Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:08 29.11.2022

«Կիևի հետ բանակցություններն այս պահին անհնարին են», - այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, որ դրանց անցկացումը կտրականապես մերժվում է Ուկրաինայի կողմից։

Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է Գերմանիայի ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի, այս պահին ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարել չի կարելի։

«Խաղաղ բանակցությունների համար քաղաքական կամք է անհրաժեշտ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից առաջ քաշվող պահանջները քննարկելու պատրաստակամություն», - նշել է Պեսկովը։

16:06 29.11.2022

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր կհավաքվեն Բուխարեստում։ Երկօրյա հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ուկրաինական հակամարտությունը, Կիևին ռազմական օգնության շարունակումը:

«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մենք չենք նահանջելու: Դաշնակից երկրները ցուցաբերում են աննախադեպ ռազմական աջակցություն: Եվ ես ակնկալում եմ, որ արտգործնախարարները նույնպես կհամաձայնեն ավելացնել չմարող աջակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ավելի վաղ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Նա վստահ է, որ «խաղաղ լուծման հնարավորությունները մեծացնելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է»։

Ինչպես պարզաբանել է Ստոլտենբերգը, որպես օգնության համապարփակ փաթեթի մաս, դաշինքը Ուկրաինային մատակարարում է վառելիք, դեղամիջոցներ, ձմեռային օգտագործման համար նախատեսված սարքավորումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը ճնշելու միջոցներ։

«Շնորհակալ եմ բոլոր դաշնակիցներին իրենց ներդրման համար: Եվ Բուխարեստում մեր հանդիպման ժամանակ ես կոչ կանեմ ավելիին», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

17:10 28.11.2022

Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների յոթ արտգործնախարարներ այսօր ժամանել են Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային։

«Մենք՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Շվեդիայի արտգործնախարարներս այսօր Կիևում ենք՝ ամբողջովին համերաշխ Ուկրաինայի հետ: Չնայած ռուսական ռումբերի անձրևին և բարբարոս դաժանությանը՝ Ուկրաինան կհաղթի»,- Թվիթերում գրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը։

12:42 28.11.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել, որ հաջորդ տարի Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին` առնվազն նույն ծավալով (և, հնարավոր է, ավելի շատ), քան այժմ:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ծանոթանալով վարչապետի ելույթի տեքստին, որը նա պետք է հնչեցնի այսօր։

12:41 28.11.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս շաբաթը Ուկրաինայի համար, ամենայն հավանականությամբ, ոչ պակաս դժվար կլինի, քան նախորդն էր։

Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը ավելի շատ հրթիռային հարվածներ կհասցնի Ուկրաինային և զգուշացրել , որ պաշտպանության ուժերը և երկրի քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ընդհանուր ջանքերի՝ այդ հարվածների հետևանքներին դիմակայելու համար։

12:41 28.11.2022

Կան նշաններ, որ ռուսական զորքերը պատրաստվում են լքել Զապորոժիեի ատոմակայանը, հայատարարել է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության ղեկավար Պետր Կոտինը:

Նրա խոսքով՝ վերջերս «ռուսական մամուլում շատ հրապարակումներ սկսեցին հայտնվել այն մասին, որ Զապորոժիեի ատոմակայանը միգուցե պետք է փոխանցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ»։

Վերջին օրերին տպավորություն է ստեղծվել, որ ռուս զինվորականները «հավաքել են ճամպրուկները, ասել է «Էներգոատոմ» ընկերության ղեկավարը։

16:49 27.11.2022

Կիևում «գրեթե ամբողջությամբ» վերականգնվել են էլեկտրաէներգիան, ջրամատակարարումը, ինչպես նաև կապը, նոյեմբերի 27-ին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմը՝ հավելելով է, որ «հնարավոր են անջատումներ էլեկտրացանցերի ծանրաբեռնվածության պատճառով»:

Ուկրաինայի մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության ռուսական հարձակումներից հետո։ Նոյեմբերի 23-ին Ռուսաստանը հրթիռակոժել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին՝ պատճառելով լուրջ վնաս։

10:51 27.11.2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նախաձեռնել է դրամահավաք, որի միջոցով պետք է դեղամիջոցներ ձեռք բերվեն Ուկրաինայի համար:

The Guardian պարբերականի փոխանցմամբ, նախկին վարչապետն իր կոչը հրապարակել է մոտեցող սուրբծննդյան տոներին ընդառաջ:

Այդ ժամանակաշրջանում երկրում տեղի են ունենում քաղաքական ու հանրային անվանի մարդկանց և սպորտի ու շոուբիզնեսի աստղերի մասնակցությամբ բազմաթիվ բարեգործական միջոցառումներ:

«Բրիտանացիները հայտնի են իրենց առատաձեռնությամբ ու մեծահոգությամբ, և այդ ունակությունները դրսևորում են նույնիսկ երբ գալիս են դժվար ժամանակներ, ուստի կոչ եմ անում՝ այս Սուրբ Ծնունդին ձեռքներդ գրպաններդ տարեք»,- ասել նախկին վարչապետը:

Նրա փոխանցմամբ, հավաքվելիք գումարով ձեռք կբերվեն դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, որոնք կուղարկվեն Ուկրաինա:

Նվիրատվությունները կփոխանցվեն Circle Health հիմնադրամին, որը նախկինում մեկ անգամ արդեն հավաքել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստերլինգ Ուկրաինայի համար:

21:20 26.11.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ասել է, որ այլևս երբեք չի կարելի թույլ տալ, որ սովն օգտագործվի իբրև զենք: Շոլցն այսօր հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայում Հոլոդոմորի զոհերի հիշատակին:

«Ստալինի կողմից միտումնավոր հրահրված մեծ սովն Ուկրաինայում ավելի քան 3 միլիոն 300 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանք է խլել: Այդ սարսափելի մարտավարությամբ մարդկանց զրկել են պարենից և հարկադրել են հեռանալ Ուկրաինայից: Այսօր մենք հայտարարում ենք, որ սովն այլևս երբեք չպետք է զենք դառնա: Դրա համար էլ մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ հիմա տեղի է ունենում», - հայտարարել է Շոլցը:

Նրա փոխանցմամբ՝ ուկրաինական հացահատիկով բեռնված մի նավ այժմ Գերմանիայի հովանավորությամբ ուղևորվում է դեպի Եթովպիա:

Կանցլերն ասել է, որ Բեռլինը լրացուցիչ 15 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկը դուրս փոխադրելու համար:

Գերմանացի օրենսդիրները երեկ քննարկել են Հոլոդոմորը ցեղասպանություն ճանաչելու նախագիծը: Քվեարկության օրը դեռ որոշված չէ:

17:47 26.11.2022

Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետեր Դենիս Շմիգալը, Ինգրիդա Շիմոնիտեն և Մատեուշ Մորավիեցկին Կիևում հարգանքի տուրք են մատուցել Հոլոդոմորի զոհերի հիշատակին:

1932-33 թվականներին Ուկրաինայում սովից մահացել են միլիոնավոր մարդիկ: Ուկրաինայի համոզմամբ՝ սովը միտումնավոր կազմակերպել է բռնապետ Իոսիֆ Ստալինի ռեժիմը:

Ուկրաինայի ներկայիս ղեկավարները, արևմտյան մի շարք երկրների լիդերներ և հասարակական գործիչներ պնդում են, որ Կրեմլն ուկրաինացի ազգայնականներին և գյուղացիությանը պատժելու համար է դիմել այդ քայլին: Ռուսաստանը դա կտրականապես հերքում է:

Երեք վարչապետերը նաև ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կոչ են արել շարունակել ռազմական և ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի կողմից ագրեսիայի ենթարկվող Ուկրաինային:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG