Մատչելիության հղումներ

Ուկրաինայում կարող են արգելել Ռուսաստանի հետ կապված եկեղեցիների գործունեությունը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 1 դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կառավարությանը հանձնարարել է կազմել և Գերագույն ռադային ներկայացնել Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն Ուկրաինայում արգելելու օրինագիծ, հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա տեսաուղերձում:

«Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ագրեսոր երկրի հետ կապված ուժերը զրկվեն ուկրաինացիներին մոլորեցնելու և Ուկրաինան ներսից թուլացնելու հնարավորությունից»,- ասել է Զելենսկին:

Անցած շաբաթների ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկություններ է անցկացրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու թեմերում:

Մայիսին Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին՝ բողոք հայտնելով Ռուսաստանի ռազմական հարձակմանն աջակցելու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի դիրքորոշման դեմ, հայտարարել է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու և անկախանալու մասին:

Վերջերս ուկրաինացիները խուզարկություն են անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի համար սրբատեղի համարվող Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրի տարածքում, որտեղ հայտնաբերել են ռուսամետ գրականություն և կանխիկ դրամով խոշոր գումարներ:

Այսօր նոր խուզարկություններ են տեղի ունենում Ուկրաինայի Ժիտոմիրի, Ռովնոյի և Անդրկարպատյան շրջանների եկեղեցիներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG