը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Լոնդոն այցելած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ցանկանում է այս տարի տեսնել պատերազմում Ուկրաինայի վճռական հաղթանակը:
«Պարոն նախագահող, մեր նպատակն է նպաստել այս կոնֆլիկտում Ուկրաինայի հաղթանակին, չի կարելի որևէ կերպ թույլ տալ Վլադիմիր Պուտինի ագրեսիայի հաջողությունը: Դրա համար էլ մենք ավելացնում ենք մեր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Սունակը:
Նա նշել է, որ Զելենսկու հետ քննարկել է Լոնդոնի աջակցությունը Միջազգային քրեական դատարանում Ռուսաստանի հանցանքները քննելու գործում:
Նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային տրամադրվող օգնության համար: Լոնդոնից Զելենսկին կմեկնի Բրյուսել:
Մեծ Բրիտանիան այսօր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Լոնդոն կատարած այցի օրը, նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Ցանկը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում, որտեղ նշվում է, որ «պատժամիջոցների են ենթարկվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և Վլադիմիր Պուտինի իշխանության ու հարստությունների հետ առնչություն ունեցող անձինք»:
Պատժամիջոցների ցանկում են Ձեռներեցների իրավունքների հարցով նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը, նրա որդին՝ գործարար Պավել Տիտովը, Regnum գործակալության սեփականատեր Սերգեյ Ռուդնովը:
Այդ ցուցակում է «Ռոսիա» դրամատան բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխը: Ըստ «Պրոյեկտ» վերլուծական կենտրոնի անցկացրած հետաքննության, նրա ակտիվները հասնում են 7 միլիարդ 700 միլիո ռուբլու: Այդ գումարը հավասար է մոտ 100 միլիոն դոլարի:
«Կրիվոնոգիխն ունի դուստր, ով արտաքինով աներևակայելի աստիճանի նման է Ռուսաստանի նախագահին»,- գրել է «Պրոյեկտը»:
Սանկցիաների են ենթարկվել նաև «Աերոստարտ» ընկերության ղեկավար Վիկտոր Մյաչինը, «Ռ-Ֆարմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, «Միավորված էներգետիկ համակարգեր» ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Եվգենի Շկլովը և «Էներգետիկա. Համագործակցություն. Հաջողություն» ընկերության սեփականատեր Նիկոլայ Եգորովը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ավելի քան 1300 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Լոնդոն, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի հետ և ելույթ կունենա խորհրդարանում:
Բացի այդ, Զելենսկին կայցելի Բրիտանիայում ուսումնական դասընթացների մասնակցող ուկրաինացի զինծառայողներին:
BBC հեռուստառադիոկայանի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Լոնդոնն այսօր կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Զելենսկու այցը Լոնդոն նրա երրորդ միջազգային ուղևորությունն է անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում և առաջինն այս տարում: