- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանն այսօր հրթիռակոծել է Ուկրաինայի մի շարք քաղաքներ, պայթյուններ են արձանագրվել Կիևում, Կիևի մարզում, Վինիցայում, Լվովում, Օդեսայում, Պոլտավայի մարզում, հայտնում են տեղական իշխանությունները։
Հարվածների հետևանքով Կիևում անջատվել է էլեկտրականությունը, աշխատանքն է դադարեցրել ստորգետնյա տրանսպորտը, քաղաքը մնացել է նաև առանց ջրի։ Կիևի մարզում հրթիռներն ընկել են բնակելի շենքի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Լվովը ևս առանց հոսանքի է, քաղաքապետը զգուշացրել է նաև ջրի հնարավոր անջատումների մասին։ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտնել է էներգետիկ կառույցներին հասցված զանգվածային հարվածների մասին, ինչի հետևանքով հոսանքազրկվել են սահմանակից Մոլդովայի մի շարք շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաք Քիշնևը։
Ըստ ուկրաինական պաշտոնական աղբյուրների՝ նախնական տվյալներով հրթիռակոծության հետևանքով երեք մարդ զոհվել, վեցը վիրավորվել են։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչության հովանավոր։ Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հայտարարել են, որ հող են նախապատրաստում նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա կառավարությանը միջազգային տրիբունալ հասցնելու համար:
«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ իրականացվող կանոնավոր հարձակումներն ու վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և միջազգային մարդասիրական իրավունքի մյուս լուրջ խախտումները հավասար են Ուկրաինայի բնակչության դեմ ահաբեկչություններին և ռազմական հանցագործություններ են», - ասվում է փաստաթղթում։
Դրանում Ռուսաստանը ճանաչված է որպես պատերազմի ժամանակ ահաբեկչության մեթոդներ կիրառող երկիր։ Պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթղթին կողմ են քվեարկել 494, ձեռնպահ՝ 44, դեմ՝ 58 պատգամավոր։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Մեդուզա» կայքի վերլուծությունը, հաղորդում է, որ Ռուսաստանում նկատվում է «հոգնածություն Ուկրաինայի դեմ պատերազմից»:
Ըստ «Մեդուզա»-ի, այդ են վկայում իշխանության պատվերով անցկացված սոցիոլոգիական փակ հարցումների արդյունքները:
«Մեդուզա»-ին այդ տեղեկությունները փոխանցել են Կրեմլին մոտ կանգնած անանուն աղբյուրները, որոնց համաձայն՝ «պատասխանները վկայում են, որ ռուսաստանցիները լավատեսորեն չեն տրամադրված թե՛ իրենց և թե՛ երկրի ապագայի հանդեպ»:
Կրեմլի պատվերով անցկացված փակ հարցումների արդյունքները հիմնականում համընկնում են բաց հարցումների արդյունքների հետ:
Russian Field անկախ սոցիոլոգիական ընկերությունը հոկտեմբերին անցկացրել է հարցում, որի արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 19 տոկոսն է ակնկալում, որ կյանքը կբարելավվի, իսկ 57 տոկոսը խոստովանել է, որ «պատերազմի մասին նորությունները հոգնեցնում են»:
Հուլիսի վերջին այդպիսի պատասխան էր տվել հարցվածների մոտ 40 տոկոսը:
Անկախ փորձագետները նշում են նաև, որ պատերազմին ընդդիմացողների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ այսօր Ռուսաստանում առկա լարված մթնոլորտում և վախի պայմաններում մեծ թվով հարցվածներ կարող են անկեղծ չպատասխանել հարցերին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների գանձապետարանի քարտուղարը (ֆինանսների նախարարը) հայտնել է Կիևին 4 և կես միլիարդ դոլար տրամադրելու մասին: Այդ գումարն ուղղվելու է Ուկրաինայի պետական բյուջեին սատարելու նպատակով:
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինային աջակցելու անսասան պարտավորությանը և դրամաշնորհի կարգով 4 ու կես միլիարդ դոլար է հատկացնում այդ երկրի պետական բյուջեին: Գումարի տրամադրումը կսկսվի առաջիկա շաբաթներին»,- ասել է նախարար Ջանեթ Յելենը:
Նրա համոզմամբ, այդ ֆինանսավորումը Կիևին թույլ կտա պահպանել տնտեսական կայունությունը, շարունակել հիմնական պետական ծառայությունների տրամադրումը, այդ թվում՝ աշխատավարձեր վճարել հիվանդանոցների, պետական հիմնարկների և կրթական հաստատությունների աշխատակիցներին և սոցիալական օգնություն ցույց տալ տարեցներին ու երկրի բնակչության խոցելի շերտերին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցով բանակցություններում էական առաջխաղացում չկա: Այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, հարկ է հասկանալ, թե ինչ է նշանակում «անվտանգության գոտի»: Հակամարտության առաջին փուլում, ըստ Պեսկովի, «Ուկրաինան Ռուսաստանին կոչ էր անում հեռացնել ծանր սպառազենը, որն այնտեղ չի էլ եղել»: «Դա հետո բոլորն են հակացել», - նշել է նա:
Ուստի, Պեսկովի խոսքով, անվտանգությանն անդրադառնալիս պետք է խոսել ատոմակայանի ուղղությամբ կրակ բացողների մասին:
«Ովքե՞ր են: Նրանք ուկրաինացի հրետանավորներն են, նրանց հեռանալն է պետք պահանջել, որ Ուկրաինան հեռացնի այնտեղից ծանր սպառազենը և դադարեցնի կրակը, դադարեցնի վտանգի ենթարկել ամբողջ Եվրոպայի մայրցամաքը»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը:
Ռուսները Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավել են Ուկրաինա ներխուժելու առաջին օրերին: Այդ ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում: Դրա աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են:
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ԱԷԿ-ի շրջանում, քանի որ դրանք կարող են միջազգային աննախադեպ ճգնաժամ առաջացնել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Վերջին ռմբակոծություններից հետո Զապորոժիեի ատոմակայանի ստուգման արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները միջուկային անվտանգությանն ուղղակի սպառնալիք չեն արձանագրել, ասվում է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունում։
Գրոսիի խոսքով՝ ատոմակայանի տարածքում զգալի վնասներ են եղել, սակայն առանցքային սարքավորումները չեն տուժել, ճառագայթման արտահոսքի վտանգ չկա։
ԱԷՄԳ-ը շարունակում է պահանջել ատոմակայանում ստեղծել անվտանգության գոտի։ Ռուսական և ուկրաինական կողմերը ռմբակոծության մեջ միմյանց են մեղադրում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ քննարկել է ատոմակայանում ստեղծված իրավիճակը։ Այս զրույցի մանրամասները չեն հրապարակվում։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) դաշինքի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին կոչ է արել պաշտոնապես հայտարարել, որ «Ռուսաստանը ներկայիս ռեժիմի օրոք ահաբեկչական պետություն է»։ Համապատասխան բանաձևն ընդունվել է երեկ երեկոյան։
Երեկ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրված ֆրանսիացի սենատոր Ժոել Գարիո-Մայլամը հայտարարել է, որ միջազգային տրիբունալը պետք է դատի Ռուսաստանի ղեկավարությանը որպես ահաբեկիչների:
Ընտրությանը հաջորդած ելույթում միջազգային իրավունքի մասնագետ Ջոել Գարիո-Մայլամը շեշտել է. - «Ռուս առաջնորդները գործում են իրական ահաբեկիչների պես՝ ցուցադրելով աննախադեպ բարբարոսություն, հարձակվելով խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա: Մենք պետք է գործենք, և նրանք պետք է դատվեն որպես ահաբեկիչներ միջազգային տրիբունալներում»:
Երեկ ընդունված բանաձևը նաև կոչ է անում ստեղծել միջազգային տրիբունալ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևն իրավական ուժ չունի, այն պարզապես կոչ է անդամ պետությունների կառավարություններին։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Պատերազմի գրեթե ինը ամիսների ընթացքում Ուկրաինայում զոհվել է 437 երեխա, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Նախագահ Զելենսկին էլ ասում է, թե այս ընթացքում Ռուսաստանը ավելի քան 4700 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հեռավար դիմելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին՝ Զելենսկին կրկին օգնություն է խնդրել միջազգային հանրությունից խաղաղության ուկրաինական բանաձևն իրագործելու համար։ Դա ենթադրում է, որ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից. - «Այն բավականին կառուցողական է և իրատեսական, ի տարբերություն բանակցություններ վերսկսելու մասին ռուսական դատարկ և կեղծ հռետորաբանության։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի աշխարհը ընդունի խաղաղության ուկրաինական բանաձևը»։
Եթե ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են, որ պատերազմին փոխարինեն բանակցությունները, ուրեմն պետք է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին, հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։ Յենս Ստոլտենբերգի խոսքով, ինչ-որ փուլում բանակցություններ սկսվելու են, և այդ բանակցությունների արդյունքը կախված է լինելու ճակատում ստեղծված իրվիճակից. - «Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք Ուկրաինայի համար ընդունելի արդյունք, արդյունք, որը երաշխավորում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, դրան հասնելու լավագույն միջոցը Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելն է»:
Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեքորնյուն իր հերթին Le Journal du Dimanche-ին ասել է, որ պատերազմը կավարտվի բանակցային սեղանի շուրջ, սակայն Ուկրաինա՛ն պետք է որոշի, թե երբ է բանակցութունները վերսկսելու ճիշտ ժամանակը. - «Այս պատերազմում կա ագրեսոր։ Եթե մենք հավատում ենք միջազգային իրավունքին և հարգում ենք սահմանները, ապա հարձակման ենթարկված պետությունն է որոշում բանակցությունների ժամանակացույցը։ Կգա մի պահ, երբ հարկ կլինի նստել բանակցային սեղանի շուրջ»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականին, հաղորդում է, որ առնվազն 159 ռուսաստանցի երեխաներ կորցրել են մասնակի զորահավաքով Ուկրաինա ուղարկված իրենց հայրերին:
Հայրերից զրկվել են առնվազն 91 ընտանիքների զավակներ: Այդ ընտանիքներից 15-ը բազմազավակ են:
Սեպտեմբերի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքից հետո Ուկրաինայում զոհվել է առնվազն 217 զորակոչված:
«Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականը վերլուծել է միայն բաց աղբյուրների հրապարակած տվյալները, հետևաբար, զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում այդ զինծառայողների կյանքը ռազմաճակատ հասնելուց հետո միջինը տևել է 23.5 օր:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Պաշտոնական Բեռլինը Վարշավային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր է առաջարկել՝ օգնելու նրան պաշտպանել իր օդային տարածքը, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
Գերմանիայի կառավարությունն արդեն հայտարարել էր, որ անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո իր հարևանին կառաջարկի լրացուցիչ օգնություն օդային տարածքը պաշտպանելու համար:
«Մենք Լեհաստանին առաջարկել ենք հակաօդային պաշտպանության օգնություն՝ մեր Eurofighters և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով», - ասել է Լամբրեխտը գերմանական թերթերին տված հարցազրույցում։