Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

17:44 26.11.2022

Արևմուտքից Ուկրաինա ուղարկված 350 հաուբիցների մոտ մեկ երրորդը պիտանի չեն գերակտիվ օգտագործման կամ մարտերում հակառակորդի կրակից վնասվելու հետևանքով: Այդ մասին, հղում անելով ամերիկյան և ուկրաինական աղբյուրներին, հաղորդում է The New York Times պարբերականը:

Ուկրաինացի հրետանավորներն օրական միջինը 2-ից 4 հազար արկեր են արձակում: Այդ տեմպերը հանգեցնում են հաուբիցների արագ մաշվածության: Հաուբիցը կորցնում է ճշգրտությունը և կրակի հեռահարությունը:

Ըստ վերլուծության՝ ռազմական մասնագետները պարզել են, որ նախկինում չկիրառված 155 միլիմետր տրամաչափի որոշ արկեր վնասում են հաուբիցի փողը:

Ուկրաինայում շարքից դուրս եկած հաուբիցները նորոգելու համար Միացյալ Նահանգները Լեհաստանում տեղակայել է հատուկ արտադրամաս:

17:42 26.11.2022

Ուկրաինայի քաղաքական ասպարեզում արձանագրվել է խիստ հազվադեպ զարգացում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակավ կշտամբել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին:

Նախագահն ասել է, թե քաղաքապետարանը թերացել է ռուսների հրթիռակոծությունների հետևանքով ջեռուցումից զրկված բնակիչների համար տաքացվող ապաստարաններ ստեղծելու գործում: Այդ հատուկ ապաստարաններն Ուկրաինայում անվանում են «դիմադրության հենակետեր»:

«Ամբողջ երկրում տեղակայել ենք «դիմադրության հենակետեր», բայց, ավաղ, գիտեմ, որ ոչ բոլոր քաղաքներում են տեղական իշխանությունները լավ աշխատել: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Կիևի վրա, այստեղ 600 հազար մարդ 20-ից 30 ժամ հոսանք չունի, ոչ ոք չի ների, եթե «դիմադրության հենակետերը» թերի աշխատեն, խնդրում եմ սա շատ լուրջ ընդունել», - ասել է Զելենսկին:

11:01 26.11.2022

Չնայած հակառակորդների բոլոր ջանքերին՝ Ռուսաստանն, անկասկած, կիրականացնի Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա գործուղված զինծառայողների մայրերի հետ Նովո-Օգարյովոյում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

«Ռուսաստանի հակառակորդները փորձում են իրենց նպատակներին հասնել, իսկ մենք պետք է հասնենք մեր նպատակներին: Եվ կասկած չկա, որ դա կանենք»,- ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, թե Ռուսաստանի հակառակորդները «գործում են տեղեկատվական դաշտում և մարդկանց դրդում են ապակառուցողական քայլերի, փորձում են արժեզրկել Դոնբասի ժողովրդին պաշտպանելու մարդկանց ազնիվ մղումը»:

«Նրանք ուզում են զրոյացնել, վարկաբեկել այն, ինչի համար ձեր որդին կյանքը կորցրեց, ուզում են արժեզրկել այն, ինչը մեր տղերքն են անում, արժեզրկել Դոնբասում, Զապորոժիեում, Խերսոնում մեր մարդկանց պաշտպանելու, իմ տեսակետից, շատ ազնիվ ձգտումը»,- ասել է Պուտինն Ուկրաինայում զոհված ավագ լեյտենանտի մոր հետ զրույցում:

21:49 25.11.2022

Միացյալ Նահանգներն «Ուկրաինայի երկաթուղի» ընկերությանը նվիրել է 22500 հատուկ տաքացվող վերմակներ:

Կիևի Կենտրոնական կայարանում և երկրի մնացած կայարաններում գտնվող ուղևորները և ռուսների ռմբահարումների հետևանքով ջեռուցումից զրկված մյուս մարդիկ կարող են դրանց օգնությամբ տաքանալ:

«Վերջին դաժան հարձակումից շատ մարդիկ են սպանվել, շատերն են վիրավորվել, ռուսները ցանկանում են, որ Ուկրաինայում ցուրտն ու մութը տիրի, բայց դա ուկրաինացիներին էլ ավելի վճռական է դարձնում», - ասել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջեթ Բրինքը:

Նրա խոսքով, Ուկրաինայի մայրաքաղաքի Կենտրոնական կայարանն աշխարհի համար դարձել է ուկրաինացիների հերոսության վկայություններից մեկը:

Վերմակները տրամադրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության մարդասիրական օգնության բյուրոն:

Գնացքներին սպասող ուղևորների համար կայարանի աշխատակիցները ջեռուցումը փոքրիկ վառարաններով են ապահովում և վերմակներն են բաժանում:

18:43 25.11.2022

BBC ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորակոչի մասին հրամանագրի հրապարակումից ի վեր Ուկրաինայում մարտական գործողություններում, ինչպես նաև ռազմաճակատ ուղարկվելուց առաջ զոհվել կամ մահացել են առնվազն 326 ռուսաստանցի զորակոչիկներ:

Նրանցից 290-ը զոհվել են բուն ռազմական գործողություններում, ևս 36-ը մահացել են Ռուսաստանի տարածքում՝ զորակոչի կենտրոններում, զինկոմիսարիատներում կամ զորամասերում: Նրանց մահվան հիմնական պատճառներ են դարձել սրտային հիվանդությունները, դժբախտ պատահարները և ալկոհոլի օգտագործումը:

BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը ճշտել է 326 մահացածների անուն-ազգանունները:

Ենթադրվում է, որ զորակոչիկների շրջանում զոհվածների կամ ոչ մարտական պայմաններում մահացածների իրական թիվն ավելի մեծ է: Քանի որ հոկտեմբերից սկսված Ուկրաինայում զոհվածների կարգավիճակը չի նշվում, ուստի հայտնի չէ, զոհվածը պայմանագրային զինծառայող էր, ժամկետային, կամավոր, թե վերջին հրամանագրով զորակոչված:

BBC-ն և «Մեդիազոնա» կայքը կատարել են համատեղ հետազոտություն, որի համաձայն, նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատված են Ուկրաինայոիմ զոհված 9 հազար 311 ռուսաստանցի սպաների և զինվորների անուն-ազգանունները:

18:12 25.11.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Նովո-Օգարևոյի ամառանոցային նստավայրում հանդիպել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում զոհված զինծառայողների մայրերին:

Նա հավաստիացրել է, որ ինքը և Դաշնության մյուս ղեկավարները կիսում են մարտերում զոհված զինծառայողների մայրերի ցավը:

«Ով որդուն է կորցրել, այստեղ լեզուն չի պտտվում ինչ-որ պաշտոնական ընդունված բաներ ասել, ցավակցություն հայտնել: Բայց ուզում եմ, որ իմանաք, որ անձամբ ես, երկրի ամբողջ ղեկավարությունը, մենք կիսում ենք ձեր ցավը: Մենք գիտակցում ենք, որ ոչինչ չի կարող փոխարինել որդուն, երեխայի կորուստը, հատկապես մայրների համար, որոնց պարտական ենք այս աշխարհ գալով, որոնք ծնել, կերակրել, պահել են զավակներին»,- ասել է Պուտինը հանդիպման ընթացքում:

Նա հավաստիացրել է, թե Ռուսաստանի Դաշնության իշխանությունն ամեն բան կանի, որ զոհված զինծառայողների մայրերն իրենց երբեք մոռացված չզգան:

18:06 25.11.2022

Ուկրաինա «Փեթրիոթ» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռներ ուղարկելու որոշումը կախված է ՆԱՏՕ-ի անդամ կոնկրետ երկրներից: Այդ հայտարարությամբ այսօր Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն արձագանքել ուկրաինացիներին «Փեթրիոթներ» տրամադրելու Գերմանիային հասցեագրված Լեհաստանի կոչին:

«Մենք արդեն նշանակալից ՀՕՊ համակարգեր ենք փոխանցել Ուկրաինային: Գերմանիան տվել է արդիական համակարգեր, և ես՝ հաջորդ շաբաթ, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ժողովում, բոլորին կոչ կանեմ լրացուցիչ օգնություն տալ Կիևին, բայց կոնկրետ տեսակի սպառազենի վերաբերյալ վճիռները պետք է կոնկրետ երկրները կայացնեն»,- ասել է Ստոլտենբերգը:

Բեռլինը Վարշավային «Փեթրիոթներ» է առաջարկել այն բանից հետո, երբ վերջերս թիրախից շեղված ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռն ընկել է Լեհաստանի տարածքում և դրա պայթյունից երկու տեղացի ֆերմեր է զոհվել:

17:57 25.11.2022

Ավելի քան 15 հազար մարդ է անհետ կորել ուկրաինական պատերազմի ժամանակ, տեղեկացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչը։

Հաագայում գործող կազմակերպությունը հուլիսին գրասենյակ բացեց Կիևում՝ օգնելու Ուկրաինային փաստաթղթեր հավաքել և փնտրել անհետ կորածներին:

Կազմակերպության Եվրոպայի տնօրեն Մեթյու Հոլիդեյի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե քանի մարդ է բռնի տեղահանվել, պահվում է Ռուսաստանում, ողջ է և բաժանված է ընտանիքից կամ մահացել է:

Ուկրաինայում անհետ կորածների որոնումները կշարունակվեն տարիներ, նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ասել է Հոլիդեյը Reuters-ին տված հարցազրույցում։

17:56 25.11.2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին մեկնել է Ուկրաինա: Այցի ընթացքում նա կհայտարարի ձմռան համար Կիևին լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, հայտնել են բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Ակնկալվում է, որ Լոնդոնը 3 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների վերականգնման համար, ևս 5 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի հացահատիկի տեղափոխման ծրագրին:

Նախատեսվում է, որ բրիտանացի նախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

17:54 25.11.2022

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը ճանաչվել է ահաբեկչությունը հովանավորող պետություն:

Բանաձևում ասվում է, որ խորհրդարանի ստորին պալատն այդ որոշումը կայացրել է Ուկրաինա Ռուսաստանի նեխխուժման կապակցությամբ: Նախագիծը ներկայացրել է «կանաչ ձախերի» խմբակցության պատգամաավոր Տոմա վան դեր Լին:

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հեկստրան նշել է, որ երկրի օրենսդրությունը չի նախատեսում պատժամիջոցների սահմանում ահաբեկչության հովանավորների նկատմամբ:

«Ռուսաստանի բանակն Ուկրաինայում նպատակաուղղված և միտումնավոր հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին», - ասվում է բանաձևում:

Օրենսդիրները նաև կոչ են արել գործադիրին առավելագույն օգնություն տրամադրել Ուկրաինային մարդասիրական, դիվանագիտական և ռազմական ասպարեզներում:

Ավելի վաղ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Չեխիայի և Լեհաստանի խորհրդարանները Ռուսաստանը ճանաչել են որպես ահաբեկչությանը սատարող պետություն:

Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը համարվել է «ահաբեկչական ռեժիմ»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG