Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:33 13.7.2022

Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկը ուկրաինական կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով անցած անցած գիշեր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել՝ հանգեցնելով խոշոր հրդեհների։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքին հարվածները հասցվել են ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգից, թիրախավորվել է մասնավորապես Լուգանսկի ռազմաօդային պաշտպանության զորամասը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կիևն առայժմ չի արձագանքել այս մեղադրանքներին:

Վերջին շաբաթներին, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, Ուկրաինայի զինուժը սկսել է ավելի հաճախ հարվածներ հասցնել ռուսական զորքերի թիկունքում գտնվող թիրախներին։ Ամենահզոր հարվածներից մեկը երկուշաբթի գիշերը հասցվել է Խերսոնի շրջանի Նովայա Կախովկային. Ռուսաստանի կողմից վերահսկվող տեղական վարչակազմը հայտարարել է 7 զոհի և մեծ ավերածությունների մասին:

16:29 13.7.2022

Գերմանիայի իշխանությունները որոշել են օգոստոսի 1-ից ամբողջությամբ դադարեցնել ռուսական ածխի գնումը, իսկ դեկտեմբերի 31-ից հրաժարվել նաև ռուսական նավթից։ Այդ մասին այսօր հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կանցլեր Օլաֆ Շոլցի տնտեսական օգնական Յորգ Կուկիսին։

Կուկիսը նաև նշել է, որ այժմ իր երկրի համար առանցքային և շատ դժվար խնդիր կլինի ռուսական գազից հրաժարվելուց հետո այլ լուծումներ գտնելը։

16:27 13.7.2022

Հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնությունների ձեռքբերումը դեռ հեռու է, երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր Ստամբուլում հանդիպում են՝ քննարկելու ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ նախարարության պատվիրակությունն ավելի վաղ այցելել է Մոսկվա և Կիև, և հանդիպումները «դրական արդյունքներ են տվել»։

Օրերս Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար ծովային միջանցքների ստեղծման հարցը քննարկել են Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները. Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին զանգահարել է Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն։

17:22 12.7.2022

Արևմուտքը Ուկրաինային անհատույց ֆինանսական օժանդակության հերթական չափաբաժինն է տրամադրել՝ 1 միլիարդ 700 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Ուկրաինական կառավարության ղեկավարի խոսքով` օժանդակությունը տրամադրվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Համաշխարհային բանկի կողմից ստեղծված հատուկ հիմնադրամի միջոցով։

«Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին և այդ երկրի նախագահին այս անհավանական աջակցության համար», - Twitter-ում գրել է Ուկրաինայի վարչապետը՝ մանրամասնելով, որ տրամադրվող ֆինանսական միջոցները կուղղվեն երկրի առողջապահական համակարգի ընթացիկ ծախսերը հոգալուն։

16:35 12.7.2022

Ուկրաինայի արտգործնախարարը դատապարտել է ուկրաինացիներին Ռուսաստանի քաղաքացիություն պարզեցված տարբերակով տրամադրելու մասին Պուտինի հրամանագիրը: Դմիտրի Կուլեբայի երեկ երեկոյան հրապարակված ուղերձում մասնավորապես ասված է, որ օկուպացված տարածքներում ռուսական անձնագրերի տրամադրումն իրավաբանորեն առոչինչ է, և այդ պրակտիկայի տարածումը Ուկրաինայի բոլոր քաղաքացիների վրա «երկիրը գրավելու կուրսի շարունակությունն է»։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել արևմտյան գործընկերներին ավելի ծանր զենք տրամադրել Ուկրաինային և նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

16:24 12.7.2022

«Ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի պաշարների դուրսբերման հարցով հերթական բազմակողմ բանակցությունները կկայանան վաղը՝ Ստամբուլում», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուս, ուկրաինացի և թուրք զինվորականներից կազմված պատվիրակությունները հանդիպելու են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

16:22 12.7.2022

Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին։ CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի երեկոյան, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս տեղեկատվությունը հիմնված է ամերիկյան հետախուզության հայթայթած տվյալների վրա։

«Ակնկալվում է, որ Իրանը արագացված գրաֆիկով Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային դրոններ կփոխանցի, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինայում ծավալված պատերազմում։ Իրանը այս ամիս արդեն մարզումներ կկազմակերպի ռուսաստանցի զինվորականների համար՝ նրանց փոխանցելով անօդաչու սարքերի կառավարման հմտությունները», - նշել է Սալիվանը։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, սակայն, առայժմ հստակ չէ՝ արդյոք իրանական դրոնների առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան, թե՝ ոչ։

16:19 12.7.2022

Շաբաթ ուշ երեկոյան Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 33-ի, այդ թվում՝ մեկ երեխա: Փլատակներում 9 մարդ ողջ է հայտնաբերվել:

Ռուսական կողմն էլ հաղորդում է, որ իր վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի վրա ուկրաինական հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, մոտ 80-ը՝ վիրավորվել, 7 անձ համարվում է անհետ կորած:

Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական բանակը հարվածները Նովայա Կախովկային հասցրել է հուլիսի լույս 12-ի գիշերը, պայթել են սելիտրայով լի պահեստներ, վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց և քաղաքային այլ ենթակառուցվածքներ։

16:17 12.7.2022

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Օսթինը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է ամերիկյան ռազմական օգնությունը, այդ թվում՝ 400 միլիոն դոլար արժողությամբ վերջին փաթեթը։ Ռեզնիկովն, իր հերթին, խոսել է մարտական գործողությունների գոտում իրավիճակի մասին։

Բացի այդ, ինչպես նշում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը, Օսթինը և Ռեզնիկովը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման օրակարգը, որը կանցկացվի առցանց ձևաչափով հուլիսի 20-ին:

17:56 11.7.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է՝ իր երկրում ռուսական զորքի օպերատիվ դադարի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր անցած օրերին հայտարարել, որ ռուսական զորքերը Դոնբասում դադար են վերցնում հանգստանալու և իրենց մարտական կարողությունները վերականգնելու համար։

«Նրանք, ովքեր հորինել են այդ «դադարը»… ուկրաինական բանակը դիմանում է, պինդ է և տարբեր ուղղություններով հարձակումներ է կատարում», - երեկ ուշ երեկոյան իր հերթական տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով` ռուսական օդուժը միայն վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բնակելի շրջաններին` թիրախավորելով բացառապես քաղաքացիական կառույցներ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG