Ուկրաինան անցյալ շաբաթ Գերմանիայից ստացել է հրթիռային համակարգեր, անօդաչու սարքեր, հետևակային մեքենաներ և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր, հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հրթիռներով պիկապ մեքենաների վրա տրամադրվել է 20 70 մմ հրթիռային համակարգ, 2 զրահահավաք մեքենա և այլն:
Նաև Ուկրաինա է ուղարկվել սահմանապահ ծառայության 7 մեքենա, 12 մեծ տարողությամբ կցորդ, 21 գեներատոր, 32 շարժական ջեռուցման համակարգ, մեկ շտապօգնության մեքենա, 36400 բրդյա վերմակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի զինված ուժերին կարգադրել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ՝ հունվարի 6-ին ժամը 12։00-ից մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24։00-ն։
Սա Մոսկվայի նման առաջին քայլն է փետրվարյան ներխուժումից ի վեր։
Պուտինի հանձնարարականի մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Սուրբ Ծնունդի օրերին Ուկրաինայում կրակը դադարեցնելու կոչ էր այսօր ավելի վաղ հնչեցրել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պատրիարք Կիրիլի կոչը «ցինիկ ծուղակ» է որակել ՝ Ռուսաստանի հոգևոր առաջնորդին անվանելով «պատերազմի քարոզիչ»։
Ռուսական ուժերը գնդակոծել են Խերսոնի կենտրոնը, հրթիռն ընկել է բնակելի շենքերից մեկը, որի հետևանքով սպանվել է 20-ամյա տղամարդ, հայտնում է շրջանային վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը։
Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ այս հարվածները տեղի են ունեցել այն նույն րոպեներին, երբ Մոսկվայի Պատրիարքարանը տարածեց Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի կոչը՝ հրադադար հաստատելու մասին։
Ուկրաինացի պաշտոնյան հայտնել է, որ ռուսական բանակը այսօր ավելի վաղ գնդակոծել է նաև Խերսոնի շրջանի Չերնոբաևկա և Կամիշանի բնակավայրերը, որտեղ վնասվել են տներ, ավտոմեքենաներ, գյուղատնտեսական նշանակության կառույցներ, էլեկտրալարեր և գազի խողովակաշար։ Առավոտյան այս հարձակման հետևանքով չորս մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում անմիջապես ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Մոսկվայի և համայն Ռուսիոյի պատրիարք Կիրիլի կոչը՝ հունվարի 6-7-ը հրադադար հաստատելու մասին, «ցինիկ ծուղակ» է որակել։
Պոդոլյակի խոսքերով՝ Ռուսաստանի հոգևոր առաջնորդը «համաշխարհային ուղղափառության համար հեղինակություն չի համարվում և ընդամենը հանդես է գալիս որպես «պատերազմի քարոզիչ»։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր առաջին անգամ է հանդես գալիս հրադադարի կոչով։ Համայն Ռուսիո պատրիարքը բազմիցս Ուկրաինային և Արևմուտքի երկրներին է մեղադրել հակամարտությունը հրահրելու համար, ինչպես նաև օրհնել է ռուսաստանցի զինվորականներին՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ խաղաղության կողմնակից է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կարծիքով՝ վտանգավոր է թերագնահատել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները Ուկրաինայում պատերազմի պայմաններում:
«Նրանք մեծ պատրաստակամություն են ցուցաբերել կորուստներ և տառապանքներ կրելու հարցում», - հայտարարել է Ստոլտենբերգը՝ հավելելով, թե չկա որևէ նշան, որ նախագահ Պուտինը փոխել է Ուկրաինայում իր պլաններն ու նպատակները։
«Այնպես որ, Ռուսաստանին թերագնահատելը վտանգավոր է», - շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Կրեմլի ղեկավարն այսօր հայտարարել է, թե Մոսկվան բաց է երկխոսության համար՝ պայմանով, որ Կիևը կկատարի Ռուսաստանի պահանջները՝ հաշվի առնելով նոր տարածքային իրողությունները:
«Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլս, դիմում եմ ներքին հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը և սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, որպեսզի ուղղափառ մարդիկ կարողանան մասնակցել Սուրբ Ծնունդի նախօրեի և Քրիստոսի Ծննդյան արարողություններին», - ասվում է Ռուսաստանի հոգևոր առաջնորդի անունից տարածված հայտարարությունում։
Ռուսաստանյան և ուկրաինական իշխանություններն առայժմ չեն արձագանքել այս կոչին։ Ուկրաինայում Կիրիլ Պատրիարքին և նրա գլխավորած հոգևոր թեմին մեղադրում են պատերազմին աջակցելու համար։ Համայն Ռուսիո Պատրիարքը բազմիցս Ուկրաինային և Արևմուտքի երկրներին է մեղադրել հակամարտությունը հրահրելու համար, ինչպես նաև օրհնել է ռուսաստանցի զինվորականներին՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ խաղաղության կողմնակից է:
Արևմտյան դաշնակիցներն առաջին անգամ կսկսեն Ուկրաինային մատակարարել իրենց ժամանակակից զրահատեխնիկան։ Այդուհանդերձ, ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար ուկրաինացիներին անհրաժեշտ ավելի ծանր մարտական մեքենաների մատակարարման վերաբերյալ Կիևի խնդրանքը դեռևս չի կատարվել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հաստատել է, որ Վաշինգտոնը դիտարկում է «Բրեդլի» մարտական մեքենաները Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: Այս զրահամեքենաները Միացյալ Նահանգների զինվորականները մարտի դաշտերում օգտագործել են 1980-ականների կեսերից:
Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել զրահամեքենաներ, որոնք դասակարգվում են որպես թեթև տանկեր։ Էմանյուել Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը չի նշել ոչ քանակը, ոչ էլ փոխանցման ժամկետը։
Արևմտյան գործընկերներն առաջին անգամ են խոսում Ուկրաինայի զինված ուժերին նման տեխնիկա տրամադրելու մասին։
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոս» գործակալության նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Պյեր Լևիին է ուղարկել իրեն խոցած արկի բեկորներից մեկը՝ խնդրելով այն փոխանցել Էմանյուել Մակրոնին։
Ռոգոզինի պնդմամբ՝ դեկտեմբերի 21-ին Դոնեցկում իր վիրավորման պատճառ էր հանդիսացել ֆրանսիական արտադրության Caesar հրետանային համակարգից արձակված արկը։
«Մակրոնին նաև փոխանցեք, որ որևէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից այն ռազմական հանցագործությունների համար, որոնք կատարվել են Դոնբասում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների կողմից», - գրել է Ռոգոզինը։
«Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը Ուկրաինային կփոխանցվեն որքան հնարավոր է արագորեն։ Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը Patriot համակարգերի փոխանցումը Ուկրաինային հեղափոխական որոշում է անվանել։
Կիևին Patriot համակարգեր տրամադրելու որոշման մասին Սպիտակ տունը հայտարարել էր անցած տարեվերջին՝ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 2 միլիարդանոց փաթեթի շրջանակներում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ուկրաինացիներին ցուցաբերել ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը։
«Մեր աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացիներին մնում է անփոփոխ: Ես դա պարզ ասացի նախագահ Զելենսկուն այսօր, երբ մենք խոսեցինք հեռախոսով, և ես հասկացրեցի նրան, որ մենք կհոգանք, որ նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռան համար՝ այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - գիշերը Թվիթերում գրել է Թրյուդոն։
Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին աջակցության համար և ասել, որ Թրյուդոյի հետ զրույցը չորրորդ միջազգային զանգն է, որ նա կատարել է տարվա սկզբից։ Ուկրաինայի նախագահն արդեն հասցրել է շփվել նաև Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի վարչապետների հետ։