Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

19:50 20.1.2023

Նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Ռամշտայնում Ուկրաինային զենք տրամադրելու հարցով գումաժրված համաժողովի մասնակիցներին:

«Պատրաստ եմ հարյուր անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, բայց հարյուր «շնորհակալությունը» հարյուր հրասայլ չէ, մենք ռուսական ագրեսիայի դեմ պետք է կռվենք ոչ թե խոսքով, այլ զենքով»,- ասել է Զելենսկին, նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի ունի այդ ժողովից:

Նրա խոսքով, սպառազենի ցանկացած միավոր օգնում է փրկել Ուկրաինայի ժողովրդին ահաբեկչությունից:

«Ռուսների հիմնական զենքը հիմա՝ ժամանակն է: Մենք պետք է այնպես գործենք, ինչպես հայրը կամ մայրը՝ զավակին փրկելիս, ինչպես որդին կամ դուստրը՝ ծնողին փրկելիս: Այս պատերազմում կորոշվի, թե ինչ աշխարհում ենք ապրելում»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, մարդիկ ուզում են ապրել, սիրել, երազել և հույսեր փայփայել: Այս պատերազմոում վճռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ճակատագիրը:

«Մարդիկ ուզում են հավատալ, որ չարիքը և ատելությունը կպարտվեն: Կրեմլը պետք է պարտվի»,- ասել է Զելենսկին:

16:35 20.1.2023

Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսն անցած շաբաթավերջին գաղտնի այցով մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինական հետախուզության ղեկավարության հետ:

The Washington Post պարբերականի փոխանցմամբ, Բըրնսը Զելենսկուն տեղեկացրել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր ռազմական ծրագրերի մասին:

Ամերիկյան հետախուզությունը և արևմտյան փորձագետները չեն բացառում, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին Մոսկվան կձեռնարկի լայնածավալ հարձակում, փորձելով օգտվել ուկրաինական բանակի ռազմամթերքի պաշարների աստիճանական սպառման հանգամանքից:

Զելենսկին, ըստ The Washington Post-ի, հետաքրքրվել է Բըրնսից, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների կողմից Ուկրաինային սատարելու քաղաքականությունը կարող է փոխվել այն բանից հետո, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը մեծամասնությունը դեմոկրատականներից փոխանցվել է հանրապետականներին, և արդյոք դեր կխաղա այն, որ ըստ վերջին հարցումների, ամերիկացի ընտրողների շրջանում նվազել է Ուկրաինային սատարողների թիվը:

11:45 20.1.2023

Ինչպես խոստացվել էր այս շաբաթվա սկզբին, երեկ Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, ներառյալ Stryker զրահափոխադրիչները և Bradley մարտական մեքենաները:

Փաթեթը ներառում է նաև պահեստամասեր՝ HIMARS հրթիռային համակարգերի, այլ զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Փաթեթը մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ի կողմից մինչ օրս տրամադրված օգնության:

Ամենամեծը 3 միլիարդ դոլարից ավելի փաթեթն էր, որի մասին հայտարարվել էր հունվարի սկզբին։

17:54 19.1.2023

Կիև է ժամանել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ քննարկելու Երոպական դաշինքի հետագա օգնությունը Ուկրաինային։

«Վերադարձել եմ Կիև քննարկելու բազմակողմ համագործակցությունը։ Թող 2023 թվականը դառնա հաղթանակի և խաղաղության տարի», - Թվիթերում գրել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Նախօրեին Միշելը հայտարարել է, որ անձամբ կողմ է, որպեսզի Արևմուտքը Կիևին տանկեր հատկացնի։ Եվրամիությունը անցած շաբաթներին Կիևին 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշում է ընդունել, բացի այդ քննարկում է գերմանական Leopard տանկերը Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկում ներառելու հարցը։

16:12 19.1.2023

Ուկրաինայի նախագահն այսօր կրկին հորդորել է Արևուտքին չհապաղել և հնարավորինս շուտ Ուկրաինային հակաօդային համակարգեր և տանկեր տրամադրել։

«Հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը պետք է ավելի արագ լինի, քան Ռուսաստանի հաջորդ հրթիռային հարձակումները: Արևմտյան տանկերի մատակարարումները պետք ավելի արագ լինեն, քան ռուսական տանկերի հերթական ներխուժումը», - տեսակապով դիմելով Դավոսի տնտեսական համաժողովի մասնակիցներին՝ ասել է Վլադիմիր Զելենսկին։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, թե անհրաժեշտ է ակտիվացնել Ուկրաինային սպառազինության մատակարարումը, և անել դա հենց այս փուլում՝ պատերազմի վճռորոշ պահին։ Նրա կարծիքով, դա է արդեն 11 ամիս շարունակվող պատերազմն ավարտելու միակ հնարավորությունը. - «Պուտինը խաղաղության պատրաստ լինելու նշաններ ցույց չի տվել, ուստի նա պետք է գիտակցի, որ չի կարող հաղթել մարտի դաշտում: Սա պատերազմի առանցքային պահն է, և մենք այսօր պետք է ավելի շատ զենք տրամադրենք»։

15:46 19.1.2023

Բեռլինը թույլ չի տա իր դաշնակիցներին գերմանական արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա քանի դեռ ԱՄՆ-ը չի հաստատել սեփական մարտական տանկերը Կիևին մատակարարելու որոշումը, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 2000 գերմանական արտադրության Leopard տանկեր, որոնք իրենց տեսակի մեջ աշխարհում ամենա ամենառաջադեմն ու արդյունավետն են։ Եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի և Դանիայի կառավարությունները հայտարարել էին, որ պատրաստ են գերմանական տեխնիկա ուղարկել Ուկրաինա, եթե Բեռլինը թույլ տա։

13:07 19.1.2023

Գերմանիան այլևս կախված չէ ռուսական էներգետիկայից, BBC-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։

Նրա խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Գերմանիան ամբողջությամբ դիվերսիֆիկացրեց իր էներգետիկ ենթակառուցվածքը և գտավ ներմուծման այլ աղբյուրներ։

«Այո՛, իհարկե, Գերմանիան դեռևս կախված է էներգակիրների ներկրումից, բայց արդեն ոչ թե Ռուսաստանից, այլ համաշխարհային շուկաներից»,- ասել է նա։

19:58 18.1.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ այսօր կայացած հանդիպմանը ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունների ողբերգությունը սկսվել է 2014 թվականից։

2014-ին Ուկրինայի նախագահ ռուսամետ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ էր արվել Գերագույն ռադայի կողմից։ Նա հեռացել էր Կիևից Խարկով, այնուհետև Ղրիմ, իսկ հետո փախել Ռուսաստան։

Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի ողբերգական իրավիճակը սկսվել է այդ «հակասահմանադրական, հակապետական, զինված հեղաշրջումով», իսկ ինչ իրենք այսօր անում են, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողությունը՝ փորձում են «դադարեցնել պատերազմը»։

15:16 18.1.2023

Բելառուսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել, ըստ որի Վրաստանի քաղաքացի Գեորգի Զիրակաշվիլին մտադիր էր Բելառուսի տարածքից մտնել Ուկրաինա և միանալ Ռուսաստանի դեմ կռվող «Վրացական լեգիոնին»։

Այդ հաղորդման մեջ բաց տեքստով մեղադրանքներ են հնչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզմինի հասցեին՝ իբր նա մարդիկ է հավաքագրում Ուկրաինայում պատերազմելու համար։

Դեսպանը ի պատասխան պրոպագանդիստների մեղադրանքnերի, հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանությունը արդեն նոտա է հղել Բելառուսի արտգործնախարարությանը։

15:10 18.1.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր հանդես է եկել Կիևին ավելի շատ ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր մատակարարելու օգտին՝ Ռուսաստանի ներխուժմանը դիմակայելու համար։

«Գրեթե մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը վարում է ոչնչացնելու ռազմավարություն, ահաբեկչության ռազմավարություն, փորձելով ռումբերով հպատակեցնել Ուկրաինայի ժողովրդին։ Բայց ուկրաինացիները դիմադրում են։ Մենք, Եվրամիությունը կշարունակենք աջակցել նրանց որքան անհրաժեշտ է։ Հիմա է ժամանակը, նրանք հրատապ կարիք ունեն ավելի շատ տեխնիկայի և ես անձամբ կողմ եմ, որ Ուկրաինային տանկեր մատակարարվեն»,- «Ռոյթերսի» փոխանցմամբ` ասել է Շառլ Միշելը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG