Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:36 27.9.2022

Վլադիկավկազից ստացված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում՝ Վերին Լարսի անցակետում կտեղակայի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կենտրոն, հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունը:

Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանին երեք օրում գոյացել է մոտ երկու հազար ավտոմեքենաների հերթ: Ոտքով սահմանն անցնելու արգելք դեռ չկա:

18:14 26.9.2022

Աշխարհի ամենաազդեցիկ միջազգային տնտեսական կառույցներից մեկը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) այսօր հրապարակված զեկույցում պնդում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները համաշխարհային տնտեսության համար շատ ավելի ծանր են լինելու, քան ակնկալվում էր։

Կազմակերպության փորձագետների պնդմամբ՝ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը չի գերազանցի 2.2 նախկինում կանխատեսված 2.8-ի դիմաց։ «Համաշխարհային տնտեսությունը բարձր գին է վճարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ոչնչով չարդարացված և անօրինական ագրեսիայի համար», - նշում են զեկույցի հեղինակները։

17:20 26.9.2022

Ուկրաինան կրկին հայտարարում է Ռուսաստանի կողմից իրանական դրոնների կիրառման մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Օդեսայի ռազմական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

«Ռուսները ակտիվորեն կիրառում են Իրանում արտադրվող ինքնաոչնչացվող անօդաչու սարքերը։ Դրանք կոչվում են Shaheed 136, սակայն ռուսները այն վերանվանել են «Գերան-2»։ Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող հինգ հարձակում է եղել այդ դրոններով», - հայտարարել է Բարտչուկը՝ պնդելով, որ ռուսական կողմը իրանական անօդաչու սարքերի կիրառմանն է անցել դրանց համեմատաբար ցածր գնի և թանկարժեք հրթիռները տնտեսելու անհրաժեշտությունից դրդված։

Առաջին անգամ իրանական դրոնների կիրառման փաստը նախորդ ուրբաթ պաշտոնապես հաստատեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հայտարարելով Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին։

16:42 26.9.2022

«Այս պահի դրությամբ զորակոչային տարիքի տղամարդկանց համար սահմանը փակելու մասին որևէ որոշում չի կայացվել», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով կիրակի օրվանից մամուլում շրջանառվող լուրերը։

Դրանց համաձայն, Ռուսաստանի՝ օտար պետություններին սահմանակից մի շարք մարզերում և ազգային հանրապետություններում կարող է ռազմական դրություն հայտարարվել, ինչը կհանգեցնի նաև սահմանների փակմանը։

«Հարկավոր է շատ զգուշորեն վերաբերվել նման արտահոսքերին։ Մեր հակառակորդներն ու թշնամիները աշխատում են, մեր տնային հիստերիկները ևս այդ գործի վրա են, ուստի պետք է շատ զգուշորեն ամեն ինչ ընկալել՝ ֆեյքերն այսօր ավելի շատ են, քան ճշմարիտ խոսքը», - նշել է Կրեմլի խոսնակը։

14:43 26.9.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ռուսաստանի նախագահի՝ միջուկային զենքի հետ կապված հռետորաբանությունն անվանել է «անպատասխանատու»։

Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը մշակել է գործողությունների ծրագիր Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում։ Պետքարտուղարը մանրամասներ չի ներկայացրել։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը մասնավոր կապ է հաստատել Կրեմլի հետ միջուկային պատերազմի սպառնալիքի առնչությամբ, Բլինքենը դրական է պատասխանել. - «Այո։ Շատ կարևոր է, որ Մոսկվան մեզնից լսի և մեզնից տեղեկանա, որ նման քայլի հետևանքները սարսափելի կլինեն։ Եվ մենք դա շատ պարզ հասկացրեցինք»:

14:40 26.9.2022

Կիրակի օրը Ռուսաստանում շարունակվել են բողոքի ցույցերն ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի զորահավաքի:

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում հակամոբիլիզացիոն ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան հարյուր ցուցարարների:

Ռուսաստանի այս հանրապետությունում մարդիկ փակել են մայրուղին և վանկարկել «ո՛չ պատերազմին», իսկ ուժայիններն օդ են կրակել:

Խասավյուրտի մոտակայքում գտնվող Էնդիրեյ մեծ գյուղի բնակիչները, բողոքելով զորահավաք դեմ, փակել են Խասավյուրտ-Մախաչկալա մայրուղին։ Ավելի ուշ Մախաչկալայում սկսվել է բողոքի ակցիա՝ հիմնականում կանանց մասնակցությամբ։

Յակուտիայում նույնպես հրապարակում ցույց է անցկացվել։

07:38 26.9.2022

Եթե Ռուսաստանի հատի «կարմիր գիծը», Միացյալ Նահանգները վճռական պատասխան կտա, կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ Մոսկվան «աղետալի հետևանքների» կբախվի, եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայի դեմ, քանի որ Միացյալ Նահանգները պատրաստ է խստորեն արձագանքել նման քայլին։

«Եթե Ռուսաստանը հատի այս սահմանը, հետևանքները նրա համար աղետալի կլինեն։ ԱՄՆ-ը խստորեն կպատասխանի», - ասել է Սալիվանը NBC-ին տված հարցազրույցում։

Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդականը չի հստակեցրել, թե ինչ ասել է «վճռական պատասխան», սակայն ասաց, որ Վաշինգտոնը Մոսկվային ասել է «ավելի մանրամասն, թե դա ինչ է նշանակում»:

Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այսօր էլ ուղիղ կապ է պահպանում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ վերջին մի քանի օրվա ընթացքում, քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, Պուտինի գործողություններն ու սպառնալիքները։

18:35 25.9.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս զինվորներին, ովքեր կհանձնվեն Ուկրաինային, կվերաբերվեն «քաղաքակիրթ ձևով»։

Իր գիշերային ուղերձում Զելենսկին կոչ է արել ռուսներին փախչել կամ միանգամից հանձնվել ճակատում:

Սա հաջորդում է Ռուսաստանի նախագահի ՔՕ-ում կատարված մի շարք լրացումները ստորագրելուն, որոնցով ռազմական գործողությունների ընթացքում սեփական կամքով գերի հանձնվելու համար սահմանվում է 3-ից 10 տարվա ազատազրկում։

Խոսելով ռուսերեն՝ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսներին հանձնվել Ուկրաինային, այլ ոչ թե հակամարտությունից հետո որպես ռազմական հանցագործ դատվելու վտանգի ենթարկվել:

Ուկրաինան դասալիքների հետ կվերաբերվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան և որևէ մեկին չի վերադարձնի Ռուսաստան, եթե նրանք վախենում են հետևանքներից, ասել է նա։

12:01 25.9.2022

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ հանրաքվեները և դրանց հնարավոր բռնակցումը Ռուսաստանին, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Մենք՝ G7-ի առաջնորդներս, խստորեն դատապարտում ենք կեղծ հանրաքվեները, որոնք Ռուսաստանը փորձում է օգտագործել որպես կեղծ առիթ` փոխելու Ուկրաինայի ինքնիշխան տարածքի կարգավիճակը, որը շարունակում է մնալ ռուսական ագրեսիայի օբյեկտ»,- ասվում է հայտարարության մեջ։

G7-ի ղեկավարները «ռուսական օկուպացիոն իշխանությունների այս գործողությունները» համարում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:

18:21 24.9.2022

Անկարան չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացվող հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը: Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ասել է՝ Թուրքիայի դիրքորոշումը այս հարցում նույնն է, ինչ Ղրիմի դեպքում:

«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մենք Ուկրաինայի կողքին ենք այս պատերազմում: Միակ երկիրը Թուրքիան է, որը փորձում է վերջ դնել պատերազմին»,- ասել է Քալընը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG