- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Խերսոն քաղաքի կենտրոնական թաղամասերի՝ այսօր առավոտյան տեղի ունեցած հթրիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 20 վիրավորվել են։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
«Ահաբեկիչ պետությունը շարունակում է խաղաղ բնակչության ռմբակոծությունների միջոցով «Ռուսական աշխարհը» տարածել», - իր հերթին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Խերսոնի հրթիռակոծությունը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քաղաքի այն շրջանում, որտեղ որոտացել են պայթյունները, «ռազմական նշանակության օբյեկտներ չեն եղել»։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 858 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեն 2023-ի ֆինանսական տարվա համար։
Այդ գումարից 800 մլն դոլարը հատկացվել է Ուկրաինային օգնելու համար:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իր ադրբեջանցի գործընկերոջը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իր նամակում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն» ուղղված աջակցության համար, ինչպես նաև նշել, որ Ադրբեջանն «օգնել է Ուկրաինայի ժողովրդին» Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ:
Ավելին, Զելենսկին նաև նշել է, որ «Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը ինչպես հարավկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում»:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ապահովելու համար կիրառվել են անվտանգության արտակարգ միջոցառումներ։
Անցած երեքշաբթի նա այցելել էր ռազմաճակատային Բախմուտ քաղաք, այնուհետև գիշերային գնացքով գաղտնի ուղևորվել Լեհաստան։ Այնտեղ նա նստել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդանավ, որին ուղեկցել են ՆԱՏՕ-ի F-15 կործանիչներ ու հետախուզական օդանավ։
Մինչ Բրիտանիայի օդային տարածք մտնելը հետախուզական օդանավը ստուգել է Հյուսիսային ծովը, որի ջրերում պարեկություն են անում ռուսական սուզանավերը։ Բրիտանիայից դեպի ԱՄՆ ճանապարհի որոշ հատվածում Զելենսկու օդանավը ուղեկցել են ամերիկյան կործանիչներ։ Վաշինգտոնում նրա անվտանգությունը ապահովել են գաղտնի ծառայության աշխատակիցները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Էստոնիայի կառավարությունը ռազմական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ The Baltic Times-ը հաղորդում է, որ օգնության մեծ մասը դրոններ են, անհատական պաշտպանության միջոցներ և ձմեռային հանդերձանք։
Ավելի վաղ Էստոնիան Ուկրաինային տրամադրել էր հրթիռներ, հաուբիցներ, ականանետեր ու տրանսպորտային միջոցներ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահի թիմը ներկայումս աշխատում է խաղաղության համաձայնագրի ուկրաինական պլանի վրա և նախատեսում է իր գաղափարները ներկայացնել Ռուսաստանի ներխուժման տարելիցին, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ «Զելենսկու պլանը» բաղկացած է 10 կետից, բայց դրանց բովանդակությունը չի բացահայտվում։
Պարբերականը միաժամանակ նշում է, որ Կիևի ու Մոսկվայի համար առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունները։
«Երկու կողմերն էլ ձգտում են առավելության հասնել մարտի դաշտում, որպեսզի առավելություն ունենան բանակցություններին նախապատրաստվելու ժամանակ։ Չնայած որևէ բանակցությունների ժամկետների անորոշությանը, բայց ամենայն հավանականությամբ, դրանք տեղի կունենան մի քանի ամսից ոչ շուտ», - գրում է The Wall Street Journal-ը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է տեղադրել համացանցում, որտեղ հեշտ է ճանաչել նրա աշխատասենյակը՝ Զելենսկին վերադարձել է Կիև։
«Բարի լույս բոլորին, ցանկանում եմ առողջություն բոլորին, ես աշխասենյակում եմ։ Աշխատում ենք՝ հանուն հաղթանակի, բոլորին լավ օր», - ասել է Զելենսկին։
Պատերազմի սկզից ի վեր առաջին անգամ դեկտեմբերի 21-ին նա դուրս էր եկել Ուկրաինայից՝ մեկնել էր Միացյալ Նահանգներ, հանդիպել նախագահ Ջո Բայդենին, ելույթ ունեցել Կոնգրեսում։ Զելենսկու այցի ընթացքում հայտարարվեց Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Հետդարձի ճանապարհին Զելենսկին հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ըստ The Washington Post-ի, Միացյալ Նահանգների վարչակազմը մշակում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի երեք սցենար։
Բոլոր երեք մոդելների կողմնակիցներն էլ աջակցում են Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, սակայն տարբեր կարծիքներ ունեն Կիևի զիջումների մասին։
Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը մնում է այն, որ Ռուսաստանի հետ բանակցությունների և դրանց վերաբերյալ հնարավոր դիրքորոշման մասին որոշումները պետք է ընդունի հենց Ուկրաինան, այլ ոչ թե ԱՄՆ-ը։ Սակայն ԱՄՆ-ը կարող է իր կարծիքը փոխանցել Կիևին։
Մոդելներից առաջինն իրականում համապատասխանում է նախագահ Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրին և նախատեսում է ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքից, ներառյալ Ղրիմից։ Երկրորդ մոդելը կոչ է անում ռուսական զորքերը դուրս բերել մինչև փետրվարի 24-ի դիրքերը, այսինքն թողնել Ղրիմը և Դոնբասի մի մասը Ռուսաստանի վերահսկողության տակ։ Երրորդն էլ նախատեսում է Ուկրաինայի վերահսկողությանը փոխանցել Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև այլ օկուպացված շրջաններ, բայց ոչ Ղրիմը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
«Ուկրաինան դիմակայեց ուկրաինացիների քաջության ու ամերիկացիների աջակցության շնորհիվ, և Ուկրաինան կհաղթի», - Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Պատերազմի տասն ամիսների ընթացքում առաջին անգամ արտերկիր մեկնած Ուկրաինայի նախագահը խոսել է ռուսական ագրեսիան ետ մղելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ եթե Ուկրաինան պարտվի, Ռուսաստանը «կհարվածի Միացյալ Նահանգների դաշնակիցներին». - «Երբ Ռուսաստանը չի կարողանում գրավել մեր քաղաքները, նա փորձում է ոչնչացնել դրանք հրթիռային հարձակումներով: Ավելին, Ռուսաստանը դաշնակից գտավ այս ցեղասպան քաղաքականության մեջ՝ Իրանին: Իրանական հարյուրավոր մահաբեր անօդաչու թռչող սարքերը սպառնալիք դարձան մեր կենսական ենթակառուցվածքների համար: Ահա թե ինչպես է մի ահաբեկիչը գտել մյուսին: Պարզապես ժամանակի հարց է, թե երբ նրանք կհարվածեն ձեր մյուս դաշնակիցներին»:
Ե'վ Սպիտակ տանը, և' Կոնգրեսում Զելենսկին կրկնել է՝ այս ճակատամարտը չի կարելի սառեցնել, այն պետք է հաղթել։ Նա պնդել է, թե հաջորդ տարին շրջադարձային կլինի ռազմական հակամարտությունում։ Շնորհակալություն հայտնելով Վաշինգտոնին ռազմական օգնության համար՝ Զելենսկին է'լ ավելի շատ զենք է խնդրել Կոնգրեսից, ինչպես արել էր ավելի վաղ Սպիտակ տանը Բայդենի հետ հանդիպմանը․ - «Մենք կցանկանայինք ավելի շատ Patriot-ներ ձեռք բերել... մենք պատերազմի մեջ ենք»։
Առաջիկա օրերին Կոնգրեսը պետք է հաստատի նաև եկող տարվա ծախսերի օրինագիծը, որը ներառում է 44 միլիարդ դոլարի օգնության փաթեթ Ուկրաինային:
Մինչդեռ Կրեմլը շտապել է հայտարարել՝ ԱՄՆ-ից և այլ երկրներից Ուկրաինային զենքի մատակարարումը չի խանգարի Ռուսաստանին հասնել իր նպատակներին, իսկ ամերիկյան Patriot-ները կդառնան ռուս զինվորականների օրինական թիրախ. - «Իհարկե, ինչպես բոլոր այլ զինատեսակները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից.․․ ապառազմականացումը հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն է»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ անընդհատ ընդլայնում են Ուկրաինային մատակարարվող զենքի տեսականին, ինչը երկարաձգում է այդ երկրի բնակիչների տառապանքը, բայց չի կարող խանգարել Ռուսաստանին հասնել «հատուկ գործողության» նպատակներին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն դեպքում, եթե Ռուսաստանը պատրաստ կլինի լրջորեն բանակցել:
Այդ մասին դեկտեմբերի 22-ի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Դուք լսել եք, որ ինքը նախագահը {Ֆրանսիայի նախագահ Էմանյուել} Մակրոնի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եթե Պուտինի կողմից լուրջ պատրաստակամություն լինի, ինքը, վստահաբար, կգա հանդիպման», - նշել է Քիրբին:
Նա ավելացրել է, որ «հանդիպման վերաբերյալ ռուսների կողմից լուրջ և իրական մտադրության պարագայում Բայդենը պատրաստ կլինի բանակցել՝ պայմանով, որ նախապես հարցի շուրջ կխորհրդակցի Ուկրաինայի հետ և բանակցությունների ընթացքում էլ կշարունակի այդ կոնսուլտացիաները»: