Գերմանիան ցանկանում է 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Ուկրաինային փոխանցել Marder տեսակի շուրջ 40 զրահամեքենաներ:
«Ինչ վերաբերում է Marder-ներին, մենք մտադիր ենք մոտ մեկ գումարտակի հաշվով ուղարկել, դա մոտ 40 մեքենա է: Դրանք պատրաստ կլինեն առաջին եռամսյակում: Փորձագետների կարծիքով, ուսումնական շրջանը կտևի երկու ամիս, ուկրաինացի զինծառայողների համար դասընթացները տեղի կունենան Գերմանիայում»,- ասել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը:
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի նաև Patriot տեսակի ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը Սուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 6-ին միակողմանի հրադադար է հայտարարել՝ Ուկրաինան շարունակել է ռազմական գործողությունները:
Նրա փոխանցմամբ, «Կիևի ռեժիմը չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները: Ուկրաինական բանակը հրետանային կրակ է բացել բնակելի թաղամասերի և ռուսական ուժերի վրա Բելոհրիվկա, Նովոպալիվկա ավանների շրջանում»:
Կոնաշենկովը հավաստիացրել է, որ ռուսական կողմը պատասխան կրակով «լռեցրել է հակառակորդին»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիներ դեռ չեն ուրվագծվում: Այդ մասին նա խոսել է Պորտուգալիայի մայրաքաղաքում Լիսաբոնի համալսարանի 2020 թվականի մրցանակը ստանալուց հետո:
«Ըստ իս, մենք դեռ շատ հեռու ենք այն պահից, երբ կարող ենք լրջորեն խոսել խաղաղության բանակցությունների մասին: Հիմա պետք է ամեն բան անել պատերազմի բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտւղարը:
Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Անկարան պատրաստ է միջնորդել պատերազմը դադարեցնելու գործում:
«Բայց մի օր խաղաղությունը կգա, և այն հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գուտերեշը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մոլորակի ուղղափառներին շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ և կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար:
Այդ ուղերձով կաթոլիկ եկեղեցու հովվապետը դիմել է Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում երեկ կիրակնօրյա պատարագին ներկա տասնյակ հազարավոր հավատացյալներին:
«Հատկապես ուզում եմ խոսքս ուղղել Ուկրաինայում մեր տառապող քույրերին և եղբայրներին, ուզում եմ շնորհավորել Սուրբ Ծնունդի առիթով: Թող Փրկչի Ծնունդը հույս տա, ոգևորի և հուշի քայլերը, որոնք կտանեն դեպի պատերազմի ավարտ և խաղաղության հաստատում: Աղոթենք Ուկրաինայի համար»,- ասել է Հռոմի քահանայապետը:
Անցյալ տարվա փետրվարի 24-ից սկսած, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրեթե բոլոր հանրային ելույթներում անդրադարձել է պատերազմին և Մոսկվային կոչ է արել ավարտել արյունահեղությունը: Նա այդ հարցով դիմել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Բրեստի շրջանում՝ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին գտնվող «Օբուզ-Լեսնովսկի» հրաձգարան, որտեղ վարժանքներ է անցկացնում ռուս-բելառուսական միացյալ զորամիավորումը:
«Ընդհանուր գործ ենք անում»,- դրվատանքով ասել է Լուկաշենկոն՝ ռուսաստանցի սպայի զեկույցը լսելուց հետո:
Նա ընդգծել է, որ համատեղ վարժանքը կարևոր նշանակություն ունի նաև բելառուսական բանակի համար:
«Սա օգնում է նրանց, ովքեր վառոդի հոտ դեռ չեն առել, սա դպրոց է, դաս է, ուզում եմ պատմեք այդ հարցերի մասին»,- ասել է Լուկաշենկոն:
Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին մասնակցում է միացյալ զորամիավորումը, որի կազմում են մոտոհրաձգային, հրասայլային, հատուկ նշանակության և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:
Վերլուծաբանները չեն բացառում, որ Բելառուսը՝ Կրեմլի ճնշման տակ, կարող է Ուկրաինայի դեմ պատերազմի ինչ-որ փուլում միանալ Ռուսաստանին: Ինքը Լուկաշենկոն մի քանի առիթներով հավաստիացրել է, որ Մինսկը նման մտադրություններ չունի:
Այսօր Բելառուսի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ համատեղ զորավարժությունների համար Ռուսաստանից Բելառուս է բերվել ռազմամթերքի և զինտեխնիկայի հերթական խմբաքանակը:
Բելառուսը 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված այդ պատերազմում առնվազն անուղղակի սատարում է Ռուսաստանին: Այդ կապակցությամբ արևմտյան երկրները մի շարք խիստ պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի նկատմամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թոքաթ նահանգի նույնանուն վարչական կենտրոնում այսօր ասել է, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
«Մենք դեմ ենք Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական առճակատման գոտու վերածելուն, Թուրքիան ձգտում է Ուկրաինայում կրակի դադարեցմանը և հարատև խաղաղությանը», - հայտարարել է Աքարը:
Նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ընթացող հակամարտությունների կարգավորման հարցերը:
Այսօր այդ խնդրին է անդրադարձել նաև Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը:
Նրա փոխանցմամբ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ առաջիկա ամիսներին ռուս-ուկրաիինական պատերազմը կսաստկանա:
«Դա նշանակում է նոր մահեր, ավերներ և լայնածավալ երկարատև ճգնաժամ: Թուրքիան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել {Ռուսաստանի և Ուկրաինայի միջև} բանակցությունների ճանապարհ հաթելու համար»,- ասել է Քալընը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի 2 միլիարդ 850 միլիոն դոլարի ռազմական օգնություն:
Այդ նոր փաթեթով Կիևը կստանա Bradley տեսակի մի քանի տասնյակ ՀՄՄ-ներ (հետևակի մարտական մեքենաներ):
Ենթադրվում է, որ այսօր Վաշինգտոնը պաշտոնապես կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին: Դա կլինի ցայսօր փոխանցված ամենախոշոր փաթեթը:
Վաշինգտոնը մտադիր է օգնությունը հասցնել մինչև գարուն, քանի որ, ըստ վերլուծությունների, գարնանը կմեկնարկի ռազմական գործողությունների ակտիվ փուլը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները և Գերմանիան պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել Bradley և Marder տեսակի ՀՄՄ-ներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:
Ուկրաինան թևակոխում է պատերազմի վճռական փուլ, և նրա միակ նպատակը հաղթանակն է, հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Կարող է լինել միայն մեկ նպատակ՝ Ուկրաինայի հաղթանակը։ Սա միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն և արդար խաղաղություն և անվտանգություն Եվրոպայում»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Կուլեբայի խոսքով՝ այս տարի Ուկրաինան դաշնակիցներից կստանա զենք, որը հնարավոր չէր ձեռք բերել 2022 թվականին։ Այդ նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամենօրյա բանակցություններ է վարում համաշխարհային առաջնորդների հետ, և զենքի մատակարարման վերաբերյալ որոշ որոշումներ կայացվում են հենց այդ խոսակցությունների ընթացքում, ասել է նախարարը։
«Ֆրանսիայից տանկեր և զրահատեխնիկա, ԱՄՆ-ից և Գերմանիայից «Բրեդլի» և «Մարդեր» զրահափոխադրիչներ, լրացուցիչ գերմանական Patriot մարտկոց, զինամթերք և այլն։ Եվ սպասեք ամերիկյան նոր փաթեթի հայտարարությանը։ Նախագահի դիվանագիտական թիմին հաջողվել է համոզել դաշնակիցներին, որ զենքի դեմ տաբուի ժամանակն անցել է»,- գրել է Կուլեբան։
Երկար տատանումներից հետո Ֆրանսիան, հետո ԱՄՆ-ն Ուկրաինային զրահամեքենաներ են խոստացել, ինչը Վլադիմիր Զելենսկին վաղուց էր խնդրում Արևմուտքից։ Փորձագետների կարծիքով՝ դա վկայում է Կիևի արևմտյան դաշնակիցների քաղաքականության փոփոխության մասին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ չի վստահում Ռուսաստանի հրադադարի նախաձեռնությանը։
«Կա ագրեսոր՝ սա Կրեմլն է։ Կա զոհ՝ Ուկրաինայի ժողովուրդը։ Ռուսական զորքերի դուրսբերումը միակ լուրջ որոշումն է, որը կհանգեցնի խաղաղության և անվտանգության։ Միակողմանի զինադադարի մասին հայտարարությունը նույն կեղծիքն է և կեղծավորությունը, ինչպես անհեթեթ, անօրինական անեքսիաների և դրանց ուղեկցող հանրաքվեների շարքը»,- գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ էին արել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Նրանք Կրեմլի առաջարկն անվանել էին ժամանակ շահելու ցինիկ փորձ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային իր տեսաուղերձում ասել է, որ ռուսները ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել որպես ծածկոց՝ թեև կարճ ժամանակով «դադարեցնելու մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և մեր դիրքերին տեխնիկա, զինամթերք ու մոբիլիզացված զորքերը մոտեցնելու համար»։
«Պատերազմը կավարտվի կամ երբ ձեր զինվորները հեռանան, կամ երբ մենք նրանց դուրս շպրտենք»,- հայտարարել է Զելենսկին։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել է հունվարի 6-ին՝ ժամը 12։00-ից ռազմաճակատի ամբողջ երկայնքով դադարեցնել կրակը մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24։00-ն։
«Հաշվի առնելով, որ մարտական գործողությունների շրջանում ուղղափառություն դավանող մեծ քանակի քաղաքացիներ են բնակվում, կոչ ենք անում ուկրաինական կողմին կրակի դադարեցման ռեժիմ հայտարարել և նրանց հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու սուրբծննդյան ճրագալույցի ու Քրիստոսի Ծննդյան օրվա տոնակատարությանը», - ասված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել է, որ Մոսկվան բազմիցս անտեսել է նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության առաջարկները։ Նա նշել է, որ սուրբծննդան, նաև Ամանորի նախօրեին ռուսները հրետակոծել են Խերսոնը, ինչը ևս մեկ ապացույց է, որ տոներին ռուսներն ընդունակ չեն դադարեցնելու կրակը:
Պուտինի առաջարկին լրագրողների խնդրանքով անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը. «Ես չեմ ցանկանում պատասխանել այն ամենի, ինչ Պուտինն ասում է։ Ինձ հետաքրքիր թվաց, որ նա պատրաստ էր ռմբակոծել հիվանդանոցներ, մանկապարտեզներ և եկեղեցիներ դեկտեմբերի 25-ին և Ամանորին։ Ես կարծում եմ՝ նա պարզապես փորձում է մի քիչ թթվածին գտնել»։