Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

22:36 8.9.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ճանապարհ հարթել նաև ռուսական հացահատիկի արտահանման համար Ուկրաինայի հետ ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում։

«Հուսով եմ, որ մենք կարող ենք որքան հնարավոր է շուտ սկսել հացահատիկի առաքումը նաև ռուսական կողմից և տեսնել, որ այդ հացահատիկը առաքվում է իսկապես աղքատ երկրներ», - հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ հարցը պատրաստվում է հաջորդ շաբաթ ռուսաստանցի պաշտոնակցի հետ քննարկել Ուզբեկստանում։

Ուկրաինան և Ռուսաստանը հուլիսին համաձայնագիր են ստորագրել ուկրաինական երեք նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ։ Գործարքը նախատեսում է նաև ռուսական ցորենի ու պարարտանյութի արտահանում, ինչը, սակայն, առայժմ հետաձգվում է:

Արձագանքելով Պուտինի պնդմանը, թե ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը ուղարկվում է եվրոպացի սպառողներին, Էրդողանը ասել է․ «Պարոն Պուտինն իրավացի է` հացահատիկային միջանցքով առաքումներ են իրականացվում ոչ թե աղքատ երկրներ, այլ հիմնականում՝ զարգացած»։

Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հայտնում են, որ սեպտեմբերի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ 105 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից՝ 2,3 միլիոն տոննա հացահատիկ և այլ սննդամթերք տեղափոխելով համաշխարհային շուկաներ։ DPA-ի տվյալներով` ուկրաինական պարենի ավելի քան 43%-ն ուղղվել է բարձր եկամուտ ունեցող երկրներին, այդ թվում՝ Իսպանիային, Իտալիային, Հարավային Կորեային, Նիդեռլանդներին, Գերմանիային:

18:34 8.9.2022

Ուկրաինան հայտարարում է, որ շաբաթասկզբից ի վեր ավելի քան 20 բնակավայր է ազատագրել Խարկովի մարզում:

«Մեր զինվորները ներթափանցել են հակառակորդի պաշտպանական գծեր մինչև 50 կիլոմետր խորությամբ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրոմովը։

Ուկրաինական կողմի այս պնդումները պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներից ստուգել առայժմ չի հաջողվել։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն այսօր ավելի վաղ հայտնել է, որ ուկրաինական բանակը, ըստ ամենայնի, օգտվել է ռուսական ուժերի տեղափոխումից հարավ՝ Խերսոնի շրջան, և հարվածներ է հասցնում Բալակլեյայի շրջանում։

Աղբյուրը նշել է, որ ուկրաինացիները Բալակլեյայի շրջանում կարողացել են առաջ շարժվել մոտ 20 կմ և մոտ 40 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրել։

17:13 8.9.2022

Սեպտեմբերի 19-ից Էստոնիան ամբողջությամբ կսահմանափակի ցամաքային սահմանի հատումը շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։

«Էստոնիայի քաղաքական կամքն է, որպեսզի սեպտեմբերի 19-ին ժամը 00:00-ից ուժի մեջ մտնի ՌԴ քաղաքացիների համար Էստոնիա մուտքի արգելքը։ Դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, ովքեր ունեն Էստոնիայի, ինչպես նաև Եվրամիության այլ երկրների կողմից տրված վիզաներ։ Լիտվան, Լատվիան և Լեհաստանը նույնը արգելքը կկիրառեն նույն պահից», - ասել է Ռեյնսալուն Տալլիննում կայացած մամուլի ասուլիսում։

«Մի եկեք Էստոնիա շենգենյան վիզաներով, ձեզ այստեղ չեն ողջունում», - դիմելով ռուսներին՝ ասել է Ռեյնսալուն։

Ավելի վաղ Բալթյան երկրները համատեղ հայտարարություն էին տարածել՝ սահմանը հատող ռուս զբոսաշրջիկներին անվանելով «հանրային անվտանգության սպառնալիք»:

17:11 8.9.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անակնկալ այցով ժամանել է Կիև, այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ կողմերը կքննարկեն 2,7 միլիարդ դոլարի ամերիկյան օգնության փաթեթը, որը Վաշինգտոնը մտադիր է հատկացնել Ուկրաինային և18 եվրոպական երկրների, որոնց ապագայում Ռուսաստանը կարող է սպառնալ:

Սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից՝ փետրվարի 24-ից ի վեր:

17:11 8.9.2022

Ռուսաստանցի լրագրող և բարերար Դմիտրի Ալեշկովսկու մուտքը Վրաստան արգելվել է: Այս մասին հայտնել է լրագրողի մայրը՝ հայտնի ընդդիմադիր հանրային գործիչ, պատմաբան Թամարա Էյդելմանը։

Վերջինիս խոսքով՝ Ալեշկովսկին կնոջ և դստեր հետ բնակվում է Թբիլիսիում, երկու օրով մեկնել էր Երևան, և հետդարձի ճանապարհին նրա մուտքն արգելվել է, ինչի պատճառով ստիպված վերադարձել է Հայաստան։

Վրաստանի իշխանությունները վերջին ամիսներին առանց բացատրության բազմաթիվ ռուս ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

Վերջին օրերին նույն արգելքը սահմանվել է նաև ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մերձավոր թիմակից, փաստաբան Ֆյոդոր Տելինի նկատմամբ:

17:09 8.9.2022

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Սպիտակ տունը հավանություն է տվել Ուկրաինային ևս 675 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթին, որը ներառում է 105 մմ տրամաչափով հաուբիցներ, ճշգրիտ կառավարվող GMLRS հրթիռներ և հրետանային զինամթերք։

Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ Վաշինգտոնը «ակնհայտ հաջողություններ» է տեսնում Ուկրաինայում ռուսական զորքերի դեմ գործողություններում։

Օսթինն այս մասին խոսել է Գերմանիայում՝ Ռամշտայն ավիաբազա այցի ընթացքում։

17:09 8.9.2022

Պաշտոնական Մինսկը հայտարարում է Եվրամիության անդամ Լեհաստանի հետ սահմանին զորավարժությունների մեկնարկի մասին։

Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, «վարժանքները գործնականում թույլ կտան մշակել մարտական (հատուկ) գործողությունների անցկացումը՝ հակառակորդի կողմից ժամանակավորապես գրավված տարածքների ազատագրման» և սահմանամերձ շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ։

Բելառուսի ռազմական գերատեսչությունը չի հստակեցնում զորավարժություններում ներգրավված զինվորների թիվը, բայց շեշտում է, որ ներգրավված զինտեխնիկան չի գերազանցում միջազգային փաստաթղթերով սահմանված չափորոշիչները։

17:07 8.9.2022

Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի և մերձակա տարածքում վերսկսվել են գնդակոծությունները, կողմերը կրկին միմյանց են մեղադրում դրանց համար։

Էներգոդար քաղաքը, որտեղ գտնվում է կայանը, մնացել է առանց էլեկտրականության։

Ռուսական զորքերը հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Նիկոպոլ քաղաքին, որը գտնվում է Դնեպր գետի մյուս ափին, Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի դիմաց, ասել է Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հաղորդում է, որ խափանումը տեղի է ունեցել էլեկտրական ենթակայանի վրա ուկրաինական հարձակման պատճառով:

17:07 8.9.2022

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տեղեկություններով՝ ուկրաինական բանակը, ըստ ամենայնի, օգտվել է ռուսական ուժերի տեղափոխումից հարավ՝ Խերսոնի շրջան, և հարվածներ է հասցնում Բալակլեյայի շրջանում։

Աղբյուրը նշում է, որ ուկրաինացիները Բալակլեյայի շրջանում կարողացել են առաջ շարժվել մոտ 20 կմ և մոտ 40 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրել։

08:08 8.9.2022

Թուրքիայի նախագահը կոչ է անում արևմտյան պետություններին չթերագնահատել Ռուսաստանին և այդ երկրի կարողությունները։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բելգրադում կայացած ասուլիսի ժամանակ։

«Մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է մոտ ապագայում ավարտվել, թե՝ ոչ։ Այս պահին դա այնքան էլ հավանական չի թվում, սակայն ես ցանկանում եմ դիմել այն մարդկանց, որոնք թերագնահատում են Ռուսաստանին։ Դուք սխալվում եք։ Ռուսաստանը այն երկիրը չէ, որին կարելի է թերագնահատել», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահը չշրջանցեց նաև Եվրոպայում ծագած էներգետիկ ճգնաժամի թեման։

«Ռուսաստանն այս պահին դադարեցրել է գազի մատակարարումները։ Գազի գինը Եվրոպայում բարձրացել է, և բոլորը սկսել են անհանգստանալ, թե ինչպես են գոյատևելու գալիք ձմռանը։ Իսկ ինչո՞ւ ավելի շուտ չէիք մտածում այս մասին։ Ռուսաստանը նման կարևոր նշանակություն ունի, դուք այս ամենի մասին ավելի շուտ պետք է մտահոգվեիք», - հայտարարում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG