- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Մասնակի զորահավաքի մասին Ռուսաստանի նախագահի որոշումը կարող է է՛լ ավելի սրել իրադրությունը Ուկրաինայի շուրջ», - Reuters գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այսօր նշել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պետք է զերծ մնա միջուկային շանտաժից, քանի որ նման հռետորաբանությունը «վտանգավոր է և անխոհեմ»։
«Ռուսաստանի նախագահը քաջատեղյակ է, որ միջուկային պատերազմ հրահրել չի կարելի և դրանում հաղթելը պարզապես անհնարին է։ Այն կարող է աննախադեպ հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար», - նշում էր Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ պահեստազորայինների զորակոչ անցկացնելու որոշումը վկայում է այն մասին, որ «պատերազմը ընթանում է ոչ Կրեմլի գծած պլաններին համապատասխան»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է ընթանալ Կիևի համար շահեկան սցենարով։
«Առաջնագծում տիրող իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ռազմական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է։ Մեր զինվորականները շարունակում են խնամքով և խիզախորեն կատարել հրամանատարության կողմից իրենց առջև դրված խնդիրները», - հայտարարում էր Զելենսկին։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Արևմտյան առաջնորդները երեկվանից կոշտ քննադատում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հաջորդ շաբաթ նշանակված հանրաքվեները:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մասնավորապես, ցինիկ ծաղր է որակել այս նախաձեռնությունը, Միացյալ Նահանգները հանրաքվեներն անվանել է վիրավորանք Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին:
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Ամիսների դադարից հետո Ռուսաստանն այսօր հրապարակել է Ուկրաինայում իր զոհերի թիվը՝ 5 հազար 937 մարդ:
Կիևի և արևմտյան պետությունների հաշվարկներով՝ Ռուսաստանի կորուստները անհամեմատ ավելի մեծ են:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ տեսաուղերձով՝ այսօրվանից հայտարարելով մասնակի զորահավաք և բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Պուտինը նշեց, որ ռուս զինվորականները գործում են շփման գծում, որի երկարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, և դիմադրում են հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Նա խոստացավ, որ նախքան ստորաբաժանումներ ուղարկելը նրանք պարտադիր լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի փորձը։
Պուտինը նաև վստահեցրեց, որ բոլոր ռուսաստանցիները, ովքեր կզորակոչվեն զորահավաքի շրջանակում, կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական բոլոր երաշխիքները։
Վլադիմիր Պուտինը կրկին զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ նախատեսվում է զորակոչել 300 հազար մարդու:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի ֆուտբոլի ընկերակցության նախագահ Անդրեյ Պավելկոյի փոխանցմամբ, Ռուսաստանին զրկել են ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից:
Այդ առաջնությունը պետք է անցկացվի Գերմանիայում: Ռուսաստանի ներկայացուցչին չեն թույլատրի մասնակցել հավաքականների խմբերի կազմավորման վիճակահանությանը, որը հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Մայնի Ֆրանկֆուրտում:
«Առնվազն մինչև 2024 թվականը ռուսները միջազգային մրցումների չեն մասնակցի: Եվրո-2024-ը կանցնի առանց Ռուսաստանի»,- ասել է Պավելկոն:
Եվրո-2024-ը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը գերմանական տասը քաղաքներում՝ Բեռլինում, Քյոլնում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Դորթմունդում, Լայպցիգում, Գելզենկիրխենում, Շտուտգարտում և Դյուսելդորֆում: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը կմասնակցեն 24 երկրների հավաքականներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է հնարավորինս արագ ավելացնի արտադրության ծավալը և կրճատի դրա ժամանակն, ինչպես նաև ապահովի բանակի մատակարարումն անհրաժեշտ սպառազենով և տեխնիկայով:
Այդ մասին այսօր նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցության ընթացքում:
Պուտինը նաև պնդել է, որ ռուսական սպառազենը և տեխնիկան բարձր արդյունավետություն են ցուցադրում Ուկրաինայում ընթացող գործողություններում և հաջողությամբ դիմակայում են արևմտյան սպառազենին:
Միաժամանակ Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել արևմտյան տեխնիկան, որը ՆԱՏՕ-ն տրամադրում է Ուկրաինային և դրա միջոցով կատարելագործել հայրենական արտադրության սպառազենը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Ռուսաստանին միանալու հարցով Դոնբասում հանրաքվեներ անցկացնելու իրավունքը բացառապես վերապահված է այդ շրջանում բնակվող մարդկանց:
«Այս հատուկ ռազմական օպերացիայի ամենաառաջին օրերին մենք ընդգծել ենք, որ այդ տարածքներում ապրող մարդիկ պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը: Այս ամբողջ իրավիճակը հաստատում է, որ նրանք հենց դա են ուզում»,- ասել է Լավրովը Ռուսաստանի պետական հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում:
Պաշտոնական Մոսկվան նկատել է տալիս, թե որևէ կերպ չի միջամտում գործընթացին և չի ուղղորդում Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում «հանրաքվեներ» անցկացնելու նախաձեռնությունը:
Այդ «հանրաքվեները» նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-ից 27-ը: Կիևը և արևմտյան երկրները հայտնել են, որ երբևէ չեն ճանաչի այդ «հանրաքվեների» արդյունքը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Դոնեցկի և Լուգանսկի անջատական կազմավորումների ռուսամետ իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 24-ից 27-ը տեղի կունենան «հանրաքվեներ» Ռուսաստանին միանալու հարցով:
«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անունից այդ մասին հայտնել է «հանրապետության ժողովրդական խորհուրդը»:
«Լուգանսկի ժողովրդական հանրապետության» անունից այդ որոշման մասին հայտնել է «ժողովրդական խորհրդի նախագահ» Դենիս Միրոշնիչենկոն:
Նման որոշում է կայացրել նաև Խերսոնի մարզի՝ ռուսների հսկողության տակ գտնվող տարածքի տեղական իշխանությունը: Այդ մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել հակամարտությունն Ուկրաինայի հետ:
«Ուզբեկստանում ես հանդիպել եմ նախագահ Վլադիմիր Պուտինին և հանգամանալից բանակցություններ եմ անցկացրել»,- ասել Էրդողանը, նշելով, թե, իր տպավորությամբ, Պուտինն ուզում է հնարավորինս արագ ավարտել» պատերազմը:
Էրդողանի խոսքով, «հիմա այս գործը {պատերազմն Ուկրաինայում} բավական բարդ է ընթանում»: