Բեռլինը թույլ չի տա իր դաշնակիցներին գերմանական արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա քանի դեռ ԱՄՆ-ը չի հաստատել սեփական մարտական տանկերը Կիևին մատակարարելու որոշումը, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 2000 գերմանական արտադրության Leopard տանկեր, որոնք իրենց տեսակի մեջ աշխարհում ամենա ամենառաջադեմն ու արդյունավետն են։ Եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի և Դանիայի կառավարությունները հայտարարել էին, որ պատրաստ են գերմանական տեխնիկա ուղարկել Ուկրաինա, եթե Բեռլինը թույլ տա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիան այլևս կախված չէ ռուսական էներգետիկայից, BBC-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։
Նրա խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Գերմանիան ամբողջությամբ դիվերսիֆիկացրեց իր էներգետիկ ենթակառուցվածքը և գտավ ներմուծման այլ աղբյուրներ։
«Այո՛, իհարկե, Գերմանիան դեռևս կախված է էներգակիրների ներկրումից, բայց արդեն ոչ թե Ռուսաստանից, այլ համաշխարհային շուկաներից»,- ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ այսօր կայացած հանդիպմանը ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունների ողբերգությունը սկսվել է 2014 թվականից։
2014-ին Ուկրինայի նախագահ ռուսամետ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ էր արվել Գերագույն ռադայի կողմից։ Նա հեռացել էր Կիևից Խարկով, այնուհետև Ղրիմ, իսկ հետո փախել Ռուսաստան։
Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի ողբերգական իրավիճակը սկսվել է այդ «հակասահմանադրական, հակապետական, զինված հեղաշրջումով», իսկ ինչ իրենք այսօր անում են, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողությունը՝ փորձում են «դադարեցնել պատերազմը»։
Բելառուսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել, ըստ որի Վրաստանի քաղաքացի Գեորգի Զիրակաշվիլին մտադիր էր Բելառուսի տարածքից մտնել Ուկրաինա և միանալ Ռուսաստանի դեմ կռվող «Վրացական լեգիոնին»։
Այդ հաղորդման մեջ բաց տեքստով մեղադրանքներ են հնչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզմինի հասցեին՝ իբր նա մարդիկ է հավաքագրում Ուկրաինայում պատերազմելու համար։
Դեսպանը ի պատասխան պրոպագանդիստների մեղադրանքnերի, հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանությունը արդեն նոտա է հղել Բելառուսի արտգործնախարարությանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր հանդես է եկել Կիևին ավելի շատ ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր մատակարարելու օգտին՝ Ռուսաստանի ներխուժմանը դիմակայելու համար։
«Գրեթե մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը վարում է ոչնչացնելու ռազմավարություն, ահաբեկչության ռազմավարություն, փորձելով ռումբերով հպատակեցնել Ուկրաինայի ժողովրդին։ Բայց ուկրաինացիները դիմադրում են։ Մենք, Եվրամիությունը կշարունակենք աջակցել նրանց որքան անհրաժեշտ է։ Հիմա է ժամանակը, նրանք հրատապ կարիք ունեն ավելի շատ տեխնիկայի և ես անձամբ կողմ եմ, որ Ուկրաինային տանկեր մատակարարվեն»,- «Ռոյթերսի» փոխանցմամբ` ասել է Շառլ Միշելը։
Մոսկվան Կիևից պահանջում է հրաժարվել կորցրած տարածքներից՝ բանակցություններ սկսելու համար, և դրա հետ համաձայնվելը անընդունելի է, հունվարի 17-ինասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլիքենը Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Կլևերլիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
Բլինքենն ասել է, որ մոտ օրերս Վաշինգտոնը կհայտնի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, նշելով, որ մինչ այժմ Վաշինգտոնը 25 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Կիևին։
Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալն ու պետքարտուղարը։
Արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռը ընկել է բնակելի տան ու մանկապարտեզի միջև։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։
«Առաժմ հայտի է 16 զոհերի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Զոհվածներից 9-ը գտնվել են ուղղաթիռի մեջ։ 22 տուժածներ գտնվում են հիվանդանոցում, այդ թվում՝ 10 երեխա»,- հայտնել է Ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն։
Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա ցույց է տալիս, որ Կիևին ՆԱՏՕ-ին միանալուց հետ պահելն այլևս իմաստ չունի։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար 99-ամյա Հենրի Քիսինջերը, ով նախկինում չէր աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։
«Այս պայմաններում չեզոք Ուկրաինայի գաղափարն այլևս իմաստ չունի», - ընդգծել է Քիսինջերը։
Նա նաև ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «հարմար ելք» կլինի ներկա իրավիճակում։
Անցյալ տարվա մայիսի վերջին հաղորդվեց, որ Քիսինջերը Կիևին առաջարկել է համաձայնել տարածքային զիջումների՝ հանուն Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր այդ գաղափարը։
Ուկրաինային ԱՄՆ լրացուցիչ ռազմական օգնության մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթվա վերջին, CNN-ին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին:
«Կարծում եմ, որ դուք կշարունակեք լսել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում լրացուցիչ փաթեթների, լրացուցիչ զենքի և հնարավորությունների մասին: Հնարավոր է՝ այս շաբաթվա վերջում», - նշել է Քըրբին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ասել է, որ Միացյալ Նահանգները վճռական է տրամադրել Ուկրաինային այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար:
«Այս ագրեսիայի զարգացման հետ, զարգացել է նաև մեր օգնությունը Ուկրաինային՝ համոզվելու համար, որ ունեն այն, ինչ անհրաժեշտ է ագրեսիային հակազդելու համար», - ասել է Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ուկրաինային տանկեր մատակարարելու Բրիտանիայի պատրաստակամությունը։
Երեկ կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների համալիր զարգացման մտադրությունը։ Առաջնահերությունների թվում նշվել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը, այդ թվում` Ռուսաստանում արդյունահանված բնական գազի արտահանումը և Թուրքիայի տարածաշրջանային գազային հաբի ստեղծումը», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը հաղորդում է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու ուկրաինական գյուղմթերքի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
«Բացի այդ, քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր՝ Անկարայի կողմից նախաձեռնված եռակողմ ռուս-թուրք-սիրիական խորհրդակցությունների համատեքստում», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։