- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզու Կերչի կամրջի վրա։ Հրդեհի ճիրաններում է հայտնվել կամրջով անցնող բեռնատար գնացքը, մասամբ փլուզել է ճանապարհը։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է երեք ժամ անց։
Մինչ այս պահը ռուսական կողմը հաղորդել է «բեռնատար գնացքի պայթյունի հետևանքով» երեք զոհի մասին։
«Ենթադրվում է, որ նրանք մարդատար մեքենայի ուղևորներ են, որը գտնվում էր պայթեցված բեռնատարի մոտ: Երկու զոհերի՝ տղամարդու և կնոջ մարմիններն արդեն դուրս են բերվել ջրից, և նրանց ինքնությունը պարզվում է»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ պարզել են Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասում գրանցված բեռնատարի և նրա սեփականատիրոջ տվյալները, և այժմ խուզարկում են նրա բնակության վայրը։ Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարության համաձայն «պայթեցվել է Ղրիմի կամրջով անցնող վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը»։
«Արտակարգ իրավիճակի» կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի առնչությամբ», թե որ հոդվածով՝ չի հաղորդվում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ, որի անունը չի հաղորդվում, նրա հետ զրույցում սուր վեճի է բռնվել և ուղիղ մատնանշել է Ուկրաինայում բանակի սխալները և անհաջողությունների պատճառները, հայտնում է The Washington Post ամերիկյան պարբերականը, որի փոխանցմամբ, տեղեկությունը հայթայթել է Ուկրաինայի հետախուզությունը:
Ըստ թերթի, ամերիկյան հետախուզական կառույցները միջադեպի մասին հաղորդել են նախագահ Ջո Բայդենին:
Այդ անձը Պուտինի հետ լարված զրույցում մտահոգություններ է հայտնել «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում բանակի ղեկավարների թերի աշխատանքի և գեներալների թույլ տված սխալների մասին:
Պուտինի շրջապատում շատերին անհանգստացնում է Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների մեծ թիվը:
Ինչպես նշում է The Washington Post պարբերականը, նախկինում Պուտինի շրջապատում նրա հետ ակնհայտ անհամաձայնության դեպքերի մասին տեղեկություններ չեն եղել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Պուտինի շրջապատից նրան մարտահրավեր նետելու մասին ամերիկյան հետախուզության հաղորդած լուրը որևէ առնչություն չունի իրականության հետ»:
Միաժամանակ Պեսկովը խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավարության շրջանում «լինում են աշխատանքային վեճեր, որոնք չեն վկայում պառակտումների մասին»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սանկտ Պետերբուրգում ավանդական ամանորյա և սուրբծննդյան տոնակատարություններ այս տարի չեն լինի:
Քաղաքային իշխանությունները չեղարկել են ձմեռային միջոցառումները և խնայված գումարը կտրամադրեն կամավորներին և զորակոչիկներին օգնելուն, հայտնել է Ռուսաստանի «Հյուսիսային մայրաքաղաքի» իշխանությունը:
«Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշել ենք չեղարկել Ամանորյա տոնական միջոցառումները, դրանց համար նախատեսված գումարով լրացուցիչ սարքավորումներ և հանդերձանք կգնենք կամավորների և զորակոչվածների համար», - ասվում է քաղաքային կառավարության հրապարակած հաղորդագրությունում:
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգից զորակոչվածները որպես միանվագ օգնություն կստանան 100 հազար ռուբլի, իսկ կամավորները՝ 300 հազար ռուբլի:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերն այսօր այցելել է Կիև։ Նա հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտոնյաների և բնակիչների հետ։
Նա այցելել է Կիևի թաղամասեր, որտեղ բնակելի ու դպրոցների շենքեր են վնասվել ռուսական ուժերի հրետակոծությունների հետևանքով։
Սամանթա Փաուերն ասել է, որ ԱՄՆ-ն ևս 55 միլիոն դոլար կտրամադրի ջեռուցման համակարգի խողովակներն ու սարքավորումները վերանորոգելու համար։
Նա նշել է, որ փետրվարից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 9 միլիարդ 800 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը միջազգային բոլոր կառույցներում: Վլադիմիր Զելենսկին այդ մասին խոսեց այսօր՝ հեռավար ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում։
Դիմելով հավաքի մասնակիցներին, որոնց նպատակն է միավորել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի ու Բելառուսի, Զելենսկին կոչ արեց անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային, որն արդեն ութ ամիս է՝ դիմակայում է Ռուսաստանի հրահրած պատերազմին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների 8-րդ փաթեթը, ներառյալ՝ ներմուծվող ռուսական նավթի գնի սահմանափակում, ինչը կարող է 7 միլիարդ դոլարով կրճատել Ռուսաստանի եկամուտները։
Սահմանափակվում է նաև արտահանումը, որը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին կզրկի է՛լ ավելի առանցքային տարրերից ու տեխնոլոգիաներից։
Բրյուսելը նաև արգելել է Ռուսաստանի իշխանություններին և իրավաբանական անձանց տրամադրել այնպիսի ծառայություններ, ինչպիսին են խորհրդատվությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, իրավաբանական խորհրդատվություններ, ճարտարապետական ու ինժեներական ծառայություններ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Պրահայում ուժեղացվել է անվտանգության ապահովումը՝ կապված եվրոպական համաժողովի անցկացման հետ։ Չեխիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկօրյա համաժողովը, որին մասնակցելու են 44 երկրների առաջնորդներ։
Եվրոպական քաղաքական համայնքում ընդգրկվում են Եվրամիության 27 անդամներն ու ևս 17 գործընկեր երկրներ։ Ռուսաստանն ու Բելառուսը դուրս են մնում Եվրոպական համայնքից։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վլադիմիր Պուտինն իր ծննդյան 70-ամյակը կնշի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հոբելյանը համընկնում է ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի հետ։
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 7-ին, այն կանցկացվի Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի զինուժի կողմից Զապորոժիեի գիշերային հրետակոծության հետևանքով տուժել է 10 մարդ, որոնցից 8-ն այժմ գտնվում է հիվանդանոցում, հայտնել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։ Եվս երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից։
«Հիվանդանոցներում գտնվողների վիճակը միջին և թեթև ծանրության է», - հավելել է Կուրտևը:
Ավելի վաղ մարզպետարանը հայտնել էր երկու կնոջ մահվան մասին, որոնցից մեկը մահացել էր շտապօգնության մեքենայում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։
Ռուսական կողմը Ուկրաինայի զինված ուժերին է մեղադրում հրետակոծության մեջ, պնդելով, որ «այն բանից հետո, երբ Զապորոժիեի շրջանի բնակիչները հանրաքվեով քվեարկեցին Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու օգտին, ուկրաինական զինուժն է՛լ ավելի ուժեղացրեց շրջանի գնդակոծությունը»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը՝ միաժամանակ հավելելով, որ վերջին շրջանում հատկապես ակտիվորեն են տարվում Զապորոժիեի շրջանում ուկրաինական զինամթերքի պահեստների և զենքի ոչնչացման աշխատանքները, որոնք կենտրոնացած են շփման գծում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում երկրների ղեկավարները Մոսկվային ազդանշան կուղարկեն առանց Ռուսաստանի նոր աշխարհակարգի որոնման մասին, Reuters-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Այս հանդիպումը նոր կարգ է փնտրում առանց Ռուսաստանի», - ասել է նա։
ԵՔՀ առաջին հանդիպմանը կմասնակցեն 44 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ 27 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Կոսովոյի, Մոլդովայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները։