Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:57 23.1.2023

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պնդմամբ` արևմտյան պետությունների և Մոսկվայի հարաբերություններն ընդհուպ մոտեցել են իրական պատերազմին։

«Արևմուտքի հետ հակամարտությունն այլևս դժվար է հիբրիդային անվանել։ Դա ավելի մոտ է իրական պատերազմին», - հայտարարել է Լավրովը՝ կրկին քննադատելով արևմտյան պետություններին Կիևին սպառազինություն մատակարարելու համար։

14:27 23.1.2023

«Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար պայմաններ գոյություն չունեն՝ ոչ դե-ֆակտո և ոչ էլ դե-յուրե», -այսօր պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսում ենք Կրեմլից հնչող հայտարարությունները, գիտենք նաև այն իրավական հիմնավորումների մասին, որոնք ներկայացնում է ուկրաինական վարչակազմը՝ բացատրելով բանակցությունների անհնարինությունը։ Այդ իսկ պատճառով այժմ կարելի է փաստացի ընդունել՝ բանակցությունների համար որևէ պայման գոյություն չունի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

13:36 23.1.2023

Բեռլինը պատրաստ է Վարշավային թույլատրել իր տրամադրության տակ գտնվող գերմանական արտադրության Leopard 2 մակնիշի տանկերը տրամադրել Ուկրաինային։ Այս մասին կիրակի օրը ֆրանսիական LCI լրատվական ալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։

«Եթե մեզ դիմեն նման խնդրանքով, մենք այդ քայլին չենք խոչընդոտի։ Մենք գիտենք, թե որքան կարևոր են այդ տանկերը Ուկրաինայի համար, այդ իսկ պատճառով այժմ այս հարցը քննարկում ենք մեր դաշնակիցների հետ», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

12:45 23.1.2023

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան իր զեկույցում անուղղակիորեն հաստատել է, որ ռուսական զորքերն առնվազն մոտ են Բախմուտն օպերատիվ շրջափակման մեջ վերցնելուն, այսինքն՝ Դոնեցկի շրջանի այդ քաղաք տանող հիմնական ուղիները կտրելուն։

Առավոտյան հաղորդագրությունում բնակավայրերի թվում, որտեղ ուկրաինացի զինվորականները վերջին 24 ժամում փորձում էին հետ մղել հարձակումները, հայտնվել է Ստուպոչկի գյուղը։ Այս գյուղը գտնվում է Բախմուտը Կոնստանտինովկա քաղաքին կապող ճանապարհի վրա, որը մատակարարման կարևոր հանգույց էր Բախմուտի կայազորի համար։ Ըստ հաղորդագրության՝ մարտեր են ընթանում հենց Բախմուտում։

18:40 22.1.2023

Վարշավան կգտնի գերմանական Leopard 2 տանկերը Կիև տեղափոխելու միջոց նույնիսկ առանց Գերմանիայի թույլտվության։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։

Նա նշել է, որ եթե Գերմանիան չհամաձայնի այդ տանկերի մատակարարմանը, Լեհաստանը պետությունների ավելի փոքր կոալիցիա կստեղծի, որը պատրաստ կլինի Ուկրաինայի հետ կիսել ոչ միայն Leopard 2-ը, այլև այլ զրահամեքենաներ։

Համաձայն միջազգային կանոնների՝ ոչ մի պետություն չի կարող զենք փոխանցել մյուսին առանց արտադրող երկրի համաձայնության։

18:38 22.1.2023

Ֆինլանդիան պատժամիջոցների շրջանակում սառեցրել է 187 մլն եվրոյի ռուսական ակտիվները, հայտնում է Yle-ն։

Ինչպես նշել է երկրի արտաքին գործերի նախարարության պատժամիջոցների բաժնի ղեկավար Պիա Սաարիվաարան, խոսքը անշարժ գույքի, բաժնետոմսերի, մեքենաների, զբոսանավերի, ինքնաթիռների և այլ արժեքավոր գույքի մասին է։

2022 թվականի սեպտեմբերին հաղորդվեց, որ Ֆինլանդիայի իշխանությունները 189 միլիոն եվրոյի ընդհանուր գումարով բռնագրավել են Ռուսաստանի քաղաքացիների ունեցվածքը։ Արգելքներ են դրվել Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպությունների գույքի վրա։ Ընդհանուր առմամբ կայացվել է գույքի վրա ժամանակավոր կամ մշտական արգելանք դնելու շուրջ 200 որոշում։

17:43 21.1.2023

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ռուսական զորքերն անցած 24 ժամերին հաջողության են հասել ռազմաճակատի մի շարք հատվածներում՝ մասնավորաբար Զապորոժիեի ուղղությամբ։

«Հարձակողական գործողությունների արդյունքում Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները կարողացել են ավելի շահավետ դիրքեր և բնագծեր զբաղեցնել Զապորոժիեի ուղղությամբ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա պնդմամբ՝ հարձակման ընթացքում ուկրաինական զորքերը շուրջ 30 զոհ են տվել։

«Դոնեցկի ուղղությամբ ռուսական ուժերին հաջողվել է գրավել Դվուրեչյե բնակավայրը», - հայտարարել է Կոնաշենկովը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրականացված հարձակողական գործողություններին մասնակցել են Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային օկրուգի զորամասերը։

13:59 21.1.2023

Նախօրեին Գերմանիայում գտնվող ամերիկյան «Ռամշտայն» ռազմակայանում կայացած ՆԱՏՕ-ի հավաքի մասնակիցները այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Կիևին ծանր սպառազինության՝ մասնավորաբար ամերիկյան և գերմանական արտադրության տանկերի մատակարարման շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Ավելի վաղ պաշտոնական Կիևը դիմել էր Վաշինգտոնին և Բեռլինի՝ խնդրելով հարյուրավոր տանկեր տրամադրել, ինչն ըստ ուկրաինական իշխանությունների, հնարավորություն կտար հաջողությամբ դիմակայել ռուսական կողմին և որոշիչ հակահարձակման անցնել։ Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, սակայն, «Ռամշտայնում» հայտարարել է, որ Ուկրաինային «Աբրամս» մակնիշի տանկեր տրամադրելու վերաբերյալ որևէ նորություն հայտնել չի կարող։

Գերմանիայի նորանշանակ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ևս նշել է, որ Ուկրաինային «Լեոպարդ» մակնիշի տանկերի մատակարարման մասին որոշումը Բեռինում դեռ չի կայացվել։

12:51 21.1.2023

Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի «Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերության դեմ, որն օգնում էր Ռուսաստանի զինված ուժերին ուկրաինական պատերազմում, հունվարի 20-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Ֆինանսների նախարարությունը կնշանակի «Վագներ»-ին որպես նշանակալի անդրազգային հանցավոր կազմակերպություն և կսահմանի լրացուցիչ պատժամիջոցներ։

«Այս գործողությունները ճանաչում են անդրմայրցամաքային վտանգը, որը ներկայացնում է «Վագները», ներառյալ լուրջ հանցավոր գործունեության իր շարունակական օրինակը», - նշել է նա:

Այս քայլը կսառեցնի «Վագներ»-ին պատկանող ԱՄՆ-ի ցանկացած ակտիվ և կարգելի ամերիկացիներին գործարքներ կնքել խմբի հետ:

20:39 20.1.2023

Ռուսաստանի և Բելառուսի օդային ստորաբաժանումները Բելառուսում համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Դրանք տեղի են ունենում մայրաքաղաք Մինսկից 150 կիլոմետր արևմուտք գտնվող Բարանովիչի բնակավայրի շրջանում:

Փորձագետների կարծիքով, Մոսկվան կարող է փորձել ճնշում բանեցնել Մինսկի վրա և համոզել միանալ Ուկրաինայում ընթացող պատերազմին:

Կրեմլը պնդում է, որ նման մտադրություն չունի: Նույնը մի քանի առիթներով հայտարարել է նաև Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հունվարի 16-ին մեկնարկած երկշաբաթյա զորավարժությունները «բացառապես պաշտպանական բնույթ են կրում»

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG