Գերագույն ռադան այսօր հաստատեց Ուկրաինայի նախագահի առաջարկը՝ անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց գեներալ Վասիլի Մալյուկը։
Շուրջ յոթ ամիս նա փաստացի ղեկավարում էր այդ կառույցը՝ 2022-ի հուլիսից կատարելով անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները։
Այսօր վաղ առավոտյան Մոսկվայից 120 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք է պայթել։ Այս մասին սոցիալական ցանցերում արված գրառմամբ տեղեկացրել է Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Պաշտոնյայի խոսքով՝ ԱԹՍ-ն պայթել է մարզի անտառներից մեկում՝ 50 մետր բարձրության վրա։ Դրոնի պատկանելության մասին ռուսական աղբյուրները չեն հաղորդում։
Սա Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարքի ի հայտ գալու երկրորդ դեպքն է։ Առաջին անգամ մարզի տարածքում հարվածային դրոններ խոցվել էին հոկտեմբերի 12-ին՝ «Շայովկա» ավիաբազայի մերձակայքում։ Այստեղ տեղակայված է Ռուսաստանի ԶՈւ 52-րդ գվարդիական ավիացիոն գունդը։
Ռուսաստանը և Իրանը ծրագրում են Ռուսաստանի տարածքում ձեռնարկություն բացել՝ արտադրելու իրանական անօդաչու թռչող սարքեր՝ նման այն դրոններին, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ հրապարակման զրուցակիցների՝ հունվարի 5-ին իրանական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Ելաբուգա քաղաք, այցելել դատարկ տեղանք, որտեղ ապագայում նախատեսվում է գործարան կառուցել:
Տեղեկության համաձայն՝ նոր ձեռնարկությունը կկարողանա արտադրել առնվազն 6 հազար անօդաչու թռչող սարք։ Երկու երկրները նախատեսում են նաև արտադրել ավելի արագաշարժ անօդաչու թռչող սարք, որը նվազ խոցելի կլինի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար, հայտնում է WSJ-ը:
Նախագիծը երկու երկրների միջև 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մի մասն է:
Ռուսաստանցի և իրանցի պաշտոնյաները չեն արձագանքել թերթի խնդրանքներին՝ մեկնաբանել այս տեղեկությունները, նշում է The Wall Street Journal-ը:
Կիևում հերքում են պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովի մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները։
«Կառավարության պաշտպանական բլոկում այս շաբաթ փոփոխություններ չեն լինի», - Telegram-ում այսօր գրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան՝ հերքելով նախօրեին իր իսկ հնչեցրած հայտարարությունները։
Դրանց համաձայն՝ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնում պետք է փոխարիներ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը։ Այդ նույն տեղեկատվության համաձայն՝ Ռեզնիկովը պետք է զբաղեցներ ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Օրերս մամուլում հրապարակվել են հոդվածներ ուկրաինական բանակի համար պարենն ուռճացված գներով ձեռք բերելու մասին: Դրանից հետո պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը և պետգնումների վարչության փոխտնօրեն Բոհդան Խմելնիցկին հրաժարականներ են ներկայացրել: Այժմ նրանք մեղադրվում են կոռուպցիայի և Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար:
Financial Times պարբերականի փոխանցմամբ, General Dynamics ամերիկյան ընկերությունը M1 Abrams տեսակի հրասայլեր է արտադրելու Ուկրաինայի համար:
Օհայո նահանգի Լիմա ավանում ընկերության մասնաճյուղն ամեն ամիս այդ տեսակի 12 հրասայլ է արտադրում և սպասում է նախևառաջ Ուկրաինայի համար պատվերները կատարելու կարգադրության:
Financial Times-ի փորձագետները նշել են, որ Abrams տեսակի հրասայլերի սպասարկումը բավական բարդ է և վառելիքի մեծ սպառման պատճառով լուրջ նյութատեխնիկական աջակցություն է պահանջում:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինան Abrams-ներ կստանա ամենաշուտը 2023-ի տարեվերջին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության հարցը ուսումնասիրության փուլում է։
«Զենքի մատակարարման հարցը դիտարկվել և մերժվել է Իսրայելի նախորդ կառավարության կողմից, ես կուսումնասիրեմ այս թեման և կտամ պատասխան, որը ընդունելի եմ համարում»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ որոշումը կընդունվի՝ «հաշվի առնելով Իսրայելի ազգային շահերը»։
Նա հավելել է, որ Երուսաղեմը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Ուկրաինան հայտնել է, որ պատերազմի ընթացքում մոտ 131 հազար 300 ռուսաստանցի զինծառայող է զոհվել, նրանցից 700-ն՝ անցած երկու օրում:
Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ ռուսները կորցրել են 3220 հրասայլ, 6405 զրահամեքենա և 2226 հրետանային համակարգ:
Ընթացող պատերազմի պայմաններում անկախ աղբյուրները չեն կարող հերքել կամ հաստատել այդ տվյալները: Արևմուտքի փորձագետների տվյալներով՝ Ուկրաինայում զոհված և վիրավորված ռուսաստանցի զինծառայողների ընդհանուր թիվը մոտեցել է 200 հազարի:
Ռուսական հրթիռները հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնին, հարձակման է ենթարկվել քաղաքի Կիևի շրջանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կա չորս տուժած։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ենթադրել է, որ Խարկովը հարձակման է ենթարկվել երկու С-300 հրթիռներով։ Նա հաստատել է, որ մեկ հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա։ Երկրորդ հարվածի արդյունքում ավերվել է տեղի համալսարանի շենքը։
Կանադան շաբաթ օրը Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard 2 տանկը, ասել է պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
Նա հավելել է, որ Օտտավան կշարունակի Կիևին տրամադրել «անհրաժեշտ սարքավորումներ»:
Հունվարի վերջին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարեց, որ Կանադան ծրագրում է Ուկրաինային մատակարարել Leopard 2 չորս տանկ։ Կանադական Toronto Star թերթը նշել է, որ Օտտավան այդ տեխնիկայի հետ միասին կփոխանցի պահեստամասեր և զինամթերք, ինչպես նաև կսովորեցնի ուկրաինացի զինվորականներին դրանք օգտագործել։
Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետեր Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը մտադիր են վերադառնալ քաղաքական ասպարեզ:
The Times բրիտանական օրաթերթի փոխանցմամբ, Թրասը մտադիր է հանրության ուշադրությունը հրավիրել տնտեսության ասպարեզում ներկայիս վարչապետ Ռիշի Սունակի սխալներին: Մինչդեռ, Ջոնսոնը քննադատելու է Սունակին Ուկրաինային ոչ պատշաճ չափով օգնելու համար:
Առաջիկա օրերին Թրասը ցանկանում է հեռակա կարգով բանավեճ սկսել Սունակի հետ և այդ նպատակով կհրապարակի հոդված հարկերի չափը նվազեցնելու և այդպես տնտեսությունը խթանելու անհրաժեշտության թեմայով:
Ջոնսոնն, իր հերթին, վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում Սունակին կոչ է արել վճռական քայլերով սատարել Ուկրաինային: Նա ասել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Կիևի մյուս դաշնակիցները չպետք է հապաղեն Ուկրաինային կործանիչներ, հեռահար հրթիռներ և այլ սպառազեն տրամադրելու հարցում: