Մատչելիության հղումներ

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին նախօրեին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից և այնտեղ խախտվել են միջուկային անվտանգության բոլոր սկզբունքները։ Նա զգուշացրել է, որ ռուսական ուժերը չեն պահպանում ատոմակայանի ֆիզիկական անձեռնմխելիությունը և դիմել է Ուկրաինային ու Ռուսաստանին՝ խնդրելով շուտափույթ աջակցել գործակալության մասնագետների այցելությանը ատոմակայան:

Ռուսական կողմից պատասխանել են Զապորոժիեում նշանակված վարչակազի ղեկավարի մակարդակով, Եվգենի Բալիցկին փորձագետների այցի խնդրանքին դրական պատասխան է տվել։

«Մենք պատրաստ ենք ցույց տալ, թե ռուսաստանի զինվորականները ինչպես են այսօր պահպանում ատոմակայանը և թե ինչպես է Ուկրաինան, Արևմուտքից ստացած զենքը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերն օգտագործում ատոմակայանը գրոհելու նպատակով», - ասել է Բալիցկին։

Ուկրաինական «Էներգատոմը» նախկինում դեմ էր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցելությանը, գտնելով, որ այդ քայլով լեգիտիմացվում է ատոմակայանի օկուպացիան, բայց երեկ Կիևի արձագանքները փոխվել են։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ միջազգային տեսուչների ներկայությունը անհրաժեշտ է։ Էնեգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, հիշեցնելով, որ ՄԱԳԱՏԷ-ն իր նախկին հայտարարություններից մեկում ուկրաինական պատերազմի մասին ասել էր՝ ռուսական ռազմական գործողություն, նշել է, որ միջազգային այդ կառուցի դիրքորոշումը չափազանց չեզոք է։

Միջուկային սպառնալիքների հասարակական կազմակերպության ղեկավար Նիկոլաս Ռոտը ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը այսօր տագնապ հնչեցնելով շատ կարևոր քաղաքական դեր է խաղում։ «Դա շատ կարևոր է, եթե մենք ցանկանում ենք նվազեցնել ռիսկը։ Մենք տեսնում ենք մի բան, որը ռազմական գործողությունների ընթացքում երբեք չենք տեսել։ Երկիրը միջուկային օբյեկտը որպես թաքստոց է օգտագործում», - նշել է նա։

Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանը գտնվում է Դնեպրի հունով Զապորոժիեից ոչ հեռու Էներգոդարում։ Էներգոդարի ուկրաինացի քաղաքապետ Դմիտրի Օրլովը երեկ ասել է, որ ռուսական ուժերը հրթիռներով Էներգոդարը ռմբակոծել են հարևան գյուղերից, որպեսզի կեղծ մեղադրանքներ ներկայացնեն ուկրաինական կողմին Էներգոդարը ռմբակոծելու և ատոմակայանը վտանգի ենթարկելու մեջ։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անցած երեքշաբթի ռուսական ուժերին մեղադրել էր ատոմակայանի կամ շրջակա տարածքից հերտակոծություններ իրականացնելու մեջ, որին ուկրաինացիները չեն կարող պատասխանել առանց ատոմակայանին հարվածելու ռիսկի։ «Իհարկե, ուկրաինացիները չեն կարող պատասխանել ատոմակայանում սարսափելի աղետի վտանգի պատճառով։ Վաշինգտոնը ծայրահեղ մտահոգված է իրավիճակով»,- ասել է Բլինքենը։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանը օգտագործում է Արևմուտքի վախերի վրա խաղալու համար, մասնավորապես նաև փորձելով թուլացնել արևմտյան երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերող ռազմական աջակցությունը։

Ռուսաստանի պաշտոնյաները պնդում են, որ Ուկրաինային անպատասխանատու է օգտագործում Արևմուտքից ստացած զենքը, ինչի պատճառով միջուկային աղետի ռիսկեր են առաջանում։

Ուկրաինական կողմը պնդում է՝ ատոմակայանի տարածքից ռուսական ուժերը հրետակոծում են Դնեպրի ափին ընկած քաղաքները, շրջակա գյուղերը

Ուկրաինական կողմը պնդում է, որ ատոմակայանի տարածքից ռուսական ուժերը հրետակոծում են Դնեպրի արևմտյան ափին ընկած Նիկոպոլ ու Մարգանեց քաղաքները, շրջակա գյուղերը։

Անցած ամսվա կեսերին ուկրաինական կողմը ռուսներին մեղադրեց ատոմակայանի տարածքում ռազմական տեխնիկա թաքցնելու մեջ, դրանց ապահովելով ուկրաինական հարվածներից։

Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը հաղորդել էր, որ ռուս զինվորականները առնվազն 14 միավոր ռազմական ծանր տեխնիկա, զենք-զինամթերք են մտցրել ատոմակայանի մասնաշենքերից մեկը։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը ևս իր զեկույցներից մեկում հավանական էր համարել ռուսական ռազմական տեխնիկայի առկայությունը ատոմակայանի տարածքում։ Փորձագետները նաև հնարավոր էին համարել, որ հուլիսի սկզբներին ռուսական ուժերը կեղծ դրոշներով հարձակումներ էին կազմակերպել Էներգոդարի մոտ։

Ռուսական ուժերը Զապորոժիեի ատոմակայանը գրավել են մարտի սկզբին, այդ գործողության ընթացքում ԱԷԿ-ի ադմինիստրատիվ մասնաշենքում հրդեհ էր բռնկվել, ինչն առաջացել էր միջազգային հանրության խորը մտահոգությունը։ Զապորոժիեի Ատոմակայանը արդեն ավելի քան հինգ ամիս ռուսական ուժերի վերահսկողության տակ է, այնտեղ ռուսաստանցի զինվորականներն են, բայց աշխատողները ուկրաինացիներ են։

Վեց էներգոբլոկով Զապորոժիեի ատոմակայանը Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG