- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուգգենում՝ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում, հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նախազգուշացրել է, որ Արևմուտքը կտա հզոր ռազմական պատասխան այն դեպքում, եթե ռուսները միջուկային զենք կիրառեն Ուկրաինայում:
«Միջուկային հարձակումը պատասխան կստանա Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների կողմից: Այն չի լինի միջուկային, բայց ռազմական տեսակետից դրա հզորությունը շատ մեծ կլինի, այնքան մեծ, որ կհանգեցնի ռուսական բանակի ոչնչացմանը»,- ասել է Բորելը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նաև արձագանքել է նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը, թե «Ռուսաստանը բլեֆի չի դիմում, երբ ասում է, որ բոլոր միջոցներով կպաշտպանի սեփական տարածքը»:
«Արևմտյան երկրներն էլ բլեֆի չեն դիմում, երբ նախազգուշացնում են Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման հետևանքների մասին»,- ասել է Ժոզեպ Բորելը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մեծ թվով շրջաններում հաջողվել է վերականգնել ռուսների հրթիռակոծությունների հետևանքով վնասված էլեկտրականության մատակարարման համակարգը, բայց որոշ շրջաններում դեռ կան հոսանքի անջատումներ:
«Վերականգնումը ռուսների երկօրյա հրթիռակոծություններից հետո ամբողջ երկրի տարածքով է շարունակվում: 12 շրջաններում շարքից դուրս էր եկել հոսանքի մատակարարման համակարգը: Այսօրվա դրությամբ մեծ մասում մատակարարումը վերականգնվել է, բայց 4 շրջաններում դեռ աշխատանքը շարունակվում է», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի ղեկավարի փոխանցմամբ, երկրի որոշ տարածքներում էլեկտրականության անջատումներ են իրականացվում ցանցի գերլարված վիճակը մեղմելու և վթարներից խուսափելու համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է, որ Լոնդոնը Կիևին կփոխանցի հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնք կիրառվելու են Միացյալ Նահանգների կողմից տրամադրված ՀՕՊ համակարգերի միջոցով:
Այդ մասին նախարարն ասել է այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովից առաջ:
«Հրթիռները ՀՕՊ ամերիկյան համակարգերի համար են, ամերիկացիները նույն հրթիռներն են կիրառում: Դրանք կտեղադրվեն ամերիկյան կայանքների վրա», - ասել է Ուոլեսը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան նախօրեին քվեների գերիշխող մեծամասնությամբ դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս շրջանների ապօրինի անեքսիան:
ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 պետությունների երեք քառորդը՝ 143-ը, կողմ են քվեարկել բանաձևին, որով նաև վերահաստատվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Մենք դարձանք 21-րդ դարում ՄԱԿ-ում պատմական իրադարձության ականատես, 143 կողմ, սա ապշեցուցիչ է, սա շատ վատ է Ռուսաստանի համար»,- ասել է ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցյան:
«Զարմացած չեմ, բայց շատ գոհ եմ արդյունքից, բոլորս շունչներս պահած՝ հետևում էինք կողմ քվեների թվի աճին: Սա հզոր և հստակ ուղերձ է Մոսկվային առ այն, որ Ռուսաստանը չի կարող վախեցնել ամբողջ աշխարհը, սա ուղերձ է առ այն, որ պետք է դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասել է ՄԱԿ-ում Միացյալ նահանգների դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Ռուսաստանից զատ բանաձևին դեմ են քվեարկել միայն Սիրիան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան և Բելառուսը:
34 երկրներ, որոց թվում է նաև Հայաստանը, ձեռնպահ են քվեարկել: Մի շարք պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, քվեարկությանը չեն մասնակցել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովում խոսել է աշխարհքաղաքական իրավիճակի մասին:
«Այսօրվա հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային քաղաքականության և տնտեսության խոշոր փոփոխությունների պայմաններում: Աշխարհը հիրավի դառնում է բազմաբևեռ, և Ասիան ստանձնում է նշանակալից, եթե ոչ առանցքային դեր, ուժի նոր կենտրոններ են առաջանում: Ասիական երկրները համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժն են դառնում»,- ասել է Պուտինը:
Ենթադրվում է, որ Ռուսաստանի ղեկավարն Աստանայում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի լիդերների հանդիպման օրակարգում անդրադարձ կլինի նաև Ուկրաինային։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարությամբ հանդես կգան Բրյուսելում ընթացող Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի վեցերորդ հանդիպման արդյունքներով։
Մինչ այդ, Ստոլտենբերգը մեկնաբանել է նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությունը, որով 143 երկիր դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքների բռնակցումը: «ՄԱԿ-ի քվեարկությունը ուկրաինական տարածքների անօրինական բռնակցման հստակ դատապարտում էր և հստակ կոչ Ռուսաստանին, նախագահ Պուտինին՝ չեղյալ համարել այդ որոշումները և հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ յոթնյակի (G7) երկրները և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չորեքշաբթի օրը խոստացել են պատկառելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որը ծանր հարված է ստացել ռուսական վերջին հրթիռային հարվածներից և ամսական միլիարդավոր դոլարների օգնության կարիք ունի:
Ուկրաինայի նախագահը տեսակապով դիմել է G7-ի երկրների ֆինանսների նախարարներին, ովքեր հավաքվել էին Վաշինգտոնում՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովներին։ «Մենք տեսնում ենք, որ ռուսական ահաբեկչությունները կարող են ակտիվանալ։ Ուստի պետք է ակտիվացնենք մեր համագործակցությունը՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար՝ վերականգնելու ավերվածը և երաշխավորելու մեր պետության ֆինանսական կայունությունը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ հաջորդ տարի Կիևը կբախվի բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտի։
ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան ասել է, որ 2023 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման կարիքները կկազմեն ամսական 3-4 միլիարդ դոլար:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ձայների 143 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ՄԱԿ-ը հավանություն տվեց բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայի հինգ շրջանների բռնազավթումը Ռուսաստանի կողմից: Ռուս դիվանագետից բացի փաստաթղթին դեմ են արտահայտվել միայն Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան ու Հյուսիսային Կորեան:
Հայաստանը ձեռնպահ է քվեարկել` 34 պետությունների հետ, որոնց շարքում են Հնդկաստանը, Չինաստանը, Կենտրոնական Ասիայի պետություններն ու աֆրիկյան մի շարք երկրներ: Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանն ու Վենեսուելան քվեարկությանը չեն մասնակցել:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Երեկ շարունակվել են ռուսական ուժերի հրետակոծությունները։ Ավդևկա քաղաքը ռմբակոծելու հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 9-ը վիրավորվել են, հայտնում են տեղի իշխանությունները:
Դոնեցկի մարզի վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն ասել է, որ ռմբակոծվել է քաղաքի կենտրոնական շուկան, որտեղ ցերեկային ժամերին շատ մարդ է լինում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Ուկրաինայի վերջին ռազմական հաղթանակները ռուսական օկուպանտների դեմ արտասավոր էին և ազդեցություն են գործել պատերազմի ընթացքի վրա, չնայած Մոսկվայի վերջին հրթիռակոծությունների չարությանն ու դաժանությանը», - ասել է Պենտագոնի ղեկավարը:
Լլոյդ Օսթինն այս մասին խոսել է՝ ելույթ ունենալով Բրյուսելում մեկնարկած Ուկրաինայի աջակցության շփման խմբի հանդիպմանը, որին ավելի քան հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ են մասնակցում՝ ներառյալ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները։ Քննարկվող հիմնական հարցերից մեկը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ամրապնդելն է՝ ռուսական հրթիռների հարձակումներից պաշտպանվելու համար։
Օսթինը նշել է, որ շփման խումբը վճռական է աջակցելու Ուկրաինայի պաշտպաններին։
«Մենք կշարունակենք ամրապնդել Ուկրաինայի պաշպանունակությունը այսօրվա անհապաղ կարիքների և երկարաժամկետ հեռանկարների համար»,- ընդգծել է նա։