- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է ռուսական ուժերի՝ Ուկրաինայի բնակավայրերի վերջին «անողոք ռմբակոծությունները», որոնց հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Նա կանգ առնելու կոչ է արել նրանց, ում ձեռքում է «պատերազմի ճակատագիրը»։
«Իմ սիրտը միշտ ուկրաինացի ժողովրդի հետ է, հատկապես այն վայրերի բնակիչների, որոնք ենթարկվեցին անողոք ռմբակոծությունների»,- ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն այսօր հայտնել է, որ կառավարությունը դիտարկում է զինվորական հրահանգիչներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Նա «Channel-7» հեռուստաընկերությանն ասել է, որ երեքշաբթի խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, տեսնելու, թե Ավստրալիան հետագա ինչ օգնություն կարող է ցուցաբերել Ուկրաինային՝ դիմակայելու համար Ռուսաստանի ագրեսիային։
«Այս պայքարը միայն Ուկրաինայի ինքնիշխանության համար չէ։ Սա պայքար է միջազգային իրավունքի գերակայության, ինքնիշխան սահմանները հարգելու համար, և ահա թե ինչու է աշխարհը միասնական Ուկրաինային աջակցելու հարցում՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի, որը դեմ է միջազգային օրենքի գերակայությանը, և որը սարսափելի կերպով թիրախավորում է քաղաքացիական անձանց»,- նշել է Ավստրալիայի վարչապետը։
ՆԱՏՕ-ից դուրս երկրների թվում Ավստրալիան Ուկրաինային ամենամեծ աջակցությունը ցուցաբերող երկիրն է՝ 388 միլիոն դոլարի օգնություն, որից 244-ը ռազմական աջակցություն է։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
ՆԱՏՕ-ի անդամ ու համագործակցող երկրների՝ շուրջ 50 պետության պաշտպանության նախարարներ այսօր հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայի օդային պաշտպանությունն ամրապնդելու հնարավորությունները։
Հավաքն անցնում է Ռուսաստանի վերջին հուժկու ռմբակոծություններից հետո, որոնց թիրախում էին հայտնվել ուկրաինական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Կիևի բնակելի թաղամասերն ու ենթակառուցվածքները։
«Քաղաքացիական բնակավայրերի այս հրթիռակոծումը ցույց է տալիս Ռուսաստանի թուլությունը», - հավաքի նախօրեին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ընդգծելով՝ Արևմուտքը պատրաստ է անգամ երկար պատերազմի. - «Մենք անսասան ենք Ուկրաինային օգնելու մեր հաստատակամության մեջ, պատրաստ ենք տևական ճանապարհի և կաջակցենք նրանց այնքան, որքան որ դրա կարիքը կլինի»։
Գեմանիայի պաշտպանության նախարարն այսօր հաստատել է, որ նախօրեին արդեն Ուկրաինա է հասել գերմանական IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգը, որի մատակարարման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ պատերազմից առաջ։ «Հաջորդ տարի մենք ևս երեք նման համակարգ կմատակարարենք», - այսօր ասել է Քրիստին Լամբեխտը։
Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու բանակցություններ են ընթանում նաև Միացյալ Նահանգների հետ:
Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, այսօր կրկին հայտարարել է, թե կանգ առնելու նպատակ չունի: «Փետրվարի 24-ին մեր առջև դրված նպատակները մնում են անփոփոխ», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Թվիթերում գրել է, որ Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էլեկտրասնուցումը կրկին անջատվել է, նշելով՝ վերջին հինգ օրվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է։ Միջուկային անվտանգությունը հիմա ապահովվում է պահուստային դիզել գեներատորի էլեկտրաէներգիայի շնորհիվ։
Ռաֆայել Գրոսին նշել է, որ ատոմակայանի էլեկտրասնուցման աղբյուրների կրկնվող անջատումները խորը մտահոգություն են առաջացնում, և ընդգծել է միջուկային անվտանգության ու պաշտպանության գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը։
Նախօրեին Գրոսին Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից:
Ըստ ծառայության՝ ձերբակալվել են հարձակման նախապատրաստման ութ մասնակիցներ։
«Ներկայումս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը», - ասել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից:
Ըստ հաղորդման՝ Հայաստանի քաղաքացին Արթուր Տերչանյանն է՝ ծնված 1985 թվականին: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն ժամեր անց ճշտեց, որ քաղաքացու ազգանունը Թերջանյան է:
Ընդհանուր առմամբ, այժմ բացահայտվել է նախապատրաստման առնվազն 12 մասնակից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և քաղաքական հարցերով նրա տեղակալ Վիկտորիա Նուլանդը երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելությունների պաշտոնյաների հետ՝ կոչ անելով նրանց աջակցել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը:
Առցանց հանդիպմանը մասնակցել են ավելի քան 100 պետություններ ներկայացնող 165 դիվանագետներ։
Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա օրերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստի շրջանակում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ամերիկյան վարչակազմը քննարկել է Միացյալ Նահանգների պատասխանը, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում խոսել այդ մասին։
«Դրա մասին քննարկումներ են եղել, բայց անպատասխանատու կլինի խոսել այն մասին, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել», - ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեքշաբթի երեկոյան։
Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռացիոնալ խաղացող», ով, այնուամենայնիվ, սխալ է հաշվարկել Ուկրաինա ներխուժումը՝ ճիշտ չգնահատելով ուկրաինացի ժողովրդի դիմադրությունը ճնշելու իր կարողությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի իշխանությունները ահաբեկչական կազմակերպությունների ցանկում են ներառել Meta կորպորացիան, որին են պատկանում Facebook և Instagram սոցիալական ցանցերը։ Այդ ցուցակում ընդգրկվել է նաև «Վեսնա» հակապատերազմական երիտասարդական շարժումը, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
«Վեսնա»-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և դրա գործունեությունը երկրում արգելելու պահանջով է հանդես եկել Սանկտ Պետերբուրգի դատախազությունը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր երիտասարդական շարժումը ակտիվ մասնակցում է հակապատերազմական ցույցերին և ակցիաներին։
Անցած մայիսին շարժման մի խումբ ակտիվիստների դեմ քրեական գործեր են հարուցվել, նրանց երկարամյա ազատազրկում է սպառնում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական ուժերը հոկտեմբերի 11-ին շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին։
Լվովի շրջանում և Լվով քաղաքում վնասվել է երկու կրիտիկական նշանակության ենթակառուցվածք, հայտնել է Լվովի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով՝ հրթիռակոծության հետևանքով քաղաքի 30 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության, խափանումներ կան նաև ջրամատակարարման հետ կապված։
Հաղորդվում է, որ պայթյուններ են հնչում նաև Խմելնիցկի և Օդեսայի շրջաններում, իշխանությունները մարդկանց հորդորում են մնալ ապաստարաններում։ Օդեսայի Պրիմորսկի շրջանը ևս առանց հոսանքի է մնացել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսաստանյան զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկ կառույցներին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ճապոնական Nissan ավտոարտադրողը լքում է Ռուսաստանի շուկան՝ ռուսական ակտիվները փոխանցելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը ենթակա ձեռնարկությանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարությունը:
Նույն սխեմայով անցած ամիսներին Ռուսաստանից հեռացավ նաև ֆրանսիական Renault-ն։
Սանկտ Պետերբուրգի Nissan գործարանը մեքենաների արտադրությունը սկսել է 2009 թվականին։ 2021 թվականին գործարանն արտադրությունն ավելացրել է 17 տոկոսով՝ հասցնելով մինչև 45 հազար մեքենայի։ Անցյալ տարի Ռուսաստանում Nissan մակնիշի մոտ 51,5 հազար ավտոմեքենա է վաճառվել։