Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակը 10 հազար զոհ է տվել, 30 հազար վիրավոր


Սևերոդոնեցկ քաղաքը
Սևերոդոնեցկ քաղաքը

Ուկրաինական բանակի կորուստների մասին երկրի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինացի 10 հազար զինվորական է զոհվել, 30 հազարը վիրավորվել են։

Այսօրվա դրությամբ ռազմաճակատի ծայրահեղ ծանր իրավիճակը Սևերոդոնեցկ քաղաքում է։ Մարտերն արդեն ընթանում են քաղաքի արդյունաբերական շրջանում։ Ուկրաինական ուժերը մնացել են միայն քիմիական «Ազոտ» գործարանի տարածքում, որտեղ նաև մոտավորապես 300 խաղաղ բնակիչ կա։ Այս մասին հայտնել է Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը, հարևան Լիսիչանսկի մասին ասելով, որ այնտեղ աղետալի ավերածություններ են՝ ռուսական ուժերը տասնյակ բնակելի շենքեր են հրետակոծել։

Երկու քաղաքները կապող բոլոր կամուրջները պայթեցված են։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի մարզի վերջին բնակավայրերն են, որտեղ դեռ ուկրաինական ուժեր կան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը այսօրվա ճեպազրույցում ասել է, որ Սևերոդոնեցկի ուղղությամբ ուկրաինական զորքերի վրա տարբեր տրամաչափի հրետանային կրակը շարունակվում է։

«Սևերոդոնեցկի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու գրոհները չեն դադարում», - ասել է Շպուտունը՝ նաև հայտնելով, որ մոտակա բնակավայրերը ենթարկվել են ռուսական ավիահարվածների։

ԱՄՆ-ում գործող պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, նշում է, որ Սևերոդոեցկի մարտերում այս շաբաթը կարող է վճռական լինել՝ ռուսական ուժերը կփորձեն ամբողջությամբ գրավել քաղաքը, մաքրել «Ազոտ» գործարանի տարածքն ու ավարտել ուկրաինական ուժերին շրջափակելու գործողությունը։

Այսօր օրվա երկրորդ կեսին ռուսական պետական «Ռիա Նվոստի» գործակալությունը կարճ տեսանյութ է հրապարակել, պնդելով, թե «Ազոտ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինացի մի խումբ զինվորականներ առանց դիմադրության վայր են դրել զենքը և հանձնվել։ Ուկրաինական կողմից դեռ մեկնաբանություն չկա։

Լեհ վերլուծաբան Կոնրադ Մուզիկան «Թվիթերի» իր բլոգում գրել է, որ Լիսիչանսկի տակ ուկրաինացիների համար իրավիճակը ավելի մռայլ է դարձել։ Ռուսական ուժերը Տոշկիվկա - Ուստինովկա շրջանում ճեղքել են պաշտպանությունը և գտնվում են Լիսիչանսկից 7 կիլոմետր հեռավորության վրա։

«Ինչպես նախկինում ասել էի, Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերեր Սևերոդոնեցկից և կենտրոնանար այդ շրջանի պաշտպանության վրա»,- գրել է նա։

Լիսիչանսկը հրետակոծությունից հետո
Լիսիչանսկը հրետակոծությունից հետո

Դոնեցկի մարզի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ ռուսական ուժերի հրետակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մարզի գյուղերում երեք բնակիչ է զոհվել: Նա նաև հայտնել է, որ անցած գիշերվա հրետակոծությունից Ավդեևկա ավանում ավերվել է Համար 6 դպրոցը, սա արդեն այդ քաղաքում ոչնչացված երրորդ դպրոցական շենքն է, իսկ ընդհանուր առմամբ Դոնեցկի մարզում շուրջ 200 դպրոցական շենք է վնասվել։

Խարկովի ուղղությամբ չնայած ռուսական ուժերը նահանջել էին և վերջին շրջանում նրանց գործողությունները հիմնականում ուղղված էին դիրքերը ամրապնդելու վրա, որպեսզի ուկրաինական ուժերին թույլ չտան հասնելու մինչև պետական սահմանը, այնուամենայնիվ, վերջին օրերին ռուսները վերսկսել են հրետակոծել Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը։ Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովն ասել է, որ նախօրեին երեք մարդ է զոհվել։

Ուկրաինական ուժերի կողմից Սև ծովում նախօրեին հրթիռակոծված ռուսական նավթային պլատֆորմներից մեկի հրդեհը մինչև հիմա շարունակվում է։ Յոթ մարդ դեռ համարվում են անհետ կորած։ Մյուս երկու պլատֆորմները թեթև են վնասվել։ Հրթիռակոծության պահին բոլոր երեք պլատֆորմների վրա 100 մարդ է գտնվել:

Բրիտանական ռազմական հետախուզության այսօրվա ամփոփագիրը վերլուծում է Սև ծովում ստեղծված իրավիճակը։ Բրիտանացիները նշում են, որ Ռուսաստանին չի հաջողվել ամբողջությամբ վերահսկողություն սահմանել ծովի վրա։ Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը մի քանի նավ է կորցրել, այդ թվում՝ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» հածանավը։ Իսկ հունիսի 17-ին ուկրաինական կողմը հայտնեց ԱՄՆ-ից ստացած «Հարպուն» տեսակի հրթիռները առաջին անգամ հաջողությամբ կիրառելու ամսին։

Հրթիռակոծվել էր «Վասիլի Բեխ» փրկարարական նավը, որը զենք ու զինվորներ էր տեղափոխում օկուպացված Զմեինի կղզի։ Ուկրաինայի առափնյա պաշտպանությունը թույլ չի տալիս ռուսական ուժերի տեղափոխում Սևծովյան հյուսիս-արևմտյան շրջաններ, այդպիսով խառնելով Օդեսայի վրա ցամաքից սպառնալիքներ ստեղծելու Ռուսաստանի սկզբնական պլանները, գտնում են բրիտանացի ռազմական փորձագետները։

Ուկրաինական կողմն այսօր հայտնել է մեկ այլ հարվածի մասին։ Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հաստատել է, որ տարբեր զինատեսակներից հրետակոծվել է Զմեինի կղզին, որտեղ տեղակայված ռուսական կայազորը զգալի վնասներ է կրել։ Ռուսական կողմը պնդում է, որ կղզու վրա արձակված հրթիռները չեզոքացվել են, ոչ մեկը տեղ չի հասել։

Սև ծովի հյուսիս-արևմուտքում ընկած Զմեինի փոքր կղզին ռուսները գրավել էին պատերազմի առաջին օրը։ Այն Օդեսայից գտնվում է 140 կիլոմետր հեռավորության վրա և ավելի մոտ է Ռումինիայի ափին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG