Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

18:19 24.9.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է երկրի Քրեական օրենսգրքում կատարված մի շարք լրացումները, որոնցով խստացվում են դասալքության և դիակապտության համար սահմանված պատիժները, ինչպես նաև պատիժ է սահմանվում կամավորաբար գերի հանձնվելու համար։

Քրեական օրենսգրքում կատարված լրացումների համաձայն` ռազմական գործողությունների ընթացքում սեփական կամքով գերի հանձնվելու համար սահմանվում է 3-ից 10 տարվա ազատազրկում։

Զորահավաքի և ռազմական դրության պայմաններում 2-ից 10 օրով զորամասը լքելու համար պատիժ է սահմանվում մինչև 5 տարվա ազատազրկումը՝ նախկինում գործող մեկ տարվա փոխարեն։ «Օրենսգրքում կատարված նոր լրացումներով դիակապտության համար նախատեսված պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման, եթե կատարվել է զորահավաքի ընթացքում կամ ռազմական դրության պայմաններում», - հաղորդում է «Ինտերֆաքսը»։

18:18 24.9.2022

Իրանի Իսլամական Հանրապետությունը ափսոսանք է հայտնում Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու Կիևի կայացրած որոշման առթիվ, այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Իրանցի դիվանագետը կոչ է արել Կիևին «զերծ մնալ երրորդ երկրների ազդեցությունից, որոնք փորձում են խաթարել Իրանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները»։

Պաշտոնական Կիևը Իրանի հետ հարաբերությունների մակարդակը նվազեցնելու, մասնավորաբար դեսպան Մանուչեր Մորադիին Ուկրաինայի տարածքում աշխատելու հավատարմագրից զրկելու, ինչպես նաև Կիևում իրանական դեսպանատան աշխատակիցների թվի կրճատման պահանջի մասին հայտարարել էր նախօրեին։ Պատճառն, ըստ ուկրաինական կողմի, ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի կողմից իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառումն է։ Նման առաջին ապացուցված դեպքը արձանագվեց ուրբաթ օրը, երբ իրանական արտադրության Shahhed 129 տեսակի անօդաչուն հարվածեց Օդեսայի նավահանգստին։

«Իրանը համագործակցում է չարիքի հետ», - մեկնաբանելով իրանական դրոնների վաճառքը Ռուսաստանին` նախօրեին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

14:40 24.9.2022

Կրեմլում զգուշացնում են՝ եթե Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեի հարավային հատվածում անցկացվող հանրաքվեների մասնակիցները կողմ արտահայտվեն Ռուսաստանին միանալու գաղափարին, ապա հետագա ուկրաինական հարձակումները այդ շրջանների ուղղությամբ կընկալվեն որպես ագրեսիա բուն Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ տարածքներում անմիջապես սկսելու է գործել Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը։ Եթե այդ տարածաշրջանները մուտք գործեն Ռուսաստանի կազմ, կսկսեն գործել Սահմանադրության համապատասխան դրույթները», -ասել է Պեսկովը։

14:38 24.9.2022

Ուկրաինայի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող շրջաններում շարունակվում են դրանց՝ Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեները։ Տեղի ռուսամետ իշխանությունների պնդմամբ` քվեարկության առաջին օրը Զապորոժիեի մարզի՝ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում քվեարկել է բնակչության 20, Լուգանսկում՝ 21,Դոնեցկում՝ 23 տոկոսը։

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ` մի շարք տարածաշրջաններում, մասնավորաբար առաջնագծից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Խերսոնում քվեարկությունն իրականացվում է տնային պայմաններում՝ ընտրական հանձնաժողովների անդամները բնակիչներին այցելում են զինվորականների ուղեկցությամբ։ Միջազգային հանրությունն ու պաշտոնական Կիևը այս հանրաքվեները անօրինական են որակում։

Ուրբաթ երեկոյան հեռարձակված ուղերձում դրանց է անդրադարձել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` ասելով. «Աշխարհը պատշաճ կերպով կարձագանքի այս կեղծ հանրաքվեներին՝ դրանք միանշանակորեն կդատապարտվեն»։

Նախօրեին Սպիտակ տան խոսնակը արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման դեպքում Մոսկվայի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել։

21:12 23.9.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, թե ռուսական օդուժի ավիահարվածների հետևանքով Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի մոտ ոչնչացվել է ուկրաինացի 220 զինծառայող, իսկ Սլավյանսկի մոտ՝ ավելի քան 100 օտարերկրացի վարձկաններ։

21:11 23.9.2022

«Սեպտեմբերի 19-20-ը Դոնի Ռոստովի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ռուսաստանցի 105 զինվորականի դի։ Պատրաստվում են շուտով ընդունել զոհվածների ևս 200 մարմիններ»,- այսօր ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը։

Նրա խոսքերով՝ ռուսական բանակը մարդկային ուժի կորուստները լրացնելու նպատակով շարունակում է օկուպացված տարածքների բնակիչներին պարտադրողաբար զորակոչել Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Իսկ մասնավոր ընկերության ներկայացուցիչները Լուգանսկի կալանավայրում բանտարկյալներին հավաքագրելու անհաջող փորձեր են կատարում։

18:11 23.9.2022

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը այսօր ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում զոհված ուկրաինացի զինծառայողների թիվն անցնում է ինը հազարը։ Նա նշել, որ կորուստների կոնկրետ թիվ չեն կարող ասել, քանի որ որոշ շրջաններում, մասնավորապես, Մարիուպոլում զոհվածների քանակը չեն կարող ճշտել։

Աննա Մալյարը նշել է, որ խոսքը միայն զոհված զինծառայողների մասին է, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի տվյալներով այլ գերատեսչություն է զբաղվում։

Շաբաթվա սկզբին Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, թե պատերազմի ընթացքում ուկրաինացի շուրջ 61 հազար զինծառայող է սպանվել, 49 հազարը վիրավորել է, իսկ ռուսական կողմը 5 հազար 937 զոհ է տվել։

Շոյգուի հայտնած տվյալները փորձագետները արժանահավատ չեն համարում։

16:55 23.9.2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքը Չեչնիայում չի անցկացվի։

Նրա խոսքերով՝ ուկրաինական պատերազմում Չեչնիան «գերակատարել է պլանը»։

Երեկ երեկոյան տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Կադիրովն ասել է, որ Ուկրաինայի մարտական գործողություններին Չեչնիայից 20 հազար մարդ է մասնակցել: «Իջեցված պլանը» գերակատարվել է 254 տոկոսով, ասել է նա։

15:35 23.9.2022

Ուկրաինայի գրավյալ շրջաններում՝ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների մի մասում այսօր մեկնարկել է հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու հարցով։

Ուկրաինան և Արևմուտքը հայտարարել են, որ չեն ընդունի այդ «ֆիկտիվ հանրաքվեների» արդյունքները։

Հանրաքվեն մերժում են նաև այդ շրջաններից տեղահանված Ուկրաինայի քաղաքացիները։

Ռուսական լրատվամիջոցները տարածել են Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հայտարարությունները, որտեղ նրանք հանրաքվեն պատմական են համարում։

Ուկրաինայի գրավյալ տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեները շարունակվելու են հինգ օր։

21:46 22.9.2022

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե մասնակի զորահավաքի կապակցությամբ երկրից տղամարդկանց զանգվածային արտագաղթի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Օդակայաններում այդ եռուզեռի մասին տեղեկատվությունը և նման լուրերը չափազանցված են, շատ կեղծ ինֆորմացիա է տարածվում: Մենք պարտավոր ենք շատ զգուշավոր լինել, որ ֆեյք տեղեկատվության զոհ չդառնանք»,- ասել է Պեսկովը:

Մասնակի զորահավաքի մասին նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունից հետո մեծ թվով տղամարդիկ սկսել են շտապ հեռանալ Դաշնությունից:

Տոմսերը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Սերբիայի ուղղությամբ անմիջապես սպառվել են:

Երկար հերթեր են գոյացել Վրաստանի, Ֆինլանդիայի, Ղազախստանի և Մոնղոլիայի հետ սահմաններին տանող ավտոճանապարհներին:

Դմիտրի Պեսկովն այսօր նաև պնդել է, թե Ռուսաստանն անպայման կհասնի Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայով» նախատեսված նպատակներին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG