- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եթե ԱՄՆ-ը Patriot հրթիռային համակարգեր փոխանցի Ուկրաինային, դա կլինի հերթական սադրիչ քայլը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:
«Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա մենք ականատես կլինենք վարչակազմի հերթական սադրիչ քայլին, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների», - ասված է հայտարարությունում:
«Վաշինգտոնի այս գիծը ոչ միայն հսկայական վնաս է հասցնում ռուս - ամերիկյան հարաբերություններին, այլ նաև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում գլոբալ անվտանգության համար: ԱՄՆ-ն է պատասխանատու ուկրաինական հակամարտության երկարաձգման և սրման համար», - նշված է հաղորդագրությունում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են 64 ռազմագերիների վերադարձնելու մասին:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի փոխանցմամբ, «տուն են վերադարձել մեր հերսները՝ սպաներ և շարքայիններ»:
Հաջողվել է ազատել նաև հունիսին Խերսոնում ռուսների կողմից ձերբակալված և «ատելության խոսք տարածելու» մեղադրանքով դատապարտված Միացյալ Նահանգների քաղաքացի Մուրեկեզի Սուեդիին:
Ռուսներն ուկրաինական կողմին են վերադարձրել են նաև 4 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները:
Ռուսական կողմն, իր հերթին, հայտնել է նախօրեին Դոնեցկի բանակի ինքնահռչակ կազմավորման «բանակի» 104 զինծառայողներին ուկրաինական գերությունից ազատելու մասին: Ըստ ռուսների, «նրանք ուկրաինական բանտերում դաժան վերաբերմունքի են ենթարկվել»:
Ռուսաստանը և Ուկրաինան վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար գերիներ են փոխանակում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը հայտարարել է, թե Ուկրաինային փոխանցվող ամերիկյան արտադրության Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական բանակի համար կդառնան օրինական թիրախ:
«Կա տեղեկություն, որ Patriot-ների փոխանցումը վերջնական համաձայնեցվում է, եթե այդպես լինի, դրանք անմիջապես կդառնան մեր ուժերի համար լեգիտիմ թիրախ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Patriot-ները համարվում են աշխարհում այսօրվա դրությամբ ամենաարդիական և կատարելագործված ՀՕՊ համակարգերից մեկը:
Ռուս-ուկրաինական պարտերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը մոտ 19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրախոհրրդարանը խորհրդային գիտնական, այլախող և իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան 2022 թվականի մրցանակը «Մտքի ազատության» մրցանակը շնորհել է «Ուկրաինայի խիզախ ժողովրդին»:
Դափնեկրի թեկնածուների ցանկում էին Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և «Ճշմարտության հանձնաժողով» կոլումբիական կազմակերպությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Եվրախորհրդարանին: Նա ասել է, որ պետք է ոչ թե սպասել պատերազմի ավարտին, այլ հենց այսօր ջանքեր գործադրել պատերազմի համար մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:
Անցյալ տարի Սախարովի մրցանակին արժանացել է ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:
Եվրոպական խորհրդարանն այս տարի մրցանակը շնորհում է «թե՛ իրենց հողում հայրենիքի համար կռվող ուկրաինացիներին, թե՛ պատերազմում մտերիմներին կորցրածներին և թե՛ պատերազմի հետևանքով փախստական դարձած բնակիչներին»
Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնվել է 1988 թվականին: Դա Եվրամիության կողմից շնորհվող բարձրագույն մրցանակն է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հռոմի Բենեդիկտոս պապը մարդկանց հորդորել է նվազեցնել սուրբծննդյան տոնակատարությունների և նվերների համար նախատեսած դրամական միջոցները և տարբերությունը փոխանցել ընթացող պատերազմի հետևանքով ցրտի ու սովի մատնված ուկրաինացիներին:
«Եկեք վերստին դրսևորենք մեր մտերմությունը նահատակ ուկրաինացի ժողովրդին: Աղոթենք այդքան տառապող մեր քույրերի և եղբայրների համար, այնքան շատ է տառապանքն Ուկրաինայում, այնքան շատ»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:
Նա կոչ է արել այս տարվա Սուրբ ծնունդի օրերին բավարարվել ավելի համեստ սեղաններով և ավելի համեստ նվերներով և խնայված գումարով օգնել Ուկրաինային:
«Եկեք չմոռանանք նրանց: Այո, Սուրբ ծնունդն է, այո, մեր հոգիներում խաղաղությունն է Տիրոջ հետ, բայց մեր սրտում նաև ուկրաինացիներն են: Եկեք կոնկրետ գործերով օգնենք նրանց»,- ասել է Հռոմի պապը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը միասնական է Ուկրաինային սատարելու գործում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նա իր մեկնաբանությամբ արձագանքել է Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ Հունգարիայի ներկայացրած առարկություններին:
«Ապագայի առումով կարող եմ ասել հետևյալը. կձախողվի ցանկացած մեկն, ով կմտածի, թե արգելափակելով մեր արտաքին կամ անվտանգային քաղաքականությունն՝ ի զորու կլինի քայքայել Եվրամիության դավանած արժեքները, որոնց հավատարիմ են մեր միության բոլոր անդամները»,- ասել է Շոլցը:
Ավելի վաղ Բուդապեշտն առարկել է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու գաղափարի դեմ և մեղմել է դիրքորոշումը միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունը մասամբ արգելանքից հանել է Հունգարիայի համար նախատեսած ֆինանսական օգնությունը:
Եվրամիությունը սառեցրել էր այդ գումարը Հունգարիայում օրենքի գերակայության սկզբունքը սահմանափակելու գործելակերպի կապակցությամբ:
Գերմանիայի կանցլերը Բունդեսթագում անդրադարձել է նաև վաղը Բրյուսելում նախատեսված Եվրոպական խորհրդի նիստի օրակարգին, ասելով, որ այն վկայում է, թե որքան լուրջ է կացությունը, որի մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքաշել է ամբողջ Եվրոպայի մայրցամաքը:
«Բայց այդ օրակարգը նաև ապացուցում է, թե ինչ աղաղակող սխալ է գործել Պուտինը՝ սկսելով այս պատերազմը: Նա կարծում էր, թե մի քանի օրում կգրավի Ուկրաինան: Համոզված էր, որ Եվրոպան կպառակտվի, հավատում էր, թե փակելով գազի ծորակը՝ կոչնչացնի Եվրոպայի համերաշխությունը: Նրա ոչ մի գաղափար իրականություն չդարձավ»,- ասել է Օլաֆ Շոլցը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե ՀՕՊ համակարգի ստորաբաժանումները ոչնչացրել են մայրաքաղաք Կիևը թիրախավորած «Շահեդ» տեսակի իրանական արտադրության բոլոր 13 ԱԹՍ-ները:
«Բոլորին առողջություն եմ մաղթում: Ահաբեկիչներն [ռուսական բանակը] այս առավոտյան «Շահեդ» տեսակի 13 դրոն են արձակել: Ըստ նախնական տեղեկությունների, բոլոր 13 ԱԹՍ-ները ոչնչացվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ջանքերով: Ապրե՛ք, հպարտանում եմ ձեզնով: Սիրելի հայրենակիցներ, մենք երախտապարտ ենք մեր ՀՕՊ-ին, խնդրում եմ, մի անտեսեք հակաօդային տագնապի ազդանշանները»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքի Շևչենկովսկի թաղամասում պայթյուններ են որոտացել և դրոնների գրոհին երկու վարչական շենք է ենթարկվել:
Այդ թաղամասում գտնվում են մի շարք համալսարաններ, պատկերասրահներ և ռեստորաններ: Բնակելի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Վաղ առավոտյան Կիևում երկու ժամ շարունակ օդային տագնապի շչակների ձայնն է լսվել:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր արձագանքելով Ուկրաինայի նախագահի կոչին, թե հակամարտությունը կարգավորելու համար Ռուսաստանը կարող է մինչև տարեվերջ սկսել զորքերի դուրսբերումն Ուկրաինայից, ասել է, թե դրա մասին խոսք լինել չի կարող։
Պեսկովի խոսքերով՝ ուկրաինական կողմին անհրաժեշտ է ընդունել ստեղծված իրողությունը։ «Այդ իրողությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նոր սուբյեկտներ ունի, որոնք առաջացել են այդ տարածքներում անցկացված հանրաքվեների արդյունքում»,- հեռախոսակապով պատասխանելով լրագրողների հարցերին ասել է Պեսկովը և ընդգծել, որ «առանց այդ իրողությունը ընդունելու՝ որևէ շարժում առաջ հնարավոր չէ»։
Ռուսաստանն իրեն է միացրել Ուկրաինայի 4 շրջանները, հիմք ընդունելով այնտեղ անցկացված հանրաքվեները։ Միջազգային հանրությունը չի ընդունում, դատապարտում է Ռուսաստանի այդ քայլերը և օգնում Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Դոնեցկի, այսպես կոչված, ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ասել է, որ մարզի տարածքի կեսից մի փոքր ավելին ռուսական ուժերն «ազատագրել են»։
Դոնեցկը Ուկրաինայի չորս մարզերից մեկն է, որը Մոսկվան միացրել է Ռուսաստանին, որպես հիմք ընդունելով այնտեղ անցկացված հանրաքվեի արդյունքները, ինչը Ուկրաինան և միջազգային հանրությունը չեն ճանաչում։
Ռուսական «Ռիա Նովոստիի» կայքում հրապարակված տեսանյութում Պուշիլինն ասել է, որ խնդիր է դրված ազատագրել մարզի ամբողջ տարածքը։ «Մեր ստորաբաժանումներն անում են հնարավորը, որ դա հնարավորինս շուտ կատարվի»,- ասել է նա։
Վերջին շրջանում մարտերն ընթանում են Դոնեցկի մարզի կենտրոնական շրջանում, մասնավորապես, Բախմուտ քաղաքի համար։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում այսօր ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Փարիզում այսօր Ուկրաինայի աջակիցների համաժողով է անցկացվելու։ Ակնկալվում է շուրջ յոթ տասնյակ երկրների և ընկերությունների մասնակցություն։
Քննարկվելու է այս ձմռանը Ուկրաինային հրատապ օգնություն ցուցաբերելու հարցերը՝ ապահովելու համար պարեն ու էներգիա, ջրամատակարարում ու առողջապահության համակարգի գործունեությունը, տրանսպորտի աշխատանքը, քանի որ ռուսական ուժերը շարունակում են հրետակոծել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներն ու քաղաքացիական օբյեկտները։
Ուկրաինայի նախագահի կինը Ելենա Զելենսկայան մասնակցելու է Փարիզի համաժողովին, իսկ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենալու տեսաուղերձով։