Մատչելիության հղումներ

Զելենսկին մեկնել է Վաշինգտոն


Ուկրաինայի նախագահ այսօր նախապես չհայտարարված այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, իսկ դրանից առաջ հանդիպում կունենա Միացյալ Նահանգերի նախագահի հետ։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահման այցն է փետրվարի 24-ից` Ռուսաստանի հարձակումից ի վեր։

«Միացյալ Նահանգներ եմ մեկնում Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար», - գրել է Զելենսկին Twitter-ում:

Կրեմլը արդեն հայտարարել է, որ Զելենսկու այցից որևէ դրական արդյունք չի ակնկալում, հակառակը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, հակամարտությունը սրվում է։

Դմիտրի Պեսկովը չի ակնկալում, թե այցից հետո Զելենսկին պատրաստ կլինի բանակցությունների. - «Զենքի մատակարարումը շարունակվում է, մատակարարվող զենքի տեսականին ընդլայնվում է։ Այս ամենը, անշուշտ, հանգեցնում է հակամարտության սրման և լավ բան չի հուշում Ուկրաինայի համար»:

«Ջո Բայդենը Զելենսկու վաշինգտոնյան այցի ընթացքում կհայտարարի աջակցության նոր փաթեթի մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Խոսքը 2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի մասին է, որը կներառի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։

Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի գնահատմամբ, ԱՄՆ-ն այս տարի 18,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, ինչը ավելին է, քան տրամադրել են Ուկրաինայի մյուս բոլոր դաշնակիցները միասին:

«Սա ուղերձ է Պուտինին և աշխարհին, որ Ամերիկան Ուկրաինայի կողքին կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժետ է», - Զելենսյու այցի նախօրեին հայտարարել է Սպիտակ տունը՝ հավելելով. - «Նախագահ Պուտինը սխալվեց հաշվարկներում՝ ենթադրելով, թե Ուկրաինայի ժողովուրդը կզիջի, և որ ՆԱՏՕ-ն կմասնատվի: Նա երկու դեպքում էլ սխալվեց։ Նա շարունակում է սխալվել մեր ուժի հարցում: Եվ դա այն է, ինչ ցույց կտա այս այցը»։

Ռուսաստանը հոկտեմբերից թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածները՝ ձմռանը միլիոնավոր մարդկանց թողնելով առանց լույսի, ջեռուցման և ջրի։ Ռմբակոծությունները չեն դադարում։ Մոսկվան հայտարարում է, որ շարունակելու է այս մարտավարությունն ու հատուկ ռազմական օպերացիան։

Նախօրեին Զելենսկին այցելել էր Բախմուտ, որի արվարձաններում այս օրերին թեժ մարտեր են ընթանում, և որը հունիսից դեռ ռուսները փորձում են գրավել։ Այցից հետո Զելենսկին իր ուղերձում հերթական անգամ շեշտել է, թե ուկրաինական դրոշը վերադառնալու է ուկրաինական բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմ. - «Մենք կանենք հնարավորն ու անհնարինը, սպասված և անսպասելի ամեն ինչ, որպեսզի մեր հերոսներն ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթելու համար: Այն արդյունքների համար, որոնք ակնկալում են բոլոր ուկրաինացիները: Ինչին սպասում են մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը առաջին գծում: Ուկրաինան սեփական ոչինչ չի թողնի թշնամուն»:

Մինչ զելենսկին պատրաստվում է հանդիպումներին Վաշինգտոնում, Ռուսաստանի նախագահն այսօր հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ և հայտարարել, թե ռուսական բանակը ֆինանսավորման որևէ սահմանափակում չունի և կստանա այն, ինչ կուզենա և ինչն անհրաժեշտ է։

Կրեմլի ղեկավարը ավանդաբար խոսել է նաև միջուկային հզոր ներուժի մասին. - «Մենք շարունակելու ենք պահպանել և բարելավել մարտական և միջուկային պատրաստվածությունը։ Սա մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ռազմավարական պարիտետի և աշխարհում ուժերի ընդհանուր հավասարակշռության պահպանման հիմնական երաշխիքն է»։

Պուտինն այսօր նաև հայտարարել է, որ ռուսական բանակը կստանա նոր գերհզոր միջուկայաին զենք։ Նրա խոսքով, առաջիկայում առաջին անգամ մարտական հերթապահության կդրվեն «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։

XS
SM
MD
LG