Մատչելիության հղումներ

Շոլցը դատապարտել է Բուդապեշտի գործելակերպը Կիևին օգնելու հարցում


Օլաֆ Շոլցը կառավարության նիստում, Բեռլին, 14 դեկտեմբերի, 2022թ.
Օլաֆ Շոլցը կառավարության նիստում, Բեռլին, 14 դեկտեմբերի, 2022թ.

Կանցլերի փոխանցմամբ, «Պուտինն աղաղակող սխալ է գործել` սկսելով պատերազմը»:

Եվրոպական միությունը միասնական է Ուկրաինային սատարելու գործում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Նա իր մեկնաբանությամբ արձագանքել է Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ Հունգարիայի ներկայացրած առարկություններին:

«Ապագայի առումով կարող եմ ասել հետևյալը. կձախողվի ցանկացած մեկն, ով կմտածի, թե արգելափակելով մեր արտաքին կամ անվտանգային քաղաքականությունն՝ ի զորու կլինի քայքայել Եվրամիության դավանած արժեքները, որոնց հավատարիմ են մեր միության բոլոր անդամները»,- ասել է Շոլցը:

Ավելի վաղ Բուդապեշտն առարկել է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու գաղափարի դեմ և մեղմել է դիրքորոշումը միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունը մասամբ արգելանքից հանել է Հունգարիայի համար նախատեսած ֆինանսական օգնությունը:

Եվրամիությունը սառեցրել էր այդ գումարը Հունգարիայում օրենքի գերակայության սկզբունքը սահմանափակելու գործելակերպի կապակցությամբ:

Գերմանիայի կանցլերը Բունդեսթագում անդրադարձել է նաև վաղը Բրյուսելում նախատեսված Եվրոպական խորհրդի նիստի օրակարգին, ասելով, որ այն վկայում է, թե որքան լուրջ է կացությունը, որի մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքաշել է ամբողջ Եվրոպայի մայրցամաքը:

«Բայց այդ օրակարգը նաև ապացուցում է, թե ինչ աղաղակող սխալ է գործել Պուտինը՝ սկսելով այս պատերազմը: Նա կարծում էր, թե մի քանի օրում կգրավի Ուկրաինան: Համոզված էր, որ Եվրոպան կպառակտվի, հավատում էր, թե փակելով գազի ծորակը՝ կոչնչացնի Եվրոպայի համերաշխությունը: Նրա ոչ մի գաղափար իրականություն չդարձավ»,- ասել է Օլաֆ Շոլցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG