Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Ռուսաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել ուկրաինական պատերազմի դեմ։ Ակցիայի կազմակերպիչը Ռուսաստանի դեմոկրատական հասարակությունն է, այն հիմնադրել են ռուսները, ովքեր Սերբիա են մեկնել Ռուսաստանի պատերազմից և մոբիլիզացիայից հետո։
Ակտիվիստները երթով անցել են Բելգրադի կենտրոնական փողոցներով՝ սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշների ներքո (շատ ռուսներ, ովքեր չեն աջակցում Ուկրաինայի պատերազմին, առաջարկում են «հանել» կարմիր գույնը Ռուսաստանի դրոշից՝ որպես արյան գույն-խմբ.) և «Խաղաղություն» «Գերեզմաններ չկան» և այլ կարգախոսներով:
Բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին մոտենալ Բելգրադում ՌԴ դեսպանատան շենքին։
Սերբիան չի ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի օկուպացված շրջաններում կեղծ հանրաքվեները, բայց միևնույն ժամանակ հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչը Եվրամիությունը պահանջում է։ Սերբիայի ներկայիս ղեկավարությունը համարվում է Եվրոպայում Պուտինի աջակիցներից մեկը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ միասին։
Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե ԱՄՆ-ն դրանք մատակարարի Ուկրաինային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միաժամանակ նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինան դեռ նման համակարգեր չունի։
Ավելի վաղ Պուտինը լրագրողներին ասել էր, որ Patriot-ը բավականին հին համակարգ է, և այն չի աշխատում, ինչպես ռուսական S-300-ը։
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հրավերով այցելել էր Վաշինգտոն։ Բայդենը Ուկրաինայի նախագահին Սպիտակ տանը ընդունելիս հայտարարել էր գերհզոր և գերժամանակակաից Patriot զենիթահրթիռայի համակարգեր Ուկրաինային տրամադրելու մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է իր ժողովրդին տոկունություն ցուցաբերել Ռուսաստանի հարձակումներին դիմակայելու ժամանակ:
«Ազատությունը թանկ գին ունի, բայց ստրկությունն ավելի բարձր գին ունի», - Սուրբ ծննդյան գիշերը ելույթում ասել է նախագահ Զելենսկին:
Ուկրաինացիների մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են և Սուրբ Ծննդյան գիշերը նշում են հունվարի 6-ին: Այնուամենայնիվ, աճում է մարդկանց թիվը, ովքեր տոնում են այդ օրը դեկտեմբերի 24-ին՝ ամբողջ աշխարհի քրիստոնյաների մեծամասնությանը համահունչ:
«Մենք նշելու ենք տոները, ինչպես միշտ: Մենք կժպտանք և ուրախ կլինենք, ինչպես միշտ: Տարբերությունը մեկն է՝ մենք հրաշքի չենք սպասի, չէ՞ որ մենք ինքներս ենք այն ստեղծում», - նշել է նա:
Ռուսաստանի հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները միլիոնավոր ուկրաինացիների են թողել առանց էլեկտրականության, ջեռուցման և հոսող ջրի: Շաբաթ օրը ռուսական ավիահարվածների հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 68-ը վիրավորվել են Ուկրաինայի հարավային Խերսոն քաղաքում, հայտնել են պաշտոնյաները:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Խերսոն քաղաքի կենտրոնական թաղամասերի՝ այսօր առավոտյան տեղի ունեցած հթրիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 20 վիրավորվել են։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
«Ահաբեկիչ պետությունը շարունակում է խաղաղ բնակչության ռմբակոծությունների միջոցով «Ռուսական աշխարհը» տարածել», - իր հերթին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Խերսոնի հրթիռակոծությունը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քաղաքի այն շրջանում, որտեղ որոտացել են պայթյունները, «ռազմական նշանակության օբյեկտներ չեն եղել»։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 858 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեն 2023-ի ֆինանսական տարվա համար։
Այդ գումարից 800 մլն դոլարը հատկացվել է Ուկրաինային օգնելու համար:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իր ադրբեջանցի գործընկերոջը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իր նամակում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն» ուղղված աջակցության համար, ինչպես նաև նշել, որ Ադրբեջանն «օգնել է Ուկրաինայի ժողովրդին» Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ:
Ավելին, Զելենսկին նաև նշել է, որ «Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը ինչպես հարավկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում»:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ապահովելու համար կիրառվել են անվտանգության արտակարգ միջոցառումներ։
Անցած երեքշաբթի նա այցելել էր ռազմաճակատային Բախմուտ քաղաք, այնուհետև գիշերային գնացքով գաղտնի ուղևորվել Լեհաստան։ Այնտեղ նա նստել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդանավ, որին ուղեկցել են ՆԱՏՕ-ի F-15 կործանիչներ ու հետախուզական օդանավ։
Մինչ Բրիտանիայի օդային տարածք մտնելը հետախուզական օդանավը ստուգել է Հյուսիսային ծովը, որի ջրերում պարեկություն են անում ռուսական սուզանավերը։ Բրիտանիայից դեպի ԱՄՆ ճանապարհի որոշ հատվածում Զելենսկու օդանավը ուղեկցել են ամերիկյան կործանիչներ։ Վաշինգտոնում նրա անվտանգությունը ապահովել են գաղտնի ծառայության աշխատակիցները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Էստոնիայի կառավարությունը ռազմական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ The Baltic Times-ը հաղորդում է, որ օգնության մեծ մասը դրոններ են, անհատական պաշտպանության միջոցներ և ձմեռային հանդերձանք։
Ավելի վաղ Էստոնիան Ուկրաինային տրամադրել էր հրթիռներ, հաուբիցներ, ականանետեր ու տրանսպորտային միջոցներ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահի թիմը ներկայումս աշխատում է խաղաղության համաձայնագրի ուկրաինական պլանի վրա և նախատեսում է իր գաղափարները ներկայացնել Ռուսաստանի ներխուժման տարելիցին, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ «Զելենսկու պլանը» բաղկացած է 10 կետից, բայց դրանց բովանդակությունը չի բացահայտվում։
Պարբերականը միաժամանակ նշում է, որ Կիևի ու Մոսկվայի համար առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունները։
«Երկու կողմերն էլ ձգտում են առավելության հասնել մարտի դաշտում, որպեսզի առավելություն ունենան բանակցություններին նախապատրաստվելու ժամանակ։ Չնայած որևէ բանակցությունների ժամկետների անորոշությանը, բայց ամենայն հավանականությամբ, դրանք տեղի կունենան մի քանի ամսից ոչ շուտ», - գրում է The Wall Street Journal-ը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է տեղադրել համացանցում, որտեղ հեշտ է ճանաչել նրա աշխատասենյակը՝ Զելենսկին վերադարձել է Կիև։
«Բարի լույս բոլորին, ցանկանում եմ առողջություն բոլորին, ես աշխասենյակում եմ։ Աշխատում ենք՝ հանուն հաղթանակի, բոլորին լավ օր», - ասել է Զելենսկին։
Պատերազմի սկզից ի վեր առաջին անգամ դեկտեմբերի 21-ին նա դուրս էր եկել Ուկրաինայից՝ մեկնել էր Միացյալ Նահանգներ, հանդիպել նախագահ Ջո Բայդենին, ելույթ ունեցել Կոնգրեսում։ Զելենսկու այցի ընթացքում հայտարարվեց Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Հետդարձի ճանապարհին Զելենսկին հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։