- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք գագաթնաժողովում դաշինքը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ փաստաթղթում Ռուսաստանը կհայտարարվի «էական և ուղիղ սպառնալիք դաշինքին»:
Բացի այդ, հայեցակարգում ՆԱՏՕ-ն կներկայացնի իր դիրքորոշումը համաշխարհային գերտերություն Չինաստանի նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանին անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առնվազն 170 հազար աշխատակից: Այդ մասին Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովում ասել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Յուրի Զուբովը:
Նրա խոսքով՝ մասնագետների պակասի հիմնական պատճառը դարձել է երկրից նրանց արտագաղթը, որը սկսվել է, երբ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի»՝ շատ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը Կալինինգրադ սանկցիոն բեռի փոխադրման արգելքի կապակցությամբ որոշի դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ մասին ասել է Լիտվայի նախագահ Գինտանաս Նաոսեդան: Միաժամանակ նա նշել , թե չի կարծում, որ Կալինինգրադի խնդիրը կհանգեցնի ռազմական առճակատման:
Այդպես նա արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, թե «Ռուսաստանն անպայման ցավոտ պատասխան կտա Լիտվայի թշնամական ակցիային»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության 27 երկրները հունիսի 23-ից 24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում հավանություն կտան Ուկրաինային և Մոլդովային անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշմանը: Այդ մասին հայտնել է Եվրամիության մի բարձրաստիճան անանուն պաշտոնյա:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ինդոնեզիայում «Մեծ քսանի» նախարարական հավաքում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի հանդիպում չի լինի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մտադիր է մասնակցել Ինդոնեզիայում հուլիսի 7-ից 8-ը գումարվող «Մեծ քսանի» արտգործնախարարների խորհրդաժողովին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագրեր տրամադրել ռուսաստանցի օրենսդիրներին, ովքեր ցանկանում էին մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը պետք է գումարվի հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի քաղաքապետարանի որոշմամբ՝ Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հասցեն փոխվել է այն բանից հետո, երբ շենքի մոտ գտնվող հրապարակն անվանվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ»:
«Հին հասցեն չեղարկվել է», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ռուսական ուժերը ետ են մղել ուկրաինական ստորաբաժանումների գրոհը Սև ծովում գտնվող Զմեինի կղզու վրա:
Ուկրաինական աղբյուրները հայտնում են Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար ընթացող թեժ մարտերի մասին: Ուկրաինացիները երկուշաբթի օրը չեն կարողացել գրավել Զմեինի կղզին, սակայն ծանր հարվածներ են հասցրել գազարդյունահանման երկու պլատֆորմներին, որոնք ռուսներն օգտագործել են նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության համար:
Ռուսները պնդում են, որ գրոհի ընթացqում ռադարները RQ-4 Global Hawk ամերիկյան հետախուզական անօդաչու են նկատել Զմեինի կողզու մոտակայքում:
Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ` ռուսական ուժերը Լիսիչանսկից հարավ երկու գյուղ են գրավել և մոտենում են երկու այլ գյուղի:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Փարիզը հայտարարում է՝ Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Եվրոպական խորհրդի նիստը, որը կկայանա հունիսի 23-24-ը Բրյուսելում, հիմնականում նվիրված կլինի Ուկրաինային և թեկնածու երկրների կարգավիճակի համար դիմումների քննարկմանը, հայտարարել է ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարը:
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին դրական եզրակացություն է տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, իսկ Վրաստանին այն կտրամադրվի մի շարք պայմանների կատարումից հետո միայն։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական բանակի կորուստների մասին երկրի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինացի 10 հազար զինվորական է զոհվել, 30 հազարը վիրավորվել են։
Այսօրվա դրությամբ ռազմաճակատի ծայրահեղ ծանր իրավիճակը Սևերոդոնեցկ քաղաքում է։ Մարտերն արդեն ընթանում են քաղաքի արդյունաբերական շրջանում։ Ուկրաինական ուժերը մնացել են միայն քիմիական «Ազոտ» գործարանի տարածքում, որտեղ նաև մոտավորապես 300 խաղաղ բնակիչ կա։ Այս մասին հայտնել է Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը, հարևան Լիսիչանսկի մասին ասելով, որ այնտեղ աղետալի ավերածություններ են՝ ռուսական ուժերը տասնյակ բնակելի շենքեր են հրետակոծել։
Երկու քաղաքները կապող բոլոր կամուրջները պայթեցված են։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի մարզի վերջին բնակավայրերն են, որտեղ դեռ ուկրաինական ուժեր կան։