Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը ժամանել է Կիև


Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև:

Դա նրա առաջին այցն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած հարձակումից հետո:

Շտայնմայերն ասել է, թե ցանկանում է իր այցով համերաշխություն հայտնել ագրեսիայի ենթարկված Ուկրաինային:

«Իմ ուղերձն ուկրաինացիներին հստակ է՝ մենք ոչ միայն ձեր կողքին ենք, այլև կշարուկանենք տնտեսական, քաղաքական և ռազմական աջակցություն տրամադրել: Իմ ուղերձը գերմանացիներին հստակ է՝ եկեք չմոռանանք, թե ինչ է այս պատերազմն Ուկրաինայի ժողովրդի համար, ինչ տառապանքներ է նա տեսնում, ինչ ահավոր ավերածություններ են այստեղ, Ուկրաինայի ժողովուրդը մեր կարիքն ունի»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով, Գերմանիան կօգնի Ուկրաինային հակաօդային պաշտպանությունը հզորացնելու և ավերված ենթակառուցվածքները վերականգնելու գործում:

Նախևառաջ, ըստ Գերմանիայի նախագահի, անհրաժեշտ է ձմռան շեմին վերականգնել էլեկտրականության և ջրի մատակարարման, ինչպե նաև ջեռուցման համակարգերը:

Նախկինում Շտայնմայերի այցն Ուկրաինա երկու անգամ հետաձգվել է: Այն պետք է տեղի ունենար դեռ ապրիլի 12-ին, սակայն Կիևում նկատել էին տվել, թե այցը նպատակահարմար չէ, քանի որ Շտայմնայերը նախքան պատերազմը սերտ կապեր է ունեցել Ռուսաստանի հետ:

Շտայնմայերը հետագայում խոստովանել է, թե սխալ է գործել, երբ անվերապահորեն սատարել է «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի նախագիծը:

Երկրորդ անգամ նրա այցը չեղարկվել է հոկտեմբերի 20-ին՝ անվտնագության նկատառումներով, քանի որ Կիևը և մի շարք այլ ուկրաինական քաղաքներ ռուսների կողմից ենթարկվել են հուժկու հրթիռակոծության:

XS
SM
MD
LG