Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:01 8.1.2023

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են կատարել։ Հավասարության սկզբունքով յուրաքանչյուր կողմը 50 գերի է վերադարձրել։

Ռուսաստանցի 50 ռազմագերիները կտեղափոխվեն Մոսկվայի զինվորական բժշկական հաստատություններ բուժվելու և վերականգնվելու համար, հավաստիացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ուկրաինային փոխանցված 50 ռազմագերիներից 33-ը սպաներ են, 17-ը՝ սերժանտներ ու շարքայիններ։

17:51 8.1.2023

Կիրակի՝ լույս հունվարի 8-ի գիշերը ռուսական զորքերը գնդակոծել են Խարկովի մարզի Մերեֆա քաղաքը։ Տեղի 50-ամյա բնակիչ է զոհվել, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսանդր Ստարուխը հեռուստամարաթոնի եթերում խոսել է ՄԱԿ-ի առաքելության տարածաշրջանի գնդակոծությունների մասին, որոնք մարդասիրական օգնություն են հասցրել Օրեխով քաղաք։

Իր հերթին Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը զեկուցել է քաղաքի ծայրամասերում հարվածների մասին։ Նա զոհերի մասին մանրամասներ չի հայտնել։

Դոնեցկի մարզի ղեկավարության տվյալներով՝ ռուս զինվորականները յոթ հրթիռային հարված են հասցրել Կրամատորսկի և երկու՝ Կոնստանտինովկայի ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ ռուսական բանակը, չնայած Մոսկվայի կողմից հայտարարված հրադադարին, վերջին 24 ժամվա ընթացքում 40 հարված է հասցրել բազմակի հրթիռային համակարգերով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումների մասին հաղորդումները։

17:47 8.1.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 119 ռուս հասարակական գործիչների նկատմամբ: Նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն կան ուկրաինական քաղաքացիություն ունեցող երեք անձինք։ Հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։

Արտիստների շարքում են Բաստան (Վասիլի Վակուլենկո), Պելագեան (Տելեգինա), Կլավա Կոկան (Կլավդիա Վիսոկովա), Միխայիլ Շուֆուտինսկին, Իրինա Ալեգրովան, Լյուբով Ուսպենսկայան, Վիկտորյա Դաինեկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Պիեխան, Եվգենի Պետրոսյանը, Սերգեյ Բոբունեցը և Սերգեյ Բոբունեցը, RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, կրեմլամետ քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հեռուստահաղորդավարներ Լեոնիդ Յակուբովիչը, Միխայիլ Գալուստյանը և Ժաննա Բադոևան, բլոգեր Ամիրան Սարդարովը և այլք:

Պատժամիջոցների ենթակա անձանց թվում կան նաև Ուկրաինայի երեք քաղաքացիներ՝ Ուկրաինայի քաղաքացի, հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան, Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, երգչուհի Լոլիտա Միլյավսկայան, Ուկրաինայի քաղաքացի, ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը։

Այդ անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցների թվում են ակտիվների սառեցումը, առևտրային գործունեության ամբողջական դադարեցումը, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցումը։

21:08 7.1.2023

Ուկրաինայի գլխավոր սրբավայր Կիև-Պեչորյան վանական համալիրի Ուսպենսկի տաճարում առաջին անգամ պատարագ մատուցվեց Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կողմից։

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Եպիֆանի առաջինն իր խոսքում ասել է, որ բոլոր բարեխիղճ մարդիկ դատապարտում են «ռուսական չարի կայսրության բազմաթիվ պատերազմական հանցագործությունները»։

«Տոնակատարության այս օրերին ուժեղ զգացումով Աստծո օգնությունն ենք խնդրում հաղթելու մեր թշամուն, որը վիշտ է բերել մեր տուն», - ասել է նա։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կոչ է արել աղոթել ուկրաինացի հավատացյալների համար, որոնցից, նրա խոսքով, ցանկանում են խլել Կիև-Պեչորյան վանական համալիրը։

Մինչ այս Ուկրաինայի այդ սրբավայրն ամբողջովին գտնվում էր Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ, բայց երկու եկեղեցի փոխանցվել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։

21:06 7.1.2023

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը «Ռոսիա-1» հեռուստաընկերության հարցազրույցում պնդել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, որ դուրս է եկել Կիևի մկրտության ավազանից, բայց արդեն շատ մեծ ժողովուրդ են՝ Սպիտակ ծովից մինչև Սև ծով։ Նրա խոսքով՝ այդ մեծությունը հարևանների մոտ միշտ վախ, նախանձ է առաջացրել, դեռ հին ժամանակներից արտաքին ուժերը ձգտել են բաժանել այդ ժողովուրդը, մի մասին հանել մյուսի դեմ։

Պատրիարքն ասել է, որ այսօր Ուկրաինայում ամեն ինչ արվում է, որպեսզի ուկրաինացիները Ռուսաստանին թշնամի համարեն, իսկ ռուսներին՝ ուրիշ ժողովուրդ, բայց եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որ ոչ մի դեպքում ուկրաինացիներն ու ռուսները թշնամի չդառնան։

Նախկինում Վլադիմիր Պուտինը ևս ասել էր, որ ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են՝ արժանանալով ուկրաինական կողմի քննադատությանը։

21:04 7.1.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը պնդել է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում պահպանում են հրադադարի ռեժիմ և միայն պատասխանում են ուկրաինական կողմի հարձակումներին։

Նա ասել է, որ վերջին օրվա ընթացքում ռուսական ուժերը չորս ուղղություններով հետ են մղել ուկրաինացիների գրոհները։ Ըստ Կոնաշենկովի հայտնած տվյալների՝ պատասխան հարվածներով ոչնչացվել է 120 ուկրաինացի զինվոր, մի քանի զրահամեքենա և հրետանային միջոց։

21:02 7.1.2023

Ռուսական զորքերը հունվարի 6-ին չեն դադարեցրել ուկրաինական տարածքների վրա հարձակումները, չնայած Վլադիմիր Պուտինի հրադադարի հայտարարությանը, անցած գիշեր ասել է Լուգանսկի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

«Հրետակոծությունը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, մեր դիրքերի վրա գրոհների փորձերը ինչպես կային, այնպես էլ մնում են», - հայտարարել է Գայդայը։

21:00 7.1.2023

Ռուսաստանյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը ուշադրություն են դարձնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայնակ է մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։

Նա այցելել է Կրեմլի տարածքում գտնվող եկեղեցի, որտեղ նրանից բացի միայն հոգևորականներ են երևում։ Սա վկայում է «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժը։

Սուրբ Ծննդյան շհորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ռուսաստանյան եկեղեցական կազմակերպությունները հանդես են գալիս ազգամիջյան և միջկրոնական խաղաղության ու համաձայնության օգտին, պաշտպանում են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին։

Ռուս ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 7-ին։

12:30 7.1.2023

Միացյալ Նահանգների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ուկրաինային ավելի քան 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որն առաջին անգամ ներառում է Bradley հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և Sea Sparrow զենիթային հրթիռներ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ռազմական օգնության խոշորագույն փաթեթներից մեկում 2,85 միլիարդ դոլարը նախատեսված է Պենտագոնի պահեստներից սպառազինության տրամադրման համար, ևս 285 միլիոնը կհատկացվի Ուկրաինայի զինված ուժերի արդիականացման արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորմանը:

Փաթեթում ներառված են, մասնավորապես, 50 Bradley հետևակի մարտական մեքենաներ՝ 500 հակատանկային հրթիռներով և 250 հազար 25 մմ տրամաչափի արկերով, 100 միավոր M113 զրահամեքենա, 18 ինքնագնաց հաուբից, հարյուրավոր հրթիռներ և ավիահրթիռներ, այդ թվում՝ բարձր ճշգրտության, տասնյակ հազարավոր արկեր, HIMARS համակարգերի զինամթերք, Sea Sparrow զենիթային հրթիռներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, հակահետևակային ականներ և այլ սպառազինություն:

12:29 7.1.2023

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնք կապված են ռուսական բանակին «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցների սահմանափակումներ են մտցվել վեց գործադիրների և իրանական պաշտպանական արտադրանքի հիմնական արտադրող «Qods Aviation Industries» (QAI) տնօրենների խորհրդի անդամների նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության տնօրեն Նադեր Խուն Սիավաշի նկատմամբ, որը «պատասխանատու է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վերահսկման համար»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG