Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

08:15 2.11.2022

Խերսոնի մարզը զավթած ռուսների տեղական վարչակազմը հայտնել է Կախովսկի շրջանի խաղաղ բնակիչներին նոյեմբերի 6-ից պարտադիր տարհանելու մասին: Ռուսական վարչակազմը դա պատճառաբանում է ռազմական վտանգով:

Ռուսների վարչակազմի այդ հայտարարությունը տարածել է տեղական Տելեգրամ ալիքը:

«Բոլոր բնակիչներին: Անհապաղ լքել բնակավայրը: Կա ռազմական վտանգի բարձր հավանականություն: Տարհանումն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով: Գնացեք տարհանման կետեր: Ձեզ հետ վերցրեք փաստաթղթերը, փող, արժեքավոր իրերը և տաք հագուստ: Շրջանում մնացող բնակիչների նկատմամբ նոյեմբերի 6-ից կկիրառվեն հարկադիր տարհանման միջոցներ»,- ասվում է հրամանագրում:

08:13 2.11.2022

CNN ամերիկյան հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, Իրանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել մոտ հազար միավոր զենք:

CNN-ը վկայակոչում է «արևմտյան երկրներից մեկի անանուն պաշտոնական ներկայացուցչին», ով ասել է, որ Թեհրանը Մոսկվային կարող է փոխանցել «երկիր-երկիր» տեսակի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և հարվածային ԱԹՍ-ներ:

Ռուսաստանին Իրանի փոխանցած սպառազենի վերջին խմբաքանակը ներառել է մոտ 450 ԱԹՍ-ներ:

Ռուսաստանն այդ անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին, գրոհների ընթացքում նաև խաղաղ բնակիչներ են զոհվել:

CNN-ի փոխանցմամբ, այդ սպառազենը մինչև տարեվերջ պետք է հասնի Ռուսաստան:

Կիևում ենթադրում են, որ Ռուսաստանն Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ կտեղակայի իրանական բալիստիկ հրթիռները: Դրանք տեխնիկական չափորոշիչներով մոտ են ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռներին:

08:10 2.11.2022

Ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով խաթարված ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիևում ամբողջությամբ վերականգնվել է, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Հոկտեմբերի 31-ին ռուսական ուժերը կրկին հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով Խարկովում, Զապորոժիեում, Կիևի մարզում, Բուկովինայում, Կիրովոգրադի և Չերկասիի մարզերում վնասվել են կարևորագույն, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներ։

08:08 2.11.2022

Ռուսաստանում զորահավաքի պաշտոնական ավարտից անմիջապես հետո երեկվանից մեկնարկել է աշնանային զորակոչը, որի ընթացքում նախատեսվում է շուրջ 120 հազար մարդ զորակոչել ռուսական բանակ։

Ռուսաստանի Գլխավոր շտաբը նախօրեին հայտարարել էր, որ զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները չեն ուղարկվի Ռուսաստանին բռնակցված ուկրաինական շրջաններ։ Այդուհանդերձ, զինծառայության գործող կանոնակարգը թույլ է տալիս զորակոչից չորս ամիս անց զինծառայողին ուղարկել հակամարտության գոտի։

11:14 1.11.2022

Ռուս զինվորականները գիշերը կամիկաձե անօդաչու սարքերով հարվածել են Պոլտավային, Դնեպրին և Նիկոլաևին, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։

Կան ավերածություններ, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի արել:

«Նովոստի Նիկոլաևը» Telegram ալիքը հրապարակել է այս գիշեր հրթիռակոծությունից ավերածությունների լուսանկարները։

Ըստ հաղորդագրության՝ հարված է հասցվել բնակելի թաղամասում, նաև քաղաքի կենտրոնում գտնվող ուսումնական հաստոտություններից մեկին։ «Փրկարարները տեղում աշխատում են»,- գրում է «Նովոստի Նիկոլաևը»։

18:08 31.10.2022

Թուրքիայի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների վերագործարկումը այսօր կքննարկի իր ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ։

«Ռուսական նավերի ռմբակոծության հետ կապված բանավեճ կա, ինչի արդյունքում Ռուսաստանը գործարքի իրականացումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այդ պատճառով նավերի տարացնումն ու ստուգումը հետաձգվել է։ Այս ամենի հետևանքով Բոսֆորի ծոցում նավերի լուրջ կուտակումներ են առկա։ Այս բոլոր հարցերը այսօր երեկոյան ես կքննարկեմ պարոն Շոյգուի հետ՝ պատմելով նրան ստեղծված իրավիճակի մասին», -հայտարարել է Հուլուսի Աքարը։

15:36 31.10.2022

Աշնանային զորակոչի ընթացքում բանակը համալրած ժամկետային զինծառայողները Ռուսաստանին կցված ուկրաինական մարզերում չեն տեղակայվի և չեն մասնակցի այնտեղ ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի կազմակերպական-զորահավաքային վարչության պետ Եվգենի Բուրդինսկին։

Աշնանային զորակոչը Ռուսաստանում մեկնարկելու է վաղը՝ նոյեմբերի 1-ին։ Զորակոչի մեկնարկը հետաձգվել էր մեկ ամսով՝ սեպտեմբերի 21-ին հայտարարված պահեստայինների զորահավաքի ընթացքում զինկոմիսարիատների ծանրաբեռնվածության պատճառով։

Աշնանային զորակոչի ընթացքում նախատեսվում է շուրջ 120 հազար մարդ զորակոչել ռուսական բանակ։

15:35 31.10.2022

Այսօր առավոտյան Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ողջ տարածքում, որոշ շրջաններում հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին: Ենթակառուցվածքների զանգվածային հրետակոծության պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են մտցվել, հաղորդում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Yasno ընկերությունը հաստատել է հոսանքի հնարավոր անջատումները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ էներգետիկներն աշխատում են վերականգնել էլեկտրամատակարարումը քաղաքում մոտ 350 հազար բնակարան էլեկտրաէներգիայով ապահովող էլեկտրակայանի վնասումից հետո: Կլիչկոյի տեղեկություններով՝ Կիևի մի մասում դադարեցվել է կանոնավոր ջրամատակարարումը։

Խարկովում այսօր առավոտյան ևս երկու պայթյուն է որոտացել, հարվածների հետևանքով դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը։ Խարկովի նահանգապետի տեղեկություններով քաղաքին հարվածները հասցվել են C-300 համակարգերով՝ հարևան Բելգորոդի մարզից։

Այսօր առավոտյան հարվածներ են հասցվել նաև Զապորոժիեի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերին։

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքն ասել է, որ ինչպես միլիոնավոր ուկրաինացիներ՝ Կիևում ամերիկացի դիվանագետներն առավոտն անցկացնում են ապաստարանում։

«Ռուսաստանը շարունակում է իր անհոգի և բարբարոսական հրթիռային հարվածները Ուկրաինայի ժողովրդի դեմ՝ փորձելով երկիրը թողնել ցրտի և մթության մեջ ձմռան նախաշեմին», - գրել է դեսպանը Twitter-ում։

15:33 31.10.2022

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի հարցերի շուրջ:

ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները հաստատել են հոկտեմբերի 31-ին ծովային հումանիտար միջանցքով նախապես հայտարարված 14 նավերի փոխարեն 16-ի տեղաշարժի ժամանակացույցը։

Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգման կենտրոնի համաձայն՝ 6 նավեր սկսել են շարժվել Ուկրաինայի նավահանգիստներից, բայց դեռ չեն մտել հումանիտար միջանցք։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական նավահանգիստներում և հարակից ջրերում տեղաշարժվելու թույլտվության է սպասում 21 նավ՝ մոտ 700 հազար տոննա սննդամթերքի բեռով։

14:47 31.10.2022

«Չնայած Ռուսաստանի առարկություններին Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել ուկրաինական հացահատիկի արտահանման ուղղությամբ», - այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարայի նպատակն է, որպեսզի օգոստոսին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակեն գործել, քանի որ դրանց կյանքի կոչումը նպաստում է պարենամթերքի համաշխարհային շուկայում լարվածության թուլացմանը։

«Ստամբուլում ստեղծված միասնական մեխանիզմի շնորհիվ մենք կարողացանք մեղմել պարենային ճգնաժամը՝ շուրջ 9 միլիոն 300 հազար տոննա ուկրաինական հացահատիկ տրամադրելով աշխարհի տարբեր երկրներին։ Եթե անգամ Ռուսաստանը չի ցանկանում շարունակել այս մեխանիզմի գործարկումը, քանի որ կարծում է, որ չի ստանում այն նույն առավելությունները, որոնցից օգտվում են մյուսները, միևնույն է՝ մենք հաստատակամորեն շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդկությանը ծառայելու ուղղությամբ», - հայտարարում էր Էրդողանը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG