Մատչելիության հղումներ

Ուկրաինան չի ընդունում 36 ժամով հրադադար հաստատելու Ռուսաստանի նախագահի առաջարկը


Ուկրաինա, Դոնեցկի մարզի Բոհորոդիչնե գյուղում ռուսական կողմից ավերված եկեղեցի
Ուկրաինա, Դոնեցկի մարզի Բոհորոդիչնե գյուղում ռուսական կողմից ավերված եկեղեցի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային իր տեսաուղերձում ասել է, որ ռուսները ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել որպես ծածկոց՝ թեև կարճ ժամանակով «դադարեցնելու մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և մեր դիրքերին տեխնիկա, զինամթերք ու մոբիլիզացված զորքերը մոտեցնելու համար»։

«Պատերազմը կավարտվի կամ երբ ձեր զինվորները հեռանան, կամ երբ մենք նրանց դուրս շպրտենք»,- հայտարարել է Զելենսկին։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել է հունվարի 6-ին՝ ժամը 12։00-ից ռազմաճակատի ամբողջ երկայնքով դադարեցնել կրակը մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24։00-ն։

«Հաշվի առնելով, որ մարտական գործողությունների շրջանում ուղղափառություն դավանող մեծ քանակի քաղաքացիներ են բնակվում, կոչ ենք անում ուկրաինական կողմին կրակի դադարեցման ռեժիմ հայտարարել և նրանց հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու սուրբծննդյան ճրագալույցի ու Քրիստոսի Ծննդյան օրվա տոնակատարությանը», - ասված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Այնտեղ նաև նշված է, որ Պուտինը կրակը դադարեցնելու հրահանգ է տվել՝ հաշվի առնելով Ռուսիո պատրիարք Կիրիլի դիմումը։

Երեկ ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն էր հրադադարի կոչ արել՝ ասելով, թե դիմում է «ներքին հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պատրիարք Կիրիլի կոչը ցինիկ թակարդ է համարել՝ նրան անվանելով պատերազմի քարոզիչ։

Թվիթերի իր էջում նա գրել է, որ ժամանակավոր հրադադար չի կարող լինել, քանի դեռ ռուսական ուժերը դուրս չեն եկել իրենց գրաված բոլոր տարածքներից։

Լրագրողներին տված մեկնաբանությունում Պոդոլյակը Պուտինի առաջարկը քարոզչական ժեստ է համարել, որով Ռուսաստանը նաև փորձում է հասնել եվրոպական երկրների ճնշումներին Ուկրաինայի վրա՝ հումանիզմին հակառակվելու համար։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել վերախմբավորվելու ու ամրություներ կառուցելու նպատակով։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել է, որ Մոսկվան բազմիցս անտեսել է նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության առաջարկները։ Նա նշել է, որ սուրբծննդան, նաև Ամանորի նախօրեին ռուսները հրետակոծել են Խերսոնը, ինչը ևս մեկ ապացույց է, որ տոներին ռուսներն ընդունակ չեն դադարեցնելու կրակը:

Պուտինի առաջարկին լրագրողների խնդրանքով անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

«Պարոն Պուտինը պարզապես փորձում է մի քիչ թթվածին գտնել» ,- ասել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով. «Ես չեմ ցանկանում պատասխանել այն ամենի, ինչ Պուտինն ասում է։ Ինձ հետաքրքիր թվաց, որ նա պատրաստ էր ռմբակոծել հիվանդանոցներ, մանկապարտեզներ և եկեղեցիներ դեկտեմբերի 25-ին և Ամանորին։ Ես կարծում եմ՝ նա պարզապես փորձում է մի քիչ թթվածին գտնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG