«Ուկրաինային M1 Abrams մակնիշի տանկեր տրամադրելու մասին որոշումն արդեն իսկ իրականություն է»․ - չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։
«Այսօր ես հայտարարում եմ` Միացյալ Նահանգները Ուկրաինային թվով 31 M1 Abrams մակնիշի տանկ կուղարկի։ Դա հավասարազոր է մեկ ուկրաինական գումարտակին։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն է խորհուրդ տվել մեզ դիմել այս քայլին, քանի որ դա թույլ կտա Ուկրաինային ամրապնդել իր պաշտպանությունն ու ռազմավարական նպատակների հասնել», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։
«Abrams-ները աշխարհի ամենամարտունակ տանկերն են, սակայն դրանց կիրառումն ու սպասարկումը բավական բարդ գործ է։ [...] Abrams-ների մատակարարումը ժամանակ կպահանջի՝ ժամանակ, որի ընթացքում մենք պետք է համոզվենք, որ ուկրաինացիներն ի վիճակի են այդ տանկերը ներդաշնակեցնել իրենց պաշտպանական համակարգերին», - ասաց Բայդենը:
Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ տանկերի մատակարարման մասին որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ երկարատև քննարկումներից հետո։
Բեռլինը պաշտոնապես հայտարարում է Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին:
Չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստում այդ մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այդ որոշումը համապատասխանում է Ուկրաինային սատարելու մեր քաղաքականությանը՝ մեր հնարավորությունների սահմաններում։ Մենք գործում ենք սերտ կոորդինացմամբ միջազգային մակարդակում», - ասել է Շոլցը։
Առաջիկայում սկսվելու է ուկրաինացի զինծառայողների ուսուցումը Գերմանիայում։ Բեռլինը կտրամադրի նաև զինամթերք և նյութատեխնիկական ապահվում, նշել է կանցլերը։
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ողջունել է Բեռլինի որոշումը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Թվիթերում գրել է․ - «Շնորհակալություն, բունդեսկանցլեր Օլաֆ Շոլց։ Ուկրաինային Leopard-ներ տրամադրելու որոշումը մեծ քայլ է Ռուսաստանին կանգնեցնելու համար»։
Գերմանիան նաև կթույլատրի երրորդ երկրներից գերմանական տանկերի վերաարտահանումը Ուկրաինա։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհեթեթ է որակել Ուկրաինային ամերիկյան Abrams տանկեր մատակարարելու ծրագիրը։
Լրագրողների հետ ամենօրյա հեռախոսային ճեպազրույցում Պեսկովն ասել է, որ թեև ամերիկյան տանկերի փոխադրումները չեն հաստատվել, բայց դա կլինի գումարի վատնում։
«Համոզված եմ, շատ մասնագետներ հասկանում են այդ գաղափարի անհեթեթությունը։ Տեխնոլոգիական առումով ծրագիրն աղետալի է», - ասել է Պեսկովը և ընդգծել․ - «Բայց գլխավորը՝ գերագնահատվում է ուկրաինական բանակին տրվող ներուժը։ Այդ տանկերը վառվում են այնպես, ինչպես մյուսները»։
BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Ամանորի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածից զոհված 92 ռուս զինվորականների անուններն ու լուսանկարները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի փոքր կորուստների մասին էր հայտնել։
Հաղորդվում է, որ լրատվամիջոցը մահացածներին նույնականացրել է բաց տեղեկությունների հիման վրա:
«Առվազն ևս 16 զինվորականների ընտանիքներ չեն կարողանում գտնել հարազատներին ոչ մահացածների, ոչ էլ ողջերի շարքում», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը և հավելում, որ ներկայացնում է միայն նրանց անունները, ովքեր միանշանակ զոհվել են։
Միացյալ Նահանգներն ու Գերմանիան պատրաստ են Ուկրաինա տանկեր ուղարկել, Կիևը հույս ունի՝ դրանք ռազմի դաշտում իրավիճակ են փոխելու։
Հաղորդվում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առնվազն 14 գերմանական արտադրության Leopard 2 տանկ ուղարկելու որոշում է կայացել։
Անանուն աղբյուրներին հղում անելով՝ ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ Վաշինգտոնն էլ, իր հերթին, շուտով կհայտնի առվազն 30 տանկ ուղարկելու մասին։
Կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ Ուկրաինայում հրաժարական են տալիս հինգ նահանգապետեր, չորս փոխնախարարներ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Օլեգ Նեմչինովը։
Նրա խոսքերով՝ հեռացող պաշտոնյաների թվում են Դնեպրոպետրովսկի, Սումիի, Զապորոժիեի, Խերսոնի և Կիևի շրջանների ղեկավարները։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ պաշտոնանկ են արվել նաև երկրի պաշտպանության փոխնախարարը, համայնքների և տարածքների զարգացման երկու փոխնախարարները, սոցիալական քաղաքականության փոխնախարարը։
Նախօրեին էլ կոռուպցիայի կասկածանքով պաշտոնանկ է արվել ենթակառուցվածքների փոխնախարարը:
Հետաքննությունը պնդում է, որ Վասիլի Լոզինսկին 400 հազար դոլարի դիմաց համաձայնել է նպաստել ուռճացված գներով սարքավորումների և գեներատորների ձեռքբերման պայմանագրերի կնքմանը։ Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի հրաժարականի մասին: Մամուլը պարզել էր, որ պետական պաշտոնյան տեղաշարժվում է թանկարժեք ամենագնաց մեքենայով, որը նվիրաբերվել էր Ուկրաինային մարդասիրական առաքելությունների համար:
Լեհաստանը պաշտոնապես դիմել է Գերմանիային՝ խնդրելով թույլ տալ Ուկրաինային փոխանցել գերմանական արտադրության Leopard տանկերը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը չի միջամտի Լեհաստանից գերմանական տանկերի մատակարարմանը, եթե երկիրը համապատասխան դիմում ներկայացնի։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր վստահություն է հայտնել, որ դաշնակիցները շուտով որոշում կկայացնեն Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցով։ Նրա խոսքով՝ որոշում դեռ չկա, բայց Բեռլինն արդեն հասկացրել է իր դաշնակիցներին, որ ցանկության դեպքում կարող են սկսել գործընթացը:
Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 2 հազար Leopard-ներ, որոնք իրենց տեսակի մեջ աշխարհում ամենաառաջադեմն ու արդյունավետն են:
Հրաժարական է տվել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։
Մոտ մեկ ամիս առաջ ուկրաինական մի շարք անկախ լրատվամիջոցներ պարզել էին, որ պետական պաշտոնյան տեղաշարժվում է թանկարժեք ամենագնաց մեքենայով, որը General Motors-ը նվիրաբերել է Ուկրաինային մարդասիրական առաքելությունների համար:
Նախօրեին էլ կոռուպցիայի կասկածանքով պաշտոնանկ է արվել Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարարը: Հետաքննությունը պնդում է, որ Վասիլի Լոզինսկին 400 հազար դոլարի դիմաց համաձայնել է նպաստել ուռճացված գներով սարքավորումների և գեներատորների ձեռքբերման պայմանագրերի կնքմանը։
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետաքննում է նաև զինվորականների համար սննդամթերքի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների մասին պնդումները:
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել 500 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ:
Զենքի մատակարարման համար այդ միջոցները հատկացվելու են Խաղաղության եվրոպական հիմնադրամի հաշվից։
Բացի այդ, հաղորդվում է, որ նախարարները պայմանավորվել են այս հիմնադրամից 45 մլն եվրո հատկացնել Կիևին՝ ԵՄ ուսումնական առաքելությունում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար։
Այսպիսով, ներառյալ այս որոշումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ռազմական օգնությունը կհասնի մինչև 3,6 միլիարդ եվրո։
«Բեռլինի թույլտվությամբ թե առանց դրա՝ Լեհաստանը միևնույն է, իր զինանոցում գտնվող գերմանական արտադրության Leopard 2 մակնիշի տանկերն ուղարկելու է Ուկրաինա», - այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
«Մենք, իհարկե, կդիմենք Գերմանիային նման թույլտվություն ստանալու խնդրանքով։ Դա, սակայն, երկրորդական հարց է։ Անգամ եթե մենք նման համաձայնություն չստանանք, ի վերջո, ավելի փոքր մի կոալիցիայի կազմում (նույնիսկ եթե դրանում Գերմանիան ընդգրկված չլինի) մենք միևնույն է մեր տրամադրության տակ եղած տանկերը տրամադրելու ենք Ուկրաինային», - հայտարարել է Լեհաստանի վարչապետը։