Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:36 15.10.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա իր տեսաուղերձում ասել է, որ Ռուսաստանը պարտության և հուսահատության մթնոլորտի մեջ է։

«Ռուսաստանն արդեն գտնում է իր պարտության, արդեն իսկ իր համար հուսահատության մթնոլորտում։ Այո, նրանք դեռ ունեն մարդիկ, որոնց նետում են հարձակումների, նրանք ունեն զենք, հրթիռներ և Շահիդներ (իրանական դրոններ), որոնք օգտագործում են Ուկրաինայի դեմ։

Նրանք դեռ հնարավորություն ունեն ահաբեկելու մեր քաղաքները և բոլոր եվրոպացիներին, շանտաժի ենթարկելու աշխարհը, բայց նրան շանս չունեն և չեն ունենա, որովհետև Ուկրաինան առաջ է գնում»,- հայտարարել է Զելենսկին։

12:40 15.10.2022

Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ նոր ռազմական օգնության մասին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել են, որ փաթեթը ներառում է լրացուցիչ շարժական HIMARS հրթիռային համակարգեր, զինամթերք, զրահատեխնիկա և բժշկական պարագաներ:

ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը նշել է, որ այս նոր փաթեթը նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման սկզբից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը Ուկրաինային հասցնում է ավելի քան 18,3 միլիարդ դոլարի:

Օգնության մեծ մասը տրամադրվել է, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսեց պատերազմ Ուկրաինայի դեմ:

17:30 14.10.2022

«Ռուսաստանի բանակի հետ ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումները շատ վտանգավոր քայլ է, որը կհանգեցնի համաշխարհային աղետի», - եկույթ ունենալով Աստանայում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թե ինչ նկատի ունի «համաշխարհային աղետ» ասելով, Կրեմլի ղեկավարը չի հստակեցրել։ Նախագահ Պուտինը միայն հավելել է․ «Հույս ունեմ՝ այնքան խելամիտ կգտնվեն, որպեսզի նման վտանգավոր որոշում չկայացնեն»:

17:27 14.10.2022

Նախագահ Պուտինը հայտարարել է, թե շուտով՝ մոտավորապես առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, Ռուսաստանում մոբիլիզացիոն միջոցառումները կավարտվեն։ Նրա խոսքով, արդեն զորակոչվել է ավելի քան 220 հազար մարդ։

Նախօրեին պաշտոնապես հաղորդվել էր, որ նորակոչիկներից մի քանիսը արդեն զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այսօր Աստանայում՝ ԱՊՀ գագաթնաժողովում, անդրադառնալով այս լուրերին, Պուտինն ասել է, թե դա չի հակասում ավելի վաղ տրված խոստումներին, որոնց համաձայն զորակոչիկները նախ վարժանքների պետք է մասնակցեին՝ ռազմաճակատ ուղարկվելուց առաջ։

«Վարժանքները մի քանի օր են տևում», -ասել է Կրեմլի ղեկավարը, թեև իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ պնդել էին, թե դրանք շարունակվելու են առնվազն մեկ ամիս։

Պուտինը նաև պնդել է, թե Ռուսաստանը Ուկրաինայի պետականությունը վերացնելու ծրագիր չունի, և որ այժմ կարիք չկա կրկնել այն զանգվածային հարվածները, որոնք Ոուսաստանը հասցրել էր Ուկրաինային այս շաբաթասկզբին՝ Ղրիմի կամուրջը պայթեցնելուց հետո։

08:02 14.10.2022

Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը 15 օրվա վարչական կալանքի և 50 հազար ռուբլու տուգանքի է դատապարտել մի մոսկվացու՝ մեքենայում ուկրաինական երգ լսելու համար: Այդ մասին հայտնել է РБК լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, մոսկվացին, որի անունը չի նշվում, մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և Զինված ուժերի վարկաբեկման հոդվածներով:

20:26 13.10.2022

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կօգնի Խերսոնի շրջանից տարհանել բնակիչներին: Այդ մասին ասել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:

Իր հայտարարությամբ նա արձագանքել է Մոսկվայի կողմից Ուկրաինայի բռնակցված շրջանի՝ Խերսոնի ղեկավար նշանակված Վլադիմիր Սալդոյի կոչին:

Սալդոն այսօր տեսաուղերձով դիմել է Խերսոնի բնակիչներին՝ հորդորելով նրանց հաշվի առնել մոտեցող ուկրաինական ստորաբաժանումների և ռուսական զորամիավորումների միջև թեժ մարտերը և հեռանալ:

Սալդոն պնդել է, թե բնակիչներին պետք է տարհանել Դաշնության ապահով տարածքներ, քանի որ Խերսոնի շրջանը հրետակոծության և հրթիռակոծության է ենթարկվում Ուկրաինայի բանակի կողմից:

«Մենք ըստ ամենայնի կօգնենք Խերսոնի շրջանի մարդկանց Ռուսաստանի այլ սուբյեկտներում նրանց տեղավորելու և անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցում, իսկ ովքեր կորոշեն մշտապես մնալ նոր տեղում՝ կացարան կստանան»,- ասել է փոխվարչապետ Խուսնուլինը:

20:25 13.10.2022

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վերջին մեկնաբանություններն ապացուցում են, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ուկրաինայի կողմից:

Այդպես նա պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ՆԱՏՕ-ն համարել հակամարտության կողմ:

«Կարելի է»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը, նշելով, թե «Ռուաաստանն այդ կապակցությամբ համապատասխան գործողություններ է իրականացնում՝ սկսած փետրվարի 24-ից»:

Ռուսաստանի ղեկավարի վճռով այս տարվա փետրվարի 24-ին են բանակի ստորաբաժանումները նախաձեռնել ակտիվ գրոհներ Ուկրաինայում:

Մոսկվան սկզբունքորեն հրաժարվում է կիրառել «պատերազմ» եզրույթը և հարձակումն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»:

18:06 13.10.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե երկիրն ունի ՀՕՊ համակարգի անհրաժեշտ քանակի ընդամենը 10 տոկոսը:

Նա մերժել է Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու հնարավորությունը: Այդ մասին նա ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին հասցեագրված տեսաուղերձում:

«Մեզ անհրաժեշտ է փակել օդը, մեր կարողությունները բավարար չեն: Գերմանիան և Միացյալ Նահանգները խոստացել են IRIS-T և NASAMS համակարգեր: Մեզ պետք է այդ կարգի օգնության շատ ավելի մեծ ծավալ, մենք հզոր քայլեր ենք սպասում Ֆրանսիայից և Իտալիայից: Այլ ասելու բան չկա: Հավատացեք, այն, ինչ ունենք՝ պահանջվածի սոսկ տասը տոկոսն է»,- ասել է Զելենսկին:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը պետք է դիվանագիտական առումով ամբողջությամբ մեկուսացվի:

«Ռուսները պետք է ծանր գին վճարեն այս ագրեսիայի համար, հարկ է ճնշում գործադրել Մոսկվայի ռազմական և քաղաքական ղեկավարության վրա»,- ասել է Զելենսկին:

Հոկտեմբերի 10-ին ռուսներն ավելի քան 100 հրթիռ են արձակել ուկրաինական քաղաքների վրա: Զոհվել են տասնյակ մարդիկ: Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե դա պատասխան է Ղրիմի կամրջի պայթեցմանը:

16:46 13.10.2022

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Zuzana տեսակի սլովակյան արտադրության 16 հրետանային ինքնագնաց կայանքներ: Դրանք ունեն 155 միլիմետր տրամաչափի հրանոթ, որի հեռահարությունը հասնում է 41 կիլոմետրի:

Սեպտեմբերին Գերմանիան Ուկրաինային տրամադրել է Gepard տեսակի գերմանական արտադրության ևս 6 զենիթային ինքնագնաց կայանք, դրանց ընդհանուր թիվը հասցնելով 30-ի: Գերմանացիները նաև Gepard -ների 59 հազար արկ են փոխանցել ուկրաինացիներին:

Բացի այդ, Բեռլինը Կիևին փոխանցել է M270 MARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի 5 համակարգ:

Գերմանիան Ուկրաինային փոխանցել է 155 միլիմետր տրամաչափի PzH 2000 (Panzerhaubitze) տեսակի 12 հաուբից և դրանց համար 10 հազար 500 արկ:

Ուկրաինայի զինված ուժերը Բեռլինից, որպես օգնություն, ստացել են Panzerfaust 3 տեսակի հակատանկային 23 հազար 800 հրթիռային համակարգեր, 15 հազար հակահրասայլային ականներ, 54 զրահամեքենա և 3 հազար 200 շարժական ՀՕՊ համակարգեր:

Ըստ վերլուծաբանների՝ այսօրվա դրությամբ Գերմանիան Ուկրաինային ընդհանուր հաշվով տրամադրել է 1 և կես միլիարդ դոլարի ռազմական օգնություն:

16:04 13.10.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը զարգացող երկրների վրա ճնշում է բանեցրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի տարածքներում հանրաքվեների վերաբերյալ հակառուսական բանաձևն անցկացնելու համար:

Այդ մասին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է Հանրային հեռուստատեսության թղթակցի հետ այսօրվա զրույցում:

«Արևմուտքը՝ բացահայտ և առանց ամոթի, սպառնալով զարգացող երկրներին, կիրառել է դիվանագիտական ահաբեկչության և ձեռքերը ոլորելու մեթոդներ: Մենք այդ ամենը հրաշալի գիտակցում ենք, և սուտ են ամերիկացիների պնդումները, թե նրանք ոչ մեկին չեմ համոզում, թե իբր նրանք {զարգացող երկրները} ինքնուրույն են քվեարկում»,- ասել է Լավրովը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG