Մատչելիության հղումներ

Այս ճակատամարտը չի կարելի սառեցնել, այն պետք է հաղթել. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի պալատների համատեղ նիստում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի պալատների համատեղ նիստում։

«Ուկրաինան դիմակայեց ուկրաինացիների քաջության ու ամերիկացիների աջակցության շնորհիվ, և Ուկրաինան կհաղթի», - երեկ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։


Պատերազմի տասն ամիսների ընթացքում առաջին անգամ արտերկիր մեկնած Ուկրաինայի նախագահը խոսել է ռուսական ագրեսիան ետ մղելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ եթե Ուկրաինան պարտվի, Ռուսաստանը «կհարվածի Միացյալ Նահանգների դաշնակիցներին». - «Երբ Ռուսաստանը չի կարողանում գրավել մեր քաղաքները, նա փորձում է ոչնչացնել դրանք հրթիռային հարձակումներով: Ավելին, Ռուսաստանը դաշնակից գտավ այս ցեղասպան քաղաքականության մեջ՝ Իրանին: Իրանական հարյուրավոր մահաբեր անօդաչու թռչող սարքերը սպառնալիք դարձան մեր կենսական ենթակառուցվածքների համար: Ահա թե ինչպես է մի ահաբեկիչը գտել մյուսին: Պարզապես ժամանակի հարց է, թե երբ նրանք կհարվածեն ձեր մյուս դաշնակիցներին»:

Ե'վ Սպիտակ տանը, և' Կոնգրեսում Զելենսկին կրկնել է՝ այս ճակատամարտը չի կարելի սառեցնել, այն պետք է հաղթել։ Նա պնդել է, թե հաջորդ տարին շրջադարձային կլինի ռազմական հակամարտությունում։ Շնորհակալություն հայտնելով Վաշինգտոնին ռազմական օգնության համար՝ Զելենսկին է'լ ավելի շատ զենք է խնդրել Կոնգրեսից, ինչպես դա արել էր ավելի վաղ Սպիտակ տանը Բայդենի հետ հանդիպմանը․ - «Մենք կցանկանայինք ավելի շատ Patriot-ներ ձեռք բերել... մենք պատերազմի մեջ ենք»։

Զելենսկու այցի մանրամասները անվտանգության մտավախությունների ֆոնին մի քանի շաբաթ քննարկվել էին կուլիսներում, Վաշինգտոնում ավելի էին ուժեղացվել անվտանգության միջոցառումները, CNN-ին ասել է Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

Բայդենի հետ երկու ժամ տևած հանդիպման բաց հատվածում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին Ուկրաինային աջակցելու համար։ Ի պատասխան Բայդենը վստահեցրել է՝ ԱՄՆ-ի համար «մեծ պատիվ» է լինել Կիևի կողքին Պուտինի պատերազմի դեմ պայքարում։

Ամերիկայի նախագահը կրկին ասել է, որ Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Կիևը կստանա օգնության նոր փաթեթ, այդ թվում՝ գերժամանակակից և գերհզոր զենիթահրթիռային Patriot համակարգեր և խելացի ռումբեր։ Միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահը ընդգծել է՝ Կիևին են տրամադրում ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական զենք։

Առաջիկա օրերին Կոնգրեսը պետք է հաստատի նաև եկող տարվա ծախսերի օրինագիծը, որը ներառում է 44 միլիարդ դոլարի օգնության փաթեթ Ուկրաինային:

Մինչդեռ Կրեմլն այսօր շտապել է հայտարարել՝ ԱՄՆ-ից և այլ երկրներից Ուկրաինային զենքի մատակարարումը չի խանգարի Ռուսաստանին հասնել իր նպատակներին, իսկ ամերիկյան Patriot-ները կդառնան ռուս զինվորականների օրինական թիրախ. - «Իհարկե, ինչպես բոլոր այլ զինատեսակները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից.․․ ապառազմականացումը հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն է»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ անընդհատ ընդլայնում են Ուկրաինային մատակարարվող զենքի տեսականին, ինչը երկարաձգում է այդ երկրի բնակիչների տառապանքը, բայց չի կարող խանգարել Ռուսաստանին հասնել «հատուկ գործողության» նպատակներին։

Մինչ այդ մարտերը Ուկաինայում շարունակվում են։ Արդեն տասն ամիս տևող պատերազմի կողմերը շարունակ պնդում են, որ կռվելու են մինչև վերջ, մինչև չհասնեն իրենց նպատակներին։ Ըստ Washington Post-ի, Միացյալ Նահանգների վարչակազմը մշակում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի երեք սցենար։

Բոլոր երեք մոդելների կողմնակիցներն էլ աջակցում են Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, սակայն տարբեր կարծիքներ ունեն Կիևի զիջումների մասին։

Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը մնում է այն, որ Ռուսաստանի հետ բանակցությունների և դրանց վերաբերյալ հնարավոր դիրքորոշման մասին որոշումները պետք է ընդունի հենց Ուկրաինան, այլ ոչ թե ԱՄՆ-ը։ Սակայն ԱՄՆ-ը կարող է իր կարծիքը փոխանցել Կիևին։

Մոդելներից առաջինն իրականում համապատասխանում է նախագահ Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրին և նախատեսում է ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքից, ներառյալ Ղրիմից։ Երկրորդ մոդելը կոչ է անում ռուսական զորքերը դուրս բերել մինչև փետրվարի 24-ի դիրքերը, այսինքն թողնել Ղրիմը և Դոնբասի մի մասը Ռուսաստանի վերահսկողության տակ։ Երրորդն էլ նախատեսում է Ուկրաինայի վերահսկողությանը փոխանցել Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև այլ օկուպացված շրջաններ, բայց ոչ Ղրիմը։

Երեկ Դոնեցկի հյուրանոցներից մեկում ուկրաինական հրետակոծության ժամանակ վիրավորվել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, ով այժմ ղեկավարում է «Ցարսկիյե վոլկի» ռազմական խորհրդատուների խումբը։ Ռոգոզինը վիրահատվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

XS
SM
MD
LG