Մատչելիության հղումներ

Կան նշաններ, որ ռուսական զորքերը պատրաստվում են լքել Զապորոժիեի ԱԷԿ-ը․ «Էներգոատոմի» ղեկավար


Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ
Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ

Կան նշաններ, որ ռուսական զորքերը պատրաստվում են լքել Զապորոժիեի ատոմակայանը, հայատարարել է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության ղեկավար Պետր Կոտինը:

Նրա խոսքով՝ վերջերս «ռուսական մամուլում շատ հրապարակումներ սկսեցին հայտնվել այն մասին, որ Զապորոժիեի ատոմակայանը միգուցե պետք է փոխանցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ»։

Վերջին օրերին տպավորություն է ստեղծվել, որ ռուս զինվորականները «հավաքել են ճամպրուկները, ասել է «Էներգոատոմ» ընկերության ղեկավարը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները նոյեմբերի 19-20-ը գնդակոծությունից հետո հայտնաբերել են ոչ ռադիոակտիվ արտահոսք՝ կոնդենսատի պահեստավորման տանկերի վնասման պատճառով։ Գործակալության փորձագետները, սակայն, հաղորդագրությունում շեշտել էին, թե չնայած ատոմակայանը զգալիորեն վնասվել է, անվտանգությանը սպառնացող ոչ մի անմիջական վտանգ չի հայտնաբերվել։

Ռուսական զորքերը Զապորոժիեի ատոմակայանը գրավել են մարտին՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան բազմիցս միմյանց մեղադրել են կայանի և հարակից տարածքի հրթիռակոծման համար:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները չեն կարող որոշել, թե կոնկրետ որ կողմն է գնդակոծում կայանը։ Միաժամանակ գործակալությունը կոչ է արել ռուսական կողմին զորքերը դուրս բերել կայանի տարածքից և ապառազմականացնել այդ հատվածը։

Ատոմակայանում ստեղծված իրավիճակը քննարկվել է, մասնավորապես, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցներում։

Պաշտոնապես ռուսական կողմը չի խոսել ատոմակայանից հրաժարվելու հնարավորության մասին։

Նոյեմբերի սկզբին ռուսներն ինքկամ թողել էին Խերսոն քաղաքը։ Իսկ վերջին հաղորդագրությունների համաձայն, ռուսական կողմը Ղրիմի հյուսիսում՝ Արմյանսկ քաղաքի շրջանում, վերջին շաբաթներին սկսել է ակտիվորեն խրամատներ փորել՝ ուկրաինական հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։ Միաժամանակ Արմյանսկ քաղաքի իշխանությունները հայտարարում են, թե բնակչությանը տարհանելու ծրագրեր չունեն։

XS
SM
MD
LG