Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

10:47 5.12.2022

Այս օրերին կատաղի մարտեր են Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ռուսները փորձում են գրավել Բախմուտը, այս քաղաքի մոտ հատկապես ակտիվ են «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության զինվորները, այդ թվում՝ նախկին բանտարկյալներ:

Երեկ "Верстка"-ն հրապարակել է հարցազրույց Ուկրաինայում գերեվարված «Վագներ»-ի զինծառայողի հետ: Ռուսաստանցի Ալեքսանդր Բոլչյովը պնդում է, թե նախկին բանտարկյալ է և գտնվում էր Ուկրաինայում «Վագներ»-ի կազմում:

Բոլչյովը հարցազրույցում ասում է, որ նախկին բանտարկյալներին սպառնացել են մահապատժի ենթարկել, եթե նրանք նահանջեն:

01:09 5.12.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը CBS հեռուստակայանին դեկտեմբերի 4-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը չի ցուցաբերում Ուկրաինայի խնդիրը բանակցային եղանակով լուծելու հետաքրքրություն:

«Դիվանագիտությունը միշտ արժեք ունի, եթե կողմերը, տվյալ պարագայում Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված են դիվանագիտական փոխգործությամբ: Բայց այն, ինչ հիմա ենք տեսնում, հակառակի մասին է խոսում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իմաստ ունի բանակցությունները սկսելու փորձ անել:

Բլինքենի խոսքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «առաջարկ է ներկայացրել, թե ինչպես շարժվել դեպի խաղաղություն»:

«Իսկ ի՞նչ արեց {Ռուսաստանի նախագահ Վլադիմիր} Պուտինը: Նա կրկնապատկեց, եռապատկեց այն, ինչ մինչ այդ է արել»,- ասել է Բլինքենը:

Նրա համոզմամբ, քանի դեռ Պուտինը չի դրսևորում դիվանագիտական կարգավորման նկատմամբ անկեղծ հետաքրքրություն՝ խնդրի բանակցային լուծում չի լինի:

16:23 4.12.2022

Ուկրաինայում մարտերը դանդաղում են, և դա, հավանաբար, կշարունակվի առաջիկա ձմռան ամիսներին, կարծում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները:

Այնուամենայնիվ, ուկրաինական ուժերի կողմից դիմադրության թուլացման որևէ ապացույց չկա, ասել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

Նա հավելել է, որ երկու կողմերն էլ կփորձեն «համալրվել և վերականգնվել» գարնանը ցանկացած հակահարձակման համար:

Ուկրաինայում պատերազմի 9-րդ ամիսն է, սակայն Ռուսաստանը կորցրել է իր գրաված հողերի կեսից ավելին:

16:22 4.12.2022

Ղազախստանի ոստիկանությունը փնտրում է Աստանայում Ուկրաինայի դեսպանատան շենքում «պայթուցիկ սարքի տեղադրման մասին» հայտնած նամակի հեղինակներին, հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսը դիմել է ոստիկանություն և հայտնել շենքի ականապատման վերաբերյալ նամակ ստանալու մասին:

Ստուգման ընթացքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, դեպքը տեղի է ունեցել առանց տարհանման, սպառնալիքը վերացվել է, ասվում է տեղեկատվության մեջ։

Ներկա պահին ոստիկանությունը որոնում է ներգրավվածներին, հավելել են վարչությունից։

10:38 4.12.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարծիք է հայտնել, որ քանի դեռ Արևմուտքը քննարկում է պատերազմը շարունակելու տարբերակները, «հատուկ ռազմական օպերացիան» կշարունակվի:

«Մեր կարծիքով նրանք {Արևմուտքը} դեռ հակված են շարունակել պատերազմը: Դե եթե այդպես է, ուրեմն հատուկ ռազմական օպերացիան կանգ չի առնի»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա մեկնաբանությունները մեջբերում է ԲելՏա բելառուսական լրատվական գործակալությունը:

«Եթե նրանք ուզում են կռվել մինչև վերջին՝ ո՞վ էր այնտեղ, ուկրաինացին էր, լեհն էր, թե վարձկանը, դա նրանց իրավունքն է: Ես և մեր հատուկ ծառայությունները դեռևս չենք տեսնում, որ նրանք պատրաստ լինեն լիարժեք բանակցություններին, որ մարդավարի պայմանավորվեն»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավաստիացրել է, որ բելառուսները պատրաստ են ամեն բան անել, որ «այս կոնֆլիկտն ավարտվի իսկական պայմանագրով»:

«Մենք անկեղծ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Ոչ դուք {Ռուսաստանը}, ոչ էլ մենք պատերազմ չենք ուզել և չենք ուզում»,- հավաստիացրել է Բելառուսի ղեկավարը:

Նա հիշատակել է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոնի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները «Մինսկյան համաձայնությունների» մասին:

«Դե փաստորեն նա պատերազմի էր պատրաստվում: Ուրեմն պետք չէ մեզ մեղադրել, ասել, թե մենք, իբր, ինչ-որ բանում մեղավոր ենք: Պատրաստվում էին պատերազմին, դե թող այսօր լափեն եփածը»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Շոյգուի հետ զրույցում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի պատասխան մեկնաբանությունների մասին տեղեկություններ չկան:

15:36 3.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա իր տեսաելությում ասել է, որ մինչև գարուն ուկրաինական հացահատիկով բեռնված վեց տասնյակ նավեր դուրս կգան Ուկրաինայի նավահանգիստներից, միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար։

Նա ասել է, որ հիմա երեք նավերի բեռները նախատեսված են Եթովպիայի և Սոմալիի համար։

Ռուսական ուժերի ներխուժման հետևանքով գրեթե կես տարի շրջափակված ուկրաինական նավահանգիստները անցած հուլիսի վերջին ապաշրջափակվեցին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։

Այդ գործարքը Ուկրաինային հնարավորություն տվեց մոտավորապես 13 միլիոն տոննա գյուղմթերք արտահանել, ասել է Զելենսկին։

12:34 3.12.2022

Ռուսական զորքերը նորից գնդակոծել են ուկրաինական Խերսոն քաղաքը, որի հետևանքով դադարեցվել է քաղաքի էլեկտրամատակարարումը:

«Ռուս զավթիչները գնդակոծել են Խերսոնը, վնասել են էլեկտրացանցերը: Քաղաքը կրկին մնացել է առանց էլեկտրականության», - Telegram-ում ասել է նահանգապետ Յարոսլավ Յանուշևիչը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում՝ փորձելով վերականգնել վնասը:

Երեք մարդ է զոհվել նախորդ օրը քաղաքում ռուսական գնդակոծության հետևանքով, ասել է Յանուշևիչը։

Միլիոնավոր ուկրաինացիներ ձմռան սկզբին մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման՝ ռուսական հարվածներից հետո: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին ասել է, որ Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա հետագա հարձակումները «անխուսափելի են»:

11:21 3.12.2022

«Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Պրոյեկտ» կայքի վերլուծությանը, հայտնում է, որ Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին Ռուսաստանի կատարած հարձակումից հետո ռուսական Սևծովյան նավատորմը զրկվել է մարտական կազմի 15 տոկոսից:

Ներխուժումից առաջ Սևծովյան նավատորմի կազմում եղել են 275 նավեր, որոնցից միայն 58-ն էին մարտական: Պարեկային նավակների հետ միասին մարտական նավերի թիվը 74-ի է հասել:

«Պրոյեկտը» վերլուծել է նավերի կորուստների մասին բաց աղբյուրներում հրապարակված տվյալները և պարզել, որ պատերազմի սկզբից ռուսները կորցրել են առնվազն 12 նավեր, որոնց մի մասը խորտակվել է, մյուս մասը վնասվել է և շարքից դուրս եկել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս պատերազմի ընթացքում նավատորմի կրած կորուստների մասին տվյալներ չի հայտնել:

11:19 3.12.2022

Թուրքիան ենթադրում է, որ Ուկրաինայի պատերազմում հնարավոր հրադադարի վերաբերյալ ավելի պարզ պատկեր տեսնելու համար պետք է սպասել մինչև հաջորդ տարվա գարուն:

«Կարծում եմ, հիմա մենք պետք է համոզենք մեր եվրոպացի որոշ գործընկերներին, որ նորից նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Ուկրաինան գետնի վրա առաջընթաց է գրանցում, որոշ տարածքներ է վերադարձնում, բայց Ռուսաստանը միտումնավոր թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքը: Կյանքը շատ ծանր է դառնում ուկրաինացիների ու նաև մեզ, մեզ բոլորիս համար»,- ասել է Չավուշօղլուն:

Այդ մեկնաբանությամբ նա հանդես է եկել Հռոմում գումարված «Միջերկրական երկխոսություններ» միջազգային համաժողովում:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Անկարան փորձել է միջնորդի դեր ստանձնել:

Թուրքիան դեմ է Ռուսաստանին ամբողջությամբ միջազգային ասպարեզից վտարելու քաղաքականությանը:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքվել է ռուսների կողմից պաշարված ուկրաինական սևծովյան նավահանգիստներից հացահատիկը դուրս հանելու և հասցեատերերին հասցնելու գործարքը:

14:31 2.12.2022

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կառավարությանը հանձնարարել է կազմել և Գերագույն ռադային ներկայացնել Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն Ուկրաինայում արգելելու օրինագիծ, հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա տեսաուղերձում:

«Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ագրեսոր երկրի հետ կապված ուժերը զրկվեն ուկրաինացիներին մոլորեցնելու և Ուկրաինան ներսից թուլացնելու հնարավորությունից»,- ասել է Զելենսկին:

Անցած շաբաթների ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկություններ է անցկացրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու թեմերում:

Մայիսին Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին՝ բողոք հայտնելով Ռուսաստանի ռազմական հարձակմանն աջակցելու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի դիրքորոշման դեմ, հայտարարել է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու և անկախանալու մասին:

Վերջերս ուկրաինացիները խուզարկություն են անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի համար սրբատեղի համարվող Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրի տարածքում, որտեղ հայտնաբերել են ռուսամետ գրականություն և կանխիկ դրամով խոշոր գումարներ:

Այսօր նոր խուզարկություններ են տեղի ունենում Ուկրաինայի Ժիտոմիրի, Ռովնոյի և Անդրկարպատյան շրջանների եկեղեցիներում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG