- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել անհապաղ ԱԷՄԳ առաքելություն ուղարկել Զապորոժիեի ատոմակայան։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր ելույթում զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում «լուրջ» ճգնաժամի մասին՝ հավելելով, որ ՄԱԳԱՏԷ-ին շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն իրականացնելու համար։
Անվտանգության խորհրդի բոլոր անդամներն աջակցել են Ուկրաինայում ՄԱԳԱՏԷ-ի հրատապ առաքելություն իրականացնելու կոչերին, սակայն հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ, թե ով է մեղավոր հրետակոծության և ով պետք է պատասխանատու լինի առաքելությանն աջակցելու համար։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վաշինգտոնը հավանություն է տալիս Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի հռչակելու գաղափարին, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է պետական դեպարտամենտի մի անանուն պաշտոնյա:
«Ատոմակայանի մոտակայքում մարտական գործողություններ վարելը վտանգավոր է և անպատասխանատվություն է: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ռազմական բոլոր գործողություններն Ուկրաինայի ատոմակայանների և միջուկային կենտրոնների տարածքում կամ մոտակայքում և հսկողությունն այդ օբյեկտների նկատմամբ ամբողջությամբ վերադարձնել Ուկրաինային»,- ասել է անանուն պաշտոնյան:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծել անվտանգության գոտի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Դանիայում տեղի ունեցած «Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորականհամաժողովը որոշել է Կիևին տրամադրել մեկ և կես միլիարդ եվրո զենք գնելու համար, այսօր հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը:
«Ընդհանուր հաշվով համաժողովը հավաքել է 1.5 միլիարդ եվրո»,- ասել է նախարարը և ավելացրել, թե որոշ երկրների պատվիրակներ կվերադառնան տուն և կքննարկեն թեման, ուստի, հանգանակված գումարը կարող է ավելանալ:
Նախարարի խոսքով, նշված գումարը կտրամադրվի սպառազենի արտադրման և գնումների, ուկրաինացի զինծառայողների ուսուցման, ինչպես նաև ականազերծման համար:
Սեպտեմբերին նախատեսվում է համաժողովի ներկայացուցիչների նոր հավաք, որի ընթացքում կքննարկվեն կատարված աշխատանքի ընթացքն ու նոր հանգանակություններ հայթայթելու հնարավորությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության նախկին աշխատակից, զինված ուժերը վարկաբեկելու հոդվածով մեղադրվող Մարինա Օվսյաննիկովայի համար խափանման միջոց է սահմանել տնային կալանքը:
«Դատարանը բավարարել է հետաքննության հայտը և Մարինա Օվսյաննիկովային դատապարտել է տնային կալանքի մինչև հոկտեմբերի 9-ը»,- հայտարարել է դատավորը:
Նախօրեին Օվսյաննիկովային ներկայացվել է մեղադրանք Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 207 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասով՝ «Ռուսաստանի Զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածում»: Այդ մեղադրանքով Օվսյաննիկովան կարող է դատապարտվել մինչև 10-ը տարվա ազատազրկման:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Արևմուտքին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենք և ֆինանսական միջոցներ տրամադրելու և միջուկային ահաբեկչություն իրականացնող Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու քաղաքականությունը:
Նա հայտարարել է, թե ռուսները պատանդ են դարձրել Զապորոժիեի ատոմակայանը: Նրա խոսքով, Չերնոբիլի աղետից հետո Ուկրաինան միջոցներ է ձեռնարել ատոմակայանների անվտանգությունը երաշխավորելու համար:
Տարիներ շարունակ Եվրոպայում ոչ ոք չի մտածել, թե նորից կառաջանա միջուկային աղետի սպառնալիք, բայց հիմա այն կա, որովհետև Ռուսաստանը, Զելենսկու փոխանցմամբ, ահաբեկչական գործողություններ է կատարում:
«Մեմք համոզված ենք, որ ռուսների արձակած թևավոր հրթիռների հետագիծը պատահական չի անցնում ուկրաինական ատոմակայանների վրայով: Դա ռուսական միջուկային ահաբեկչության վկայությունն է: Ռուսաստանը վերածվել է ահաբեկչական պետության և ատոմակայանները պատանդ դարձրել ու միջուկային աղետի վտանգով շանտաժի է ենթարկում բոլորին»,- ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լատվիայի խորհրդարանը՝ Սեյմը Ռուսաստանը ճանաչեց ահաբեկչությունը հովանավորող պետություն: Հայտարարությունն ընդունվել է խորհրդարանի այսօրվա նիստում:
Հայտարարության տեքստում ասվում է, որ «Ռուսաստանը նպատակաուղղված թիրախավորում է Ուկրաինայի տարածքում ապրող խաղաղ բնակիչներին»:
Սեյմի հայտարարության նախագիծն ընդունվել է 67 կողմ քվեներով, չի քվեարկել 16 պատգամավոր:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսները փորձում են հսկողության տակ առնել ամբողջ Դոնբասի շրջանը և այդ նպատակով ծանր հարվածներ են հասցնում ուկրաինացիների ավելի քան 60՝ թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական թիրախներին:
Անցած գիշերվա ընթացքում ռուսները «Գրադ» տեսակի առնվազն 120 հրթիռ են արձակել Նիկոպոլ քաղաքի ուղղությամբ:
«Թշնամին ուժեր է կենտրոնացնում, ցանկանալով ամբողջական հսկողություն սահմանել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների վրա, պահել ժամանակավոր զավթած Խերսոնի շրջանը և մասամբ զավթած Նիկոլաևի, Խարկովի ու Զապորոժիեի շրջանները, բարենպաստ պայմաններ ստեղծել տարբեր ուղղություններով գրոհներ իրականացնելու և սևծովյան հաղորդակցության ուղիների արգելափակումը շարունակելու համար», - ասել է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսանդր Շտուպունը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Դիվանագիտական շրջանակների ևս մեկ աղբյուր հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրները կհանդիպեն Ռուսաստանի խնդրանքով։
Երեկ Telegram-ի իր ալիքում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին գրել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման հարցով Ռուսաստանն օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել:
Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին սպառնացող վտանգի համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ներկայացնել Ուկրաինայի շահերը Ռուսաստանի տարածքում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, երեկ հաղորդել է SRF հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։
Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանի տարածքում: Այդ հարցի շուրջ բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի»
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ վերջին 24 ժամերին Նիկոլաևի մարզի օդային տարածքում երեք ուկրաինական ռազմական օդանավ է խոցվել։
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Նիկոլաևի մարզում ծավալված օդային մարտերի ընթացքում ոչնչացրել է ուկրաինական մեկ Սու-25, մեկ Սու-27 և մեկ ՄիԳ-29 օդանավ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Ռուսական կողմն այսօր հայտարարել է նաև Նիկոլաևի մարզում տեղակայված գերմանական արտադրության «Հեպարդ» տեսակի ՀՕՊ համակարգի ոչնչացման ինչպես նաև ամերիկյան արտադրության HIMARS տեսակի հթրիռային համակարգերից արձակված յոթ արկերի խոցման մասին։
«Հեպարդ» համակարգը ոչնչացվել է Նիկոլաևի մարզի Նովոպավլովկա բնակավայրի հարևանությամբ իսկ HIMARS-ների հթրիռները՝ Խերսոնի մարզի տարածքում», - հայտարարել է Կոնաշենկովը։