Pianistico միջազգային երաժշտական մրցույթի ղեկավարները չեղյալ են հայտարարել Բերգայում և Բրեշայում ռուսաստանցի աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի ելույթները:
Փառատոնի կայքում ասվում է, որ այդ որոշումն ընդունվել է Ռուսաստանի քայլերը և նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը բազմիցս անվերապահորեն հրապարակավ սատարելու Մացուևի դիրքորոշման առնչությամբ:
Ավելի վաղ Arts Against Aggression («Արվեստներն ագրեսիայի դեմ») կազմակերպության ակտիվիստները, ինչպես նաև Իտալիայում Ուկրաինայի դեսպան Յարոսլավ Մելնիկը Բերգամոյի և Բրեշայի քաղաքապետերին դիմել են Մացուևի համերգներն արգելելու ուղերձներով:
«Ուկրաինայի ժողովրդի հանդեպ մեր կարեկցանքից դրդված և ուկրաինացիներին առավել քան երբևէ մեր դրկիցները համարելով՝ մենք խնդրում ենք Pianistico փառատոնին չեղյալ հայտարարել Դենիս Մացուևի համերգները», - ասվում է Բերգամոյի և Բրեշայի քաղաքապետերի պատասխան նամակում:
Arts Against Aggression կազմակերպությունը փորձում է նաև հասնել Արեցոյում՝ Պետրարկայի թատրոնում ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի համերգների չեղարկմանը, քանի որ երգչուհին հանդիսացել է Պուտինի վստահված անձը: Անցյալ տարվա փետրվարին նա ասել է, թե դատապարտում է պատերազմը, բայց մնում է հայրենասեր և ռուսական մշակույթի նվիրյալ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին հեռահար հրթիռների և արձակման կայանների հնարավոր վաճառքին մինչև 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում, երեքշաբթի օրը հայտնել է Պենտագոնը:
Լեհաստանն ակտիվորեն արդիականացնում է իր զինված ուժերը՝ միաժամանակ իր հին զենքերի մի մասը նվիրաբերելով հարևան Ուկրաինային՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար:
Պոտենցիալ վաճառքը ներառում է հեշտ տեղաշարժվող HIMARS հրետանային հրթիռային համակարգերը, որոնց օգտագործումը Կիևին հնարավորություն է տվել առաջադիմել մարտի դաշտում։
ԱՄՆ-ը մերժել է ATACMS հրթիռներ փոխանցելու Ուկրաինայի խնդրանքը և Լեհաստանին թույլ չի տա դրանք փոխանցել Ուկրաինային առանց իր հավանության։
Լեհաստանը զորավարժություն է անցկացրել ամերիկյան Patriot համակարգերով:
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ասել է, թե բոլորը գիտեն, որ արևելյան սահմանին պատերազմ է, և անցկացվող զորավարժությունների նպատակը ագրեսորին զսպելն է։
«Մենք ցուցադրում ենք լեհական բանակի մարտունակությունը»,- ասել է նա, նշելով նաև, որ Ուկրաինայի պատերազմի փորձը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ապահովել հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը։
Patriot համակարգերը համարվում են հակաօդային պաշտպանության ամենաառաջատար միջոցներից մեկը, որն ընդգրկված է ՆԱՏՕ-ի սպառազինությունների մեջ։
Patriot -ը առաջին անգամ կիրառվել է 1991 թվականին՝ Ծոցի պատերազմում պաշտպանելով Սաուդյան Արաբիային, Քուվեյթին ու Իսրայելին։
Անցած դեկտեմբերին ԱՄՆ-ն հայտնեց Patriot համակարգեր Ուկրաինային տրամադրելու մասին՝ ռուսական ագրեսիային, օդային հարձակումներին դիմակայելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսակապով անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է, որ չնայած արևմտյան երկրների կողմից Կիևին ցուցաբերվող ռազմական աննախադեպ օգնությանը՝ ուկրաինական զինված ուժերը շարունակում են զգալի կորուստներ կրել։ Նրա ասելով՝ հունվարին ուկրաինացի 6 հազար 500 զինծառայող է զոհվել, խոցվել է 26 ռազմական օդանավ, 7 ուղղաթիռ, 208 անօդաչու թռչող սարք։ Շոյգուի բերած տվյալներով` ուկրաինական բանակը նաև 341 տանկ և զրահամեքենա է կորցրել ու համազարկային կրակի 40 ռեակտիվ համակարգ։
Շոյգուն հավաստիացրել է, որ Ուգլեդարի և Արտյոմովսկի (Բախմուտի) ուղղություններով մարտական գործողությունները հաջող են զարգանում։
Գերագույն ռադան Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակեց Իգոր Կլիմենկոյին։ Իշխող ուժի խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը սոցցանցում գրել է, որ Կլիմենկոյին ներկայացրել է վարչապետը, 321 պատգամավոր պաշտպանել է նրա առաջարկը։
2023 թվականի հունվարի 18-ին ուղղաթիռի աղետի հետևանքով զոհվեցին Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Դենիս Մոնաստիրսկին ու նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Իգոր Կլիմենկոն մինչ այս ղեկավարում էր Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։
Գերագույն ռադան այսօր հաստատեց Ուկրաինայի նախագահի առաջարկը՝ անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց գեներալ Վասիլի Մալյուկը։
Շուրջ յոթ ամիս նա փաստացի ղեկավարում էր այդ կառույցը՝ 2022-ի հուլիսից կատարելով անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները։
Այսօր վաղ առավոտյան Մոսկվայից 120 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք է պայթել։ Այս մասին սոցիալական ցանցերում արված գրառմամբ տեղեկացրել է Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Պաշտոնյայի խոսքով՝ ԱԹՍ-ն պայթել է մարզի անտառներից մեկում՝ 50 մետր բարձրության վրա։ Դրոնի պատկանելության մասին ռուսական աղբյուրները չեն հաղորդում։
Սա Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարքի ի հայտ գալու երկրորդ դեպքն է։ Առաջին անգամ մարզի տարածքում հարվածային դրոններ խոցվել էին հոկտեմբերի 12-ին՝ «Շայովկա» ավիաբազայի մերձակայքում։ Այստեղ տեղակայված է Ռուսաստանի ԶՈւ 52-րդ գվարդիական ավիացիոն գունդը։
Ռուսաստանը և Իրանը ծրագրում են Ռուսաստանի տարածքում ձեռնարկություն բացել՝ արտադրելու իրանական անօդաչու թռչող սարքեր՝ նման այն դրոններին, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ հրապարակման զրուցակիցների՝ հունվարի 5-ին իրանական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Ելաբուգա քաղաք, այցելել դատարկ տեղանք, որտեղ ապագայում նախատեսվում է գործարան կառուցել:
Տեղեկության համաձայն՝ նոր ձեռնարկությունը կկարողանա արտադրել առնվազն 6 հազար անօդաչու թռչող սարք։ Երկու երկրները նախատեսում են նաև արտադրել ավելի արագաշարժ անօդաչու թռչող սարք, որը նվազ խոցելի կլինի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար, հայտնում է WSJ-ը:
Նախագիծը երկու երկրների միջև 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մի մասն է:
Ռուսաստանցի և իրանցի պաշտոնյաները չեն արձագանքել թերթի խնդրանքներին՝ մեկնաբանել այս տեղեկությունները, նշում է The Wall Street Journal-ը:
Կիևում հերքում են պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովի մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները։
«Կառավարության պաշտպանական բլոկում այս շաբաթ փոփոխություններ չեն լինի», - Telegram-ում այսօր գրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան՝ հերքելով նախօրեին իր իսկ հնչեցրած հայտարարությունները։
Դրանց համաձայն՝ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնում պետք է փոխարիներ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը։ Այդ նույն տեղեկատվության համաձայն՝ Ռեզնիկովը պետք է զբաղեցներ ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Օրերս մամուլում հրապարակվել են հոդվածներ ուկրաինական բանակի համար պարենն ուռճացված գներով ձեռք բերելու մասին: Դրանից հետո պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը և պետգնումների վարչության փոխտնօրեն Բոհդան Խմելնիցկին հրաժարականներ են ներկայացրել: Այժմ նրանք մեղադրվում են կոռուպցիայի և Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար:
Financial Times պարբերականի փոխանցմամբ, General Dynamics ամերիկյան ընկերությունը M1 Abrams տեսակի հրասայլեր է արտադրելու Ուկրաինայի համար:
Օհայո նահանգի Լիմա ավանում ընկերության մասնաճյուղն ամեն ամիս այդ տեսակի 12 հրասայլ է արտադրում և սպասում է նախևառաջ Ուկրաինայի համար պատվերները կատարելու կարգադրության:
Financial Times-ի փորձագետները նշել են, որ Abrams տեսակի հրասայլերի սպասարկումը բավական բարդ է և վառելիքի մեծ սպառման պատճառով լուրջ նյութատեխնիկական աջակցություն է պահանջում:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինան Abrams-ներ կստանա ամենաշուտը 2023-ի տարեվերջին: