Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:40 20.11.2022

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ավելի քան տասը հզոր պայթյունների մասին: Դրանք տեղի են ունեցել երեկ երեկոյան և այսօր առավոտյան:

ԱԷՄԳ-ն նշել է, որ ԱԷԿ-ի առանցքային համակարգերը չեն վտանգվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ռուսաստանն այդ հրետանային հարվածների համար Ուկրաինային է մեղադրել: «Ռոսներգոատոմ» դաշնային գործակալությունը պնդում է, որ արկերից մեկը հարվածել է թարմ միջուկային վառելիքի պահեստավորման հատուկ շինության տանիքին:

Ուկրաինայի «Էներգոատոմը» պնդում է, որ ԱԷԿ-ը հրետակոծել են ռուսները, որոնց նպատակն է շարքից հանել 5-րդ և 6-րդ էներգաբլոկների վերագործարկման համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքը:

Կիևը նշում է, որ ռուսական կողմը ցանկանում է այդպես ուկրաինացիներին զրկել ԱԷԿ-ի արտադրելիք էլեկտրաէներգիան օգտագործելու հնարավորությունից:

Ռուսական բանակը վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն օր հրթիռակոծում է Ուկրաինայի էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման համակարգերը և ձմռան ամիսներին անտանելի պայմաններ է ստեղծում բնակչության համար:

17:20 20.11.2022

Ուկրաինան սկսել է Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ազատագրված շրջանների բնակիչների կամավոր տարհանումը։ Այս մասին Նիկոլաևում կայացած ճեպազրույցում հայտարարել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:

Նրանց ներկայացմամբ՝ ժամանակավոր տեղափոխումը տեղի կունենա պետության հաշվին։

Ռուսական զորքերից ազատագրված շրջանների բնակիչներին առաջարկում են ժամանակավորապես մեկնել Կրիվոյ Ռոգ կամ Ուկրաինայի արևմտյան շրջաններ։ Դա պայմանավորված է զավթված տարածքներում, հատկապես ձմեռային պայմաններում, դժվար կենսապայմաններով, նշում են իշխանությունները։

18:00 19.11.2022

Այսօր կայացել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահնել Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, զրույցի ընթացքում էրդողանն իր երախտագիտությունն է հայտնել Զելենսկուն՝ ուկրաինական գյուղմթերքի արտահանման գործարքի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքում ցուցաբերած կառուցողական մոտեցման համար։

Հիշատակելով հացահատիկի գործարքի և գերիների փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքում առկա փոխըմբռնումը՝ Էրդողանն ընդգծել է․ - «Այդ փոխըմբռնումը բանակցային ողջ գործընթացի, մասնավորաբար, հրադադարի կնքման վրա տարածելը կբխի բոլոր կողմերի շահերից»։

17:59 19.11.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ վերջին 24 ժամերի ընթացքում բանակային ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են ձեռնարկել Դոնեցկի մերձակայքում։

«Դոնեցկի հանրապետությունում իրականացված հարձակողական գործողությունների ընթացքում ռուսական զորքերին հաջողվել է 120 ուկրաինացի զինծառայող, երկու տանկ, երեք զրահամեքենա և յոթ ավտոմեքենա ոչնչացնել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի ՊՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ ռուսական զորքերին հաջողվել է հետ մղել Լուգանսկի և Խարկովի ուղղություններում ձեռնարկված ուկրաինական հարձակումները, ինչպես նաև ոչնչացնել Խարկովի մարզում գտնվող 9 հրամանատարական կետեր, որոնց միջոցով ուկրաինական բանակը համակարգում էր ռազմական գործողությունների ընթացքը։

17:57 19.11.2022

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը պնդում է, որ Ռուսաստանը պատերազմի այս փուլում նպատակ ունի նվազեցնել ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կարողությունները։

«Հրթիռային հարվածների ինտենսիվությունը մեծացնելով՝ ռուսները փորձում են գերծանրաբեռնել և հյուծել ուկրաինական ՀՕՊ համակարգը։ Նրանք հույս ունեն, որ այդ դեպքում ուկրաինացիները կսպառեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված հրթիռներ, ինչը ռուսներին հնարավորություն կտա Ուկրաինայի երկնքում գերակայության հասնել», - ամերիկացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։

Պենտագոնի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Վաշինգտոնում ռուսական կողմի այս մտադրության մասին տեղյակ են։

17:56 19.11.2022

Պաշտոնական Կիևը կրկին պնդում է, որ Ուկրաինայում փետրվարից ծավալված ռազմական գործողությունները կդադարեն միայն ռուսական զորքերի՝ երկրի բոլոր գրավյալ շրջաններից, այդ թվում՝ Ղրիմից դուրսբերման դեպքում։

Այս մասին Telegram-ի իր օգտահաշվում այսօր գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ջախջախենք Ուկրաինայում գտնվող ռուսական բանակի ստորաբաժանումները և վերականգնենք 1991 թվականի սահմանները», - գրել է Երմակը։

17:36 17.11.2022

Ուկրաինայի ներկայացուցիչները, հավանաբար, կստանան Լեհաստանում՝ Լյուբլինի մարզի Պշևոդուվ բնակավայրի տարածքում հրթիռի ընկնելու վայր այցելելու հնարավորություն: Միջադեպի հետևանքով երկու լեհ գյուղացի է զոհվել:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երեկ նշել է, որ համաձայնությունը կտրվի, եթե դրան հավանություն տան միջադեպի հանգամանքները քննող երկու երկրները՝ Լեհաստանը և Միացյալ Նահանգները:

«Նախագահ Անջեյ Դուդան առարկություններ չունի ուկրաինացի փորձագետների այցի վերաբերյալ, բայց դա որոշակի ընթացակարգ է ենթադրում և դաշնակիցների հետ համաձայնեցում»,- ասել է Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յացեկ Սիևիերան:

Վարշավան հայտնել է, թե, ամենայն հավանականությամբ, Պշևոդուվ գյուղի ֆերմայի մոտ պայթել է ուկրաինական հակաօդային պաշտպանության Ս-300 տեսակի խորհրդային արտադրության հին հրթիռը, որի թիրախն են եղել Ուկրաինայի ուղղությամբ ռուսների արձակած հրթիռները:

17:32 17.11.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «հրապարակային բանակցություններ» գոյություն չունեն: Նրա խոսքով, առաջարկելով այդօրինակ տարբերակը՝ Կիևը ցույց է տալիս, որ իրականում չի ցանկանում բանակցել:

«Դժվար է ընդհանրապես պատկերացնել հրապարակային բանակցությունները: Նման բանակցություններ չեն լինում, առավել ևս այդ բնագավառում: Միանշանակ է մեկ բան՝ ուկրաինական կողմը ոչ մի բանակցություն չի ուզում, ուստի, հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է, և դրա նպատակները պետք է իրականացվեն»,- ասել է Պեսկովը:

Իր մեկնաբանությամբ Կրեմլի խոսնակն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկվա հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ցանկացած հարց պետք է հրապարակավ քննարկվի: Զելենսկին այդ մասին խոսել է տեսաուղերձում, որով դիմել է Բալիում «Մեծ քսանի» գագաթնաժողովի մասնակիցներին:

Նա նշել է, թե «մի քանի պետությունների ղեկավարներից ստացել է որոշակի ազդակներ ռուսական կողմի հետ բանակցելու հնարավորության մասին»:

Վլադիմիր Զելենսկին այդ երկրների ներկայացուցիչներին ասել է, թե «Ռուսաստանն Ուկրաինայի դեմ վարում է լայնածավալ պատերազմ, հետևաբար, բոլոր բանակցությունները պետք է անցկացվեն, ոչ թե կուլիսների ետևում, այլ՝ հրապարակավ»:

16:26 17.11.2022

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգելու համաձայնության մասին:

«Որոշումը քիչ առաջ հաստատվել է Ստամբուլում: Նախաձեռնության երաշխավորներն են մնում ՄԱԿ-ը և Թուրքիան»,- Թվիթերի էջում գրել է նախարար Ալեքսանդր Կուբրակովը:

Նա հատուկ ընդգծել է գործարքի համաձայնեցման խնդրում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի դերը:

«Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս մեկ կարևոր քայլ է արել համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու համար»,- գրել է Կուբրակովը:

Նախարարի փոխանցմամբ, Ուկրաինան գործընկերներին պաշտոնապես դիմել է գործարքի ժամկետն առնվազն մեկ տարով երկարաձգելու և դրանում Նիկոլաևի նավահանգիստն ընդգրկելու առաջարկով:

Ուկրաինական հացահատիկն այսօրվա դրությամբ փոխադրվում է Օդեսայի, Յուժնիի և Չերնոմորսկի նավահանգիստներից: Չերկարաձգվելու դեպքում գործարքի ժամկետն այսօր սպառվելու էր:

Հացահատիկի գործարքի երկարաձգման լուրը հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ողջունում եմ Սևծովյան նախաձեռնությունը շարունակելու համաձայնությունը, որով հացահատիկը, պարենը և պարարտանյութը ծովով կարտահանվի անվտանգ ճանապարհով»,- հայտարարել Գուտերեշը:

Լուրը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ով շնորհակալություն է հայտնել ոչ միայն Կիևին և ՄԱԿ-ին, այլև Մոսկվային:

«Ավելի քան 11 միլիոն տոննա հացահատիկի արտահանումն անցած չորս ամսում վկայում է համաշխարհային պարենային անվտանգության համար այդ նախաձեռնության կարևորության մասին»,- Թվիթերում գրել է Թուրքիայի ղեկավարը:

15:02 17.11.2022

Միացյալ Նահանգները և դաշնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննադատել են Ռուսաաստանին Ուկրաինայի տարածքը լայնածավալ հրթիռակոծման ենթարկելու համար: Նիստը գումարվել է Լեհաստանում ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի ընկնելու հաջորդ օրը:

ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Լեհաստանը, նշել են, որ ընկած հրթիռը հավանաբար արձակվել է ուկրաինական ՀՕՊ-ի կողմից, և դրա թիրախն են եղել Ուկրաինայի վրա ուղղված ռուսական հրթիռները: Միջադեպի հետևանքով Պշևոդուվ անվամբ լեհական փոքրիկ բնակավայրում երկու մարդ է զոհվել:

«Նշանակություն չունի, թե ինչն էր Պշևոդուվում միջադեպի պատճառը, խաղաղ մարդիկ չէին զոհվի, եթե չլիներ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը: Այդ անմեղ զոհերի միակ մեղքն այն էր, որ նրանք ապրել են ռուսների համար ռազմական թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի մոտակայքում», - նիստում աասել է ՄԱԿ-ում Լեհաստանի դեսպան Կշիշտոֆ Շչերսկին:

«Ուկրաինան իր համերաշխությունն է հայտնում եղբայրական Լեհաստանի ժողովրդին: Մենք կողմ ենք այդ ողբերգական միջադեպի ամբողջական և թափանցիկ հետաքննությանը», - հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաիայի դեսպան Սերգեյ Կիսլիցյան:

«Մենք այլևս չենք զարմանում, երբ դուք, անտեսելով փաստերը և տարրական տրամաբանությունը, փորձում եք ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:

«Այս ողբերգությունը երբեք չէր պատահի, եթե չլիներ Ուկրաինայի վրա Ռուսաստանի անիմաստ հարձակումը և ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքի հրթիռակոծությունը», - հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG