- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Մեծ յոթնյակի» երկրներն երեկ անցկացված առցանց գագաթնաժողովում խոստացել են շարունակել օգնել Ուկրաինային, հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգերով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել G7-ի առաջնորդներին օգնել Կիևին՝ ապահովելու տնտեսական և էներգետիկ անվտանգությունը և կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և մինչ Սուրբ Ծնունդ սկսել զորքերի դուրսբերումը ուկրաինական տարածքներից։
«Ռուսաստանը կարող է սկսել իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից Սուրբ Ծննդյան օրը և դրանով իսկ ցույց տալ ագրեսիայից հրաժարվելու իր կարողությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիության խորհուրդը երեկ արտգործնախարարների մակարդակով չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ, լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Պայմանավորվածությունը դեռ ձեռք չի բերվել նախարարների կողմից, բայց հուսով եմ, որ այն ձեռք կբերվի այս շաբաթ»,- ասել է Բորելը՝ նախարարների հանդիպումից հետո։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Արդեն հաջորդ տարի Եվրոպան կարող է գազի սուր դեֆիցիտի բախվել», - այսօր Բրյուսելում հայտարարել է Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
«Կարծես թե այս ձմեռ մենք լուրջ խնդիրների չենք բախվի։ Կարող են լինել տնտեսական և սոցիալական բարդություններ, սակայն էներգակիրների պակաս չի նկատվի։ Դրա պատճառը Եվրոպայում ձեռնարկված քայլերն էին։ Այս պահին գազի պահեստարաններում վառելիքի բավական մեծ ծավալներ են առկա», - նշել է Բիրոլը՝ հավելելով, սակայն, որ խնդիրները կարող են ծագել մյուս տարի։
«Մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարի մենք մեր էներգետիկ համակարգում ռուսական գազ ընդհանրապես չենք ունենա։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանը, երբ գործը հասնում է որոշակի քաղաքական հարցերի, գազը որպես զենք է օգտագործում։ Այդ իսկ պատճառով մեզ թվում է, որ հաջորդ տարին կարող է շատ ավելի խնդրահարույց լինել», -հայտարարել է Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա տարեվերջյան ասուլիսն այս տարի չի կայանա, այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դրա հետ մեկտեղ մենք ակնկալում ենք, որ նախագահը լրագրողների հետ շփման հնարավորություն, այնուամենայնիվ, կգտնի», - նշել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ առայժմ որևէ հստակություն չկա նախագահի՝ Դաշնային խորհրդին ամենամյա ուղերձի հետ կապված։
«Այս հարցը դեռ հստակեցման փուլում է», - նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «աննախադեպ ռազմական և ֆինանսական օգնության համար»։
Զելենսկին ասել է, որ այսօր կմասնակցի Մեծ յոթնյակի առցանց գագաթնաժողովին։
Սպիտակ տան հաղորդմամբ՝ Բայդենը հավաստիացրել է, որ աջակցությունը Ուկրաինային շարունակական է լինելու, նշելով, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է համարում օգնել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։
Երեկ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան չի բացառում, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների 9-րդ փաթեթը կարող է հաստատվել արդեն այսօր։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքից առաջ։
«Վստահ եմ, որ պատժամիջոցների նոր փաթեթը մենք ի վիճակի կլինենք հաստատել մինչև այսօր երեկո», - պնդել է Կոլոնան։
ԵՄ հեղինակած այս փաստաթղթով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ևս 200 քաղաքացիների, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, նահանգապետերի և պատգամավորների նկատմամբ։ Բացի այդ պատժամիջոցներ են սահմանվելու Ռուսաստանում գործող մի շարք բանկերի, արդյունաբերական ձեռնարկությունների և հեռուստաալիքների դեմ, արգելվելու է երրորդ երկրներից անօդաչու թռչող սարքերի արտահանումը Ռուսաստան։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրամիությունը (ԵՄ) մտահոգված է, որ Թուրքիան սերտ գործընկերություն է պահպանում Ռուսաստանի հետ՝ չնայած Ուկրաինայում պատերազմին և Մոսկվայի դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցներին։
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի խորացումը «մեծ անհանգստության առիթ է», նշել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը Եվրախորհրդարանին ուղղված նամակում, հաղորդել են գերմանական լրատվամիջոցները դեկտեմբերի 11-ին:
Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ մտահոգիչ է նաև Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալու շարունակական քաղաքականությունը:
Կարևոր էր, որ Թուրքիան Ռուսաստանին չառաջարկեր պատժամիջոցների հետ կապված որևէ լուծում, հավելել է Բորելը:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիևը հակահարված է տվել Մելիտոպոլում:
Ուկրաինական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը 10 անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն ևս հինգը հարվածել են էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մոտ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ավելի ուշ Մելիտոպոլի վտարանդի ուկրաինացի քաղաքապետը հայտարարել է, որ հարված է հասցվել Ռուսաստանի կողմից վերահսկվող քաղաքին։
Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքի վրա Ռուսաստանը հիմնականում իրականական արտադրության անօդաչու թռչող սարքեր է կիրառել, ասել են ուկրաինացի պաշտոնյաները:
«Իրավիճակը Օդեսայի մարզում շատ ծանր է»,- իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ցավոք սրտի, հարվածները կրիտիկական էին, ուստի էլեկտրաէներգիան վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Դա ոչ թե ժամեր է պահանջում, այլ մի քանի օր»:
Հոկտեմբերից Մոսկվան հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների մեծ ալիքներով թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին, ասվում է շաբաթ օրը Բրյուսելում հրապարակված կոմյունիկեում։
«Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Առաջարկն ընդունվել է այսօր խորհրդի կողմից գրավոր և կներկայացվի Եվրախորհրդարանին հաջորդ շաբաթ հնարավոր ընդունման համար»,- ասված է խորհրդի հաղորդագրության մեջ։
Ուկրաինան կարող է հույս դնել ԵՄ-ի վրա, հավելել է ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարարը:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ֆինանսապես, քանի դեռ դա կպահանջվի»,- ասել է նա:
Ըստ հաղորդագրության՝ նպատակն է տրամադրել կարճաժամկետ ֆինանսական օգնություն, ֆինանսավորել Ուկրաինայի անմիջական կարիքները, վերակառուցել կարևոր ենթակառուցվածքները:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարի այն ստացել են ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը», ռուսական «Մեմորիալը», ինչպես նաև քաղբանտարկյալ ճանաչված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի բելառուսցի նախագահ Ալես Բելյացկին։
Ռուսաստանում դատարանի որոշմամբ լուծարված և նախկինում «օտարերկրյա գործակալ» ճանաչված «Մեմորիալը» ներկայացնում էր խորհրդի նախագահ Յան Ռաչինսկին։ Իր ելույթում նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանի նոր ղեկավարությունը և նրա գաղափարական սպասավորները սկսեցին ագրեսիվ պատերազմներ «իրենց հարևանների դեմ՝ ոչնչացնելով պատմական ճշմարտությունը հանուն իրենց քաղաքական շահերի»։
Ուկրաինական Քաղաքացիական ազատությունների կենտրոնը մրցանակաբաշխությանը ներկայացնում էր նրա ղեկավար, իրավապաշտպան Օլեքսանդրա Մատվիյչուկը։ Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը և օգնել Ուկրաինային:
Բելառուս իրավապաշտպան Բյալյացկու փոխարեն, որը կալանավայրում է, Օսլոյում արարողությանը մասնակցել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը։ Իր ելույթում նա խոսել է «միջազգային բռնապետի» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահին։
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից՝ «խաղաղության ամրապնդման գործում ակնառու ավանդի համար»։ 120 տարվա ընթացքում այն շնորհվել է 109 անհատի և 25 կազմակերպության: