Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը Ուկրաինայում իրանական արտադրության ԱԹՍ են կիրառում


Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» խմբավորումը հայտնում է, որ իրենց ուղղությամբ ռուսական ուժերը սկսել են կիրառել իրանական արտադրության կամիկաձե հարվածային դրոններ։

«Հարավ» խմբավորման մամուլի խոսնակ Վլադիսլավ Նազարովը հայտնել է, որ հակառակորդը ակտիվացրել է դրոնների օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակվելու համար, այդ թվում՝ առաջնագծից զգալիորեն հեռու թիկունքում։ Օչակովի առափնյա շրջանի երկայնքով այդպիսի երկու դրոն է կիրառվել, մեկը հաջողվել է ոչնչացնել, մյուսի հարվածից տուժածներ չկան։

«Խոցված դրոնի մասերից պարզվել է, որ այն իրանական արտադրության «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարք է, որը ռուսական ուժերը, տարբերանշանները փոխելով, «Գերան-2» են անվանում»,- ասել է նա։

200 կիլոգրամ կշռով, թևերի 2,5 մետրանոց բացվածքով իրանական դրոնները կարող են երկար ժամանակ օդում կախված մնալ, մինչև թիրախի հայտնվելը ու մեծ արագությամբ սլանալ դեպի այն։ Նրանք կարող են գործել մինչև 2500 կիլոմետր հեռավորության վրա։

Անցած շաբաթ ռուսական ուժերը իրանական դրոնները առաջին անգամ փորձարկել էին Խարկովի ուղղությամբ, որտեղ ուկրաինական ուժերը հակահարձակման էին անցել։ Ուկրաինացի զինվորականները արևմտյան մամուլին խոստովանել էին, որ իրանական դրոնները կիրառվել են իրենց հրետանային կայանների դեմ և բավականին արդյունավետ են գործել։

Առաջին անգամ ամերիկյան հետախուզությունն էր հայտնել, որ Իրանը պատրաստվում է հարվածային դրոններ մատակարարել Ռուսաստանին։ Թեհրանը և Մոսկվան այդ տեղեկությունները չեն հաստատում։ Ռազմական փորձագետները նշել էին, որ իրանական դրոնները ցածր բարձրության վրա թռչելու առավելություն ունեն, ինչը դժվարացնում է նրանց հայտնաբերումը ռադարների կողմից։

Հարավային ուղղությամբ մարտական գործողությունների մասին Վլադիսլավ Նազարովը ասել է, որ հակառակորդը հաջողություններ չունենալով ցամաքում դիմում է հեռահար հարվածների՝ անցած օրվա ընթացքում 9 ավիահարված և մի քանի հրթիռային հարված են հասցրել ուկրաինական դիրքերին ու բնակավայրերին։ Սև ծովում մանևրում են ռուսական 12 ռազմանավեր, որոնցից 3-ը «Կալիբր» տեսակի 24 հրթիռներ են կրում, ինչպես նաև դեսանտային երկու մեծ նավ։

Ուկրաինական զինուժի գործողությունների մասին նա ասել է, որ Խերսոնի ուղղությամբ հակառակորդի Su-25 կործանիչ է ոչնչացրել։ Հրթիռա-հրետանային համակարգերը 210 հարվածներ են իրականացրել։ Ոչնչացվել է հակառակորդի ավելի քան 150 զինվոր, չորս տասնյակ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ յոթ տանկ, շուրջ երկու տասնյակ զրահամեքենա, ինչպես նաև հաուբիցներ, հրետանային այլ կայաններ։

Պատերազմական պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ռազմաճակատի հարավային ուղղության ընդհանուր իրավիճակը Վլադիսլավ Նազարովը գնահատել է բավականին բարդ, դինամիկ, բայց վերահսկելի։

Նրա ասելով՝ ուկրաինական ուժերը շարունակում են ակտիվ գործողությունները՝ հակառակորդին ստիպելով լքել գրաված դիրքերն ու պաշտպանական նոր բնագծեր զբաղեցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG