Մատչելիության հղումներ

Զելենսկին հերքում է ռուսական զորքի օպերատիվ դադարի լուրերը, հանձնարարում հարավային շրջանների ազատագրման պլան մշակել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է՝ իր երկրում ռուսական զորքի օպերատիվ դադարի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր անցած օրերին հայտարարել, որ ռուսական զորքերը Դոնբասում դադար են վերցնում հանգստանալու և իրենց մարտական կարողությունները վերականգնելու համար։

«Նրանք, ովքեր հորինել են այդ «դադարը»… ուկրաինական բանակը դիմանում է, պինդ է և տարբեր ուղղություններով հարձակումներ է կատարում», - երեկ ուշ երեկոյան իր հերթական տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով` ռուսական օդուժը միայն վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բնակելի շրջաններին` թիրախավորելով բացառապես քաղաքացիական կառույցներ։ Մասնավորապես, Դոնեցկի մարզի Չասով Յարի և Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի` Խարկովի հրթիռակոծության հետևանքով ավերվել են բնակելի շենքեր, հաղորդվում է տասնյակ զոհերի և վիրավորների մասին։

Ռուսաստանը, որը հայտարարում է, թե իր «հատուկ ռազմական գործողության» նպատակն Ուկրաինան ապառազմականացնելն է, հերքում է պատերազմում խաղաղ բնակիչներին թիրախ դարձնելու մասին Կիևի մեղադրանքները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ` Չասով Յար քաղաքում «ցամաքային գերճշգրիտ զենքով» ոչնչացվել է «Ուկրաինայի զինված ուժերի 118-րդ տարածքային պաշտպանության բրիգադի ժամանակավոր տեղակայման կետը»։ Ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը պնդում է նաև, որ հարվածների հետևանքով սպանվել է «ավելի քան երեք հարյուր ազգայնական»։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի համաձայն` ռուսաստանյան զինուժի օպերատիվ դադարը, այդուհանդերձ, շարունակվում է, լայնածավալ հարձակումներ չկան։ Կառույցի տվյալներով` ռուսաստանյան զորքը այժմ վերախմբավորվում է, հանգստանում և սպառազինություն` ստանում պլանավորված հարձակումները շարունակելու համար։

Զելենսկին հանձնարարել է հարավային շրջանները ռուսական զորքերից ազատագրելու գործողությունների պլան մշակել

Մինչ այդ Ուկրաինայի նախագահը ռազմական ղեկավարությանը հանձնարարել է հարավային շրջանները ռուսական զորքերից ազատագրելու գործողությունների պլան մշակել։ Այս մասին Times պարբերականի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ուկրաինայի հարավում, հիշեցնենք, ռուսական ուժերի վերահսկողության տակ են Խերսոնի շրջանը, Զապորոժյեի և Խարկովի շրջանների մի մասը։ Այս տարածքների գրավմամբ Ռուսաստանը կարող է ցամաքային ուղի հարթել դեպի Ղրիմի թերակղզի։ Ռեզնիկովի խոսքով` ուկրաինական զինված ուժերի անձնակազմի թիվը հասնում է մոտ 700 հազարի, և ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն մարդ կարող է ներգրավվել ռազմական գործողություններում՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի, ոստիկանության և սահմանապահների հետ միասին։

Ռեզնիկովի հայտարարության ֆոնին` պաշտոնական Կիևը հաղորդագրություն է տարածել Խերսոնի շրջանում Իվանովկա գյուղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին։

«Զինծառայողների բարդագույն աշխատանքի շնորհիվ հաջողվել է վերահսկողություն հաստատել հերթական բնակավայրի նկատմամբ։ Ռուսաստանյան օկուպանտներից Իվանովկայում մնացել են սարսափելի հիշողություններ և «մահացած» ռազմական տեխնիկա», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը օկուպացված հարավային շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել՝ ուկրաինական բանակի սպասվող հարձակումների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու նպատակով։

«Մեր բանակը հակահարձակում է սկսում։ Ես չգիտեմ, թե ինչ ժամանակաշրջանի մասին է խոսքը, բայց գիտեմ, որ այնտեղ կանայք և երեխաներ չպետք է լինեն։ Նրանք չպետք է կենդանի վահան դառնան Ուկրաինայի զինված ուժերի և թշնամու միջև։ Ակնհայտ է, որ թշնամին պետք է ոչնչացվի։ Հասկանալի է, որ կլինեն մարտեր, կլինեն հրետանային գնդակոծություններ, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում անհապաղ տարհանվել», - հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետը։

Կրեմլը պարզեցնում է ուկրաինացիներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը

Մինչ Ուկրաինան պատրաստվում է ազատագրել օկուպացված շրջանները, Կրեմլը պարզեցնում է Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։ Նախկինում պարզեցված ընթացակարգ էր գործում Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես Խերսոնի և Զապորոժյեի շրջանների բնակիչների համար։ Այսօր հրապարակված պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան պատրաստ է նաև քաղաքացիություն տրամադրել Ուկրաինայում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց։

Խերսոնում, ի դեպ, ռուսական զորքերի կողմից նշանակված իշխանությունները անցած շաբաթներին հայտարարել են Ուկրաինայի այդ մարզը Ռուսաստանին միացնելու հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ Ռուսամետ ժամանակավոր վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովի փոխանցմամբ` քվեարկությունը կարող է տեղի ունենալ աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG