- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վրաստանի հետ սահմանին մնացած մեքենաները Հյուսիսային Օսիայի Պետական երթևեկության անվտանգության տեսչության կողմից տարհանվում են տուգանային կայաններ, հայտնում է Meduza-ն։
Աղբյուրի համաձայն՝ հյուսիսօսական իրավապահները խոստանում են ավտոմեքենաներ վերադարձնել սեփականատերերին՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ առաջարկել էր ՌԴ սահմանին գտնվող քաղաքացիների կողմից լքված մեքենաները փոխանցել բանակ զորակոչվածների ընտանիքներին։
Հյուսիսային Կովկասի մաքսային դեպարտամենտի մամուլի ծառայությունը այսօր տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մարդատար ավտոմեքենաների խցանում այլևս չկա, ավելի վաղ իրավիճակի կայունացման մասին հայտարարել էին նաև Վրաստանի իշխանությունները։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որն 8-րդն է փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։
Եվրամիությունում Չեխիայի դեսպան Էդիտա Հրդան հայտարարել է, որ պատժամիջոցների հերթական փաթեթն այժմ վերջնական հաստատման փուլում է, այն կարող է հրապարակվել և ուժի մեջ մտնել արդեն վաղը:
Փաստաթղթի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ սահմանափակումները կարող են թիրախավորել Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների բռնակցման գործում դերակատարում ունեցած անձանց:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի են»։
«Ֆիկտիվ հանրաքվեները և Ուկրաինայի մի մասի բռնակցման ռուսական նախաձեռնությունը խախտում են միջազգային իրավունքը և արժեք չունեն։ Դրանք մեզ համար ոչ մի իրավական ուժ չունեն», - ասել է նա Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Շոլցը նշել է, որ Գերմանիան և Նիդերլանդները կշարունակեն աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիային հակազդելու հարցում։ Նրա խոսքով՝ երկու երկրները պատրաստում են ականազերծման ուկրաինացի մասնագետների և կշարունակեն սերտ համագործակցությունը Կիևին զենք մատակարարելու հարցում, ինչպես արդեն արվել է հաուբիցների դեպքում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են այսօր։
Պուտինը նաև ստորագրել է օրենքներ այս չորս մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագրերի վավերացման մասին:
Օրենքների համաձայն, նոր շրջանների բնակիչները Ռուսաստանի կազմում այդ տարածքների ընդգրկման օրից՝ սեպտեմբերի 30-ից, ճանաչվում են որպես Ռուսաստանի քաղաքացիներ։ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացողներին մեկ ամիս ժամանակ է տրվել դիմումներ ներկայացնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ քաղաքացիության ձեռք բերումը հնարավոր է դիմում ներկայացնելու և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երդում տալու պայմանով։
Չորս շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու օրվանից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կգործի անցումային շրջան։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ իր երկիրը մասնակցում է Ռուսաստանի վարած հատուկ ռազմական օպերացիային, բայց զինվորներ չի ուղարկել:
«Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը {Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը}, ապա այո, մենք այնտեղ մասնակցում ենք: Դա չենք թաքցնում: Մենք ոչ մեկին չենք սպանում, մենք մեր զինվորներին չենք ուղարկում, մենք չենք խախտում մեր պարտավորությունները»,- ասել է նախագահը ռազմական հարցերով խորհրդակցության ընթացքում:
Նրա խոսքով, Բելառուսի նպատակն է կանխել պատերազմի տարածումը Բելառուսի վրա:
«Մենք պետք է թույլ չտանք, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կողմից Բելառուսին թիկունքից հարվածեն: Եվ ինչպես ես արդել ասել եմ՝ ռուսների թիկունքին էլ ոչ ոք չի հարվածի Բելառուսից».- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսում, ըստ Լուկաշենկոյի, նաև բուժօգնություն են տրամադրում Ուկրաինայում պատերազմից տուժածներին՝ «և ոչ միայն ռուսաստանցիներին»:
Բացի այդ, նրա խոսքով, Բելառուսը մարդասիրական օգնություն է տրամադրում փախստականներին, «խեղճ մարդկանց, ովքեր ամեն օր՝ 400-500 հոգով են ժամանում»:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Բայդենն ասել է, որ «ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքների Ռուսաստանի բռնակցումը»։ Նա նաև հայտնել է Ուկրաինային ևս 625 միլիոն դոլարի ռազմական նոր աջակցություն տրամադրելու մասին, ներառյալ HIMARS հրթիռա-հրետանային համակարգեր։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է, թե անհնարին է բանակցել Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զելենսկու հրամանագիրը հրապարակվել է այսօր, իսկ որոշումը ընդունվել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստում, երբ Պուտինը ստորագրեց Ուկրաինայի չորս շրջանները բռնակցելու փաստաթուղթը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ արդեն ավելի քան 200 հազար պահեստազորային է հավաքագրվել:
Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունում Շոյգուն նշել է, որ մինչ Ուկրաինայում տեղակայվելը նրանք վերապատրաստվում են 80 փորձադաշտերում և 6 ուսումնական կենտրոններում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունն առաջիկա օրերին կկազմի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը, և Ֆրանսիան հուսով է, որ այն արագ կընդունվի:
Այդ մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում ասել է երկրի արտգործնախարար Կատրին Կոլոննան:
«Ֆրանսիան ցանկանում է արագ ընդունել պատժամիջոցների նոր եվրոպական փաթեթը: Առաջիկա օրերին այդ աշխատանքը կավարտվի».- ասել է նախարարը:
Նրա փոխանցմամբ, Ֆրանսիան և Եվրամիությունը Ռուսաստանը հանդեպ վարում են «աննախադեպ կոշտ սանկցիոն քաղաքականություն»:
«Պատժամիջոցների նպատակն է առավելագույն ճնշում բանեցնել և Ռուսաստանին զրկել հակամարտությունը շրունակելու հնարավորությունից»,- ասել է Կատրին Կոլոննան և ավելացրել, թե «մյուս կողմից, ոչ Ֆրանսիան և ոչ էլ Մեծ 7-ի որևէ այլ երկիր պատերազմի մեջ չեն Ռուսաստանի հետ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Արևմտյան զինտարածքի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռոման Բերդնիկովը: Նա փոխարինել է գեներալ-գնդապետ, Ռուսաստանի հերոս Ռոման Ժուրավլևին:
Ռուսական լրատվամիջոցները ենթադրում են, որ Զինված ուժերի ղեկավարների շրջանում վերջին շաբաթներին տեղի ունեցած կադրային փոփոխությունները վկայում են Ուկրաինայի բանակի հակագրոհները զսպելու անկարողության մասին, ինչը երկրի քաղաքական գերագույն ղեկավարների դժգոհությունն է առաջացրել:
Ժուրավլևի հրամանատարությամբ Արևմտյան զինտարածքի ստորաբաժանումները մասնակցել են Ուկրաինայում վերջին ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լիմանի ուղղությամբ, որտեղից ուկրաինական բանակի ճնշման հետևանքով նահանջել են:
Սեպտեմբերի 24-ին «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը: